Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2008-ից անտառային հրդեհներն ավելացել են. հրդեհների մեծ մասը հանդակների այրումն է

Օգոստոս 28,2017 15:00

Բնապահպան-փորձագետն ասում է՝ «Անգղը վերադարձել է Խոսրովի անտառ՝ սատկած կենդանիների լեշերը հոշոտելու, այլ ոչ այն պատճառով, որ կենդանական աշխարհն է վերականգվել»:

Մարդը խնամքով չի վերաբերվում բնությանը, անգամ տեղեկացված էլ չէ, թե՝ ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի, եւ ի՞նչ չի կարելի անել բնության եւ շրջակա միջավայրի պահպանման բնագավառում:

Քիմիկոս, բնապահպան-փորձագետ Հրաչիկ Միրզոյանը ուսումնասիրել է անտառային հրդեհներն ու դրանց քանակը եւ պարզել՝ Հայաստանում տարեցտարի անտառային հրդեհների քանակն ավելանում է:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Միրզոյանն ասաց, որ անտառային հրդեհի բնորոշումը կառավարության որոշմամբ տրված է, այն է՝ բուսական ծածկույթի, մասնավորապես անտառի անվերահսկելի այրում: Այս որոշման մեջ նաեւ նշված են անտառային հրդեհների առաջացման պատճառները:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի եւ Արտավանի խոշոր հրդեհները, պարոն Միրզոյանի կարծիքով՝ մարդածին են: Միրզոյանը նկատեց՝ հասարակությանը ճիշտ չի մատուցվում, թե ինչից է առաջանում անտառային հրդեհը: Բնական ճանապարհով առաջացող անտառային հրդեհները Հայաստանում քիչ հավանական են: Միրզոյանի ներկայացմամբ՝ ամենից հաճախ նշում են կայծակները, սակայն մեր երկրում հզոր ամպրոպին եւ կայծակին հետեւոմ են հորդառատ անձրեւները: Ուստի Հայաստանում հրդեհների մեծ մասը մարդածին են. «Եթե սա չգիտակցենք, ապա խնդիր կունենանք հետագայում հրդեհները մարելու եւ կանխելու հարցում»:

Փորձագետը նշեց, որ քիչ չեն դեպքերը, երբ անտառային հրդեհների պատճառ են դառնում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի տեղակայվածությունը անտառային տարածքներում կամ խոտածածկ տեղերում: Այսպիսի տեղանքներում նախատեսվում են սանիտարական գոտիներ՝ ծառերը պետք է որոշակի բարձրության վրա լինեն լարերից, որպեսզի կայծ չառաջանա: Հակառակ դեպքում, կա լուրջ վտանգ անտառային հրդեհի. «Այս դեպքում խնդիրը էլի մարդկային անփութությունն է, երբ այդ տարածքները պատշաճ խնամքի չեն ենթարկվում, կամ նորմատիվները չեն պահպանվում»:

Միրզոյանը տվյալներ մեջբերեց «Ֆորեստ մոնիտորինգ» աղբյուրից, ըստ որի 2008 թվականին գրանցվել է 8 անտառային հրդեհ, 2009-ին՝ 17, 2010-ին՝ 49, 2011-ին՝ 59, 2012-ին՝ 51 անտառային հրդեհ: Իսկ թե 2012 թվականից հետո ինչ ցուցանիշներ են գրանցվել, փորձագետը որեւէ աղբյուր չի գտել:

«Բայց եղած թվերից պարզ է, որ կտրուկ աճ է գրանցվել: Բացի այս, 2008-ի 8 անտառային հրդեհներից ընդամենը 3-ն են գյուղատնտեսական հանդակների այրման արդյունքում առաջացել, 3-ը՝ անփութության, 1-ը՝ կայծակի, մյուսը՝ էլեկտրալարերի: 2009-ին 17 հրդեհներից 15-ը գյուղատնտեսական հանդակների այրման հետեւանքով են, այսինքն՝ խոզանի այրման արդյունքում: 2010-ին՝ 49 հրդեհներից 46-ը կրկին խոզանի կամ բուսական մնացորդների այրման հետեւանքով: 2011-ին ՝ 59 հրդեհներից 46-ը գյուղատնտեսական տարածքում բուսածածկույթի այրման, այսինք արտերը, չոր խոտն են այրել»,-նշեց Միրզոյանը: Նրա խոսքերով՝ հրդեհը բնապահպանական խոշոր աղետ է, իսկ մեր հասարակությունը լավ չի պատկերացնում այդ աղետի հետեւանքները. «Մենք պետք է հասկանանք՝ մարդը ոչ թե բնության պսակն է, ինչպես ներկայացնում են մեզ, այլ բնության մի բաղադրիչը, եւ շրջակա միջավայր ասելով՝ մենք հասկանում ենք մարդկային կերպարը, սոցիալական բացադրիչը: Թե չէ, մենք վեր ենք դասում մեզ բնությունից»:

