Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դրախտիկ»-ից խոպան 3-4 ամսով են գնում

Օգոստոս 28,2017 13:00

Ասում են «Դրախտիկ» գյուղի անունը Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում է հանդիպել (12-րդ դար), բայց անվան որեւէ բացատրություն չկա։ Գյուղի նախկին անունը՝ Թոխլուջա է, եղել: 1991 թվականին է վերանվանվել իր հին անունով:

Դրախտիկը Գեղարքունիքի մարզում է, Արեգունի լեռների հարավային լանջին, Սեւանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին:

Գյուղապետ Վալենտին Պետրոսյանն ասում է` այնպես չէ, որ գյուղում նոր տներ չեն կառուցվում: Գյուղի սկզբնամասում փլված տների կողքին նորերն էլ էին կառուցվում:

Գյուղապետ Վալենտին Պետրոսյանի խոսքով՝ ճանապարհից ներս ընկած հատվածում «դրախտային» վայրեր կան, բարեկեցիկ ապրող ընտանիքներ` նույնպես: Ավելի ներս ընկած հատվածում մարդիկ ամառանոցներ էլ ունեն:

«Գյուղն ունի նախակրթարան, դպրոց, բուժկետ»,-ասում է այս համայնքի ղեկավարը: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ եւ հացահատիկի մշակությամբ: Արտագնա աշխատանքի մեկնողներ էլ ունեն, սակայն, ինչպես մեր զրուցակիցն է վստահեցնում, 3-4 ամսից ավել իրենց գյուղի տղամարդիկ «խոպանում» չեն մնում, վերադառնում են: Դրանով պայմանավորված էլ արտագաղթն էլ այս գյուղում մեծ չափերի չի հասնում: Ասում է` գյուղի տղամարդիկ հիմնականում Մոսկվայում են աշխատում:

Գյուղապետ Պետրոսյանը արտագաղթի մասին մեր հարցին, վստահեցնում է, որ իրենց գյուղի բնակչությունը չի պակասել, մի բան էլ աճել է. միայն անցյալ տարի Դրախտիկում 26 երեխա է ծնվել:

«Մի դասարանում 5-7 աշակերտ է լինում կամ դասարան կա 8 երեխայով է կամ՝ 12-15 աշակերտով: Պատկերացնում եք` հիմա 26-ն է լինելու»,-ասում է գյուղապետը:
Դրախտիկը Սեւանա լճի ափից մոտ 2-3 կիլոմետր է հեռու: Այս գյուղի բնակչությունն էլ որսի թույլատրման շրջանