Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախկին քիմպրոմցիների «համբերության բաժակը» լցվել է

Օգոստոս 28,2017 14:30

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց չվճարված աշխատավարձերը: Ընկերությունը դատարանի որոշմամբ 153 աշխատակցի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ:

Հունիս-հուլիս ամիսներին՝ մոտ մեկ ամիս, քիմպրոմցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում գործարանի բակում, նրանք փակել էին գործարանի մուտքը:

Այդ ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներին էր հանդիպել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը: Վերջինս խոստացել էր մինչեւ հուլիսի 21-ը աշխատավարձի խնդիրը լուծել:

«Եկավ մեր առաջ կանգնեց տղամարդու խոսք տվեց, համոզիչ ու հուսադրող բառեր ասեց: Մենք էլ հավատացինք, որ իսկապես ինչ-որ քայլեր են ձեռնարկում մեր հարցի լուծման համար: Հավատացինք, բայց հիմա, զգում ենք, որ էլի խաբված ենք, էլի չտվեցին աշխատավարձերը: Բոլորս էլ կարիքի մեջ ենք: Դա էլ մեր հալալ քրտինքով աշխատած փողերն են, ո՞նց թողնենք»,- ասում է ընկերության նախկին աշխատակից Զորիկ Բաբաջանյանը:

Հանդիպումից հետո, սակայն որեւէ մեկի աշխատավարձի պարտքը չի մարվել: Աշխատակիցները կրկին սպասում են որեւէ պատասխանի:

«Եկավ, ասաց ժողովուրդ ջան, դուք մի հատ ցուցակ կազմեք, ներկայացրեք, մի քանի օրվա ընթացքում ես խոստանում եմ ձեր հարցը կարգավորել: Վերեւներում խոսացել եմ, հարցը լուծված է: Մենք էլ հավատալով իրեն, անցավ մոտավորապես մի ամիս, զանգում ենք ինքը չկա, անհասանելի է համարը: Վերջապես մեր զանգերին պատասխանեց, ասաց հինգշաբթի օրվա կառավարության նիստում պետք է քննարկվեր հարցը: Ասաց, ինձ թվում է, որ հարցը լուծում կստանա, ես ձեզ տեղյակ կպահեմ: Ու մինչեւ հիմա զանգում ենք, էլի անհասանելի»,- մեզ հետ զրույցում պատմեց «Քիմպրոմ»-ի նախկին աշխատակից Աշոտը:

6 տարի շարունակ աշխատավարձի սպասող նախկին քիմպրոմցիներն ասում են, որ այլեւս ոչ ոքի չեն հավատում. «Մեր համբերության բաժակն արդեն լցվել է: Ցավալին այն է, որ գոնե ինքը զանգեր ասեր, ժողովուրդ ջան մի 10 օր էլ համբերեք, կլինի աշխատավարձը: Մենք սուսուփուս էլի կհամբերեինք: Բայց սա արհամարհանք է, արդեն որերորդ անգամն է խաբում է մեզ»,- սրտնեղած ասում են աշխատակիցները:

Նրանք խոստանում են, եթե առաջիկայում խնդիրը լուծում չստացավ, այլ քայլերի են դիմելու:

Իրավիճակի վերաբերյալ մենք եւս փորձեցինք կապ հաստատել Կարեն Ասատրյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսահամարն անհասանելի էր:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031