Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Խորհրդայնությունը» ջնջելու մոլուցքը ճիշտ չէ»

Օգոստոս 28,2017 14:00

Ըստ Սամվել Խուդոյանի՝ եղել են խորհրդային
գործիչներ, որոնք ծաղկեցրել են Հայաստանը

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երեւանի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են կոմունիստ եւ բոլշեւիկ հայտնիների անունները: Այդ շարքում են Խորհրդային Հայաստանի գործիչներ՝ Անաստաս Միկոյան, Ալեքսանդր Մյասնիկյան, Սարգիս Կասյան…: «Խիստ ընտրովի սկզբունքով պետք է մոտենալ հարցին, այն դնել ժողովրդական քննարկման եւ հասկանալ՝ ժողովուրդն ինչպե՞ս է ուզում: Օրինակ, Մյասնիկյանը բավականին դեր է ունեցել մեզ համար: Կասյանի հետ կապված վեճերն են շատ, բայց, օրինակ, Ֆրունզեի անվան փողոցը հաստատ կարելի է անվանափոխել»,-«Առավոտի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նկատեցինք՝ բայց չէ՞ որ շատերն անգամ չգիտեն, թե ով է Կասյանը: Հոգեբանն այսպես արձագանքեց. «Անգամ ես չգիտեմ՝ ո՞վ է, իմ սերունդը դա չգիտի, գուցե գիտի իմ նախորդ սերունդը: Բայց այնքան էլ կարեւոր չէ իմանալը: Մի անգամ տաքսու վարորդը հարցրեց՝ «ո՞վ է այդ Օրբելին»: Երկար-բարակ բացատրեցինք, լսեց ու վերջում ասաց՝ «հա, արժի…»: Այնպես որ, եթե մարդը հետաքրքրվում է, կարող է իմանալ»: Սամվել Խուդոյանն ընդգծում է՝ եղել են խորհրդային գործիչներ, որոնք կործանել են Հայաստանը, եւ հակառակը. «Ամեն դեպքում, խորհրդային գործիչների դերը հայ ժողովրդի համար տարբեր է եղել: Մյուս կողմից, այդ ամենը պատմություն է: Այդ խորհրդային գործիչներն են մեր քաղաքը կառուցել: Մտածել, որ խորհրդային է, ուրեմն՝ վատն է, սխալ է: Պատմությունը պետք է հարգել: Իհարկե, եթե Բերիայի անվան փողոց լիներ, շատ սխալ բան կլիներ: Առհասարակ, «խորհրդայնությունը» ջնջելու մոլուցքը սխալ եմ համարում: Հայաստանը ծաղկել է Խորհրդային Միության տարիներին, եւ խորհրդայինը հանել-գցել մի կողմ՝ աբսուրդ է: Եղել են ծաղկեցնողներ… օրինակ՝ Կարեն Դեմիրճյանին «Կարեն շինարար» էին ասում, նրա անվան Մարզահամերգային համալիր ունենք, ի՞նչ է՝ դե՞ն նետենք այդ անունը, չէ՞ որ նա իսկապես ծաղկեցրել է Երեւանը: Նրանից առաջ եւ հետո շատերն են ծաղկեցրել Երեւանը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ երբ հայտնի անձն այդ փողոցում ապրել է, եւ նրա անունով է փողոցը կոչվում, դա տրամաբանական է եւ ողջունելի: Ընդունելի չէ, երբ պատահական անձանց անուններով են փողոցներ կոչում. «Մեզանում ընդունված է ինչ-որ դարաշրջանի «լավ տղերքի»՝ պետական պաշտոնյաների անուններ դնել, որոնք «եսիմ ինչեր» են արել… Դա պետք է բացառվի»: Սամվել Խուդոյանը նաեւ նշում է՝ սովորության ուժով շատերը փողոցը կամ քաղաքը հին անունով են կոչում, օրինակ՝ Գյումրիին Լենինական են ասում. «Որոշակի ժամանակ է պետք, սերունդներ պետք է փոխվեն, որ նոր անունն ընկալելի լինի: Օրինակ, դուք գիտեի՞ք, որ Ծաղկաձորը Դարաչիչակ է կոչվել»:

Հավելենք, որ խորհրդային գործիչների անունները կրող փողոցների եւ դպրոցների անվանափոխության հարցը «ԵԼՔ»-ը մտադիր է քննարկել սեպտեմբերին՝ ավագանու նիստերի ժամանակ:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031