Ինչ վերաբերում է խոզանների այրմանը, ապա փորձագետը նշեց, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում արդյունքում: Մարդիկ կարծում են, ինչպես Միրզոյանն ասաց, այրում են՝ ուրեմն հողերը պարարտանում են մոխրով, սա սխալ տեղեկատվություն է. «Խոզանների այրման արդյունքում մոխիրը արագ տարածվում է քամու միջոցով, եւ հետո մոխիրը հիմնայնացնում է հողը, հրդեհից հետո փոխվում է տարածաշրջանի բուսական կազմը: Միամյա բույսերը, որոնք չորանում են՝ սերմ են տալիս, սերմը այրվում է հողի մակերեսին, բուսական կազմը եկող տարի վերականգնվում է, բայց այլ տեսքով»:

Անդրադառնալով օրենսդրությանը, փորձագետը նշեց, որ խոզանների այրումը օրենքով պատժելի արարք է. «Մթնոլորտային օդի պահպանության օրենքով արգելվում է բուսական մնացորդների, խոզանների այրում: Դրա արդյունքում օդն աղտոտվում է եւ վնասկար գազեր է նետում մթնոլորտ: Վարչական իրավախախտումների մասին օրենքով էլ խոզանն ու բուսական մնացորդներն այրելու համար զգալի տուգանքներ են սահմաված: Չեմ հիշում մի դեպք, որ մարդը խոզանը կամ բուսական մնացորդն այրելու համար պատժված լինի: Մարդիկ անպատիժ են մնում հանդակներն ու բուսական մնացորդները այրելու համար»:

Ինչ վերաբերում է Խոսրովի անտառի հրդեհին, Միրզոյանը վստահեցնում է՝ դա լուրջ աղետ է. «Կենդանական աշխարհ ասելով շատերը պատկերացնում են, թե թռչունները թռնում են, մողեսները սողում են, եւ այլն, մոռանում ենք, որ կա մի մեծ խիստ բազմազան աշխարհ՝ միջատներ, որոնք կեր են հանդիսանում այլ կենդանիների ու թռչունների համար: Եթե թռչունները գնացին այլ տեղ բնադրվեցին, նրանք կեր չունեն նոր բնադրավայրում: Հաղորդագրություն էին տարածել, թե կենդանիները վերադարձել են, անգղերը վերադարձել են: Անգղը լեշակեր է, նա վերադարձել է հրդեհից սատկած կենդանիների լեշը հոշոտելու: Չի նշանակում, որ վերադարձել է, ուրեմն՝ կենդանական աշխարհը վերականգնվում է:

Պետք է հասկանալ, որ այն կենդանիները, որոնք ճողոպրել են անտառից, աղետալի վիճակում են, նրանք գաղթականից էլ վատ վիճակում են: Մարդիկ պետք է ուշադիր լինեն նրանց, հոգատար լինեն նրանց նկատմամբ:

Բացի այս, հրդեհից հետո հողի էրոզիա է առաջանում, որովհետեւ մերկանում է բուսականությունից: Էլ չեմ խոսում մթնոլորտը աղտոտելու մասին, որովհետեւ հրդեհի արդյունքում վնասակար գազեր են արտադրվում, մասնավորապես ածխաթթու եւ շմոլ գազ, որոնք աղտոտում են մթնոլորտը, ծխի մասնիկներն էլ, որոնք մթնոլորտ են թափանցել՝ ստեղծում են աղետալի վիճակ»:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, Խոսրովի անտառի եւ Արտավանի հրդեհներն ու ընդհանրապես հրդեհների աճը, փորձագետը հարց է բարձրացնում՝ «Մարդն ուզո՞ւմ է ապրել իր բանական միջավայրում: Բնական ժառանգությունն ու դրա պահպանումը մեզ համար պետք է դառնա ազգային գերխնդիր: Այս հրդեհները պետք է պատճառ լինեն, որպեսզի իշխանությունները ուշքի գան եւ հասկանան, որ մի կարեւոր հարցում՝ բնության պահպանության հարցում թերացել են:

Ունենք բազմաթիվ բացթողումներ իշխանության եւ հասարակության կողմից, եւ պետք է հրատապ քայլեր ձեռնարկել բնության պահպանության ուղղությամբ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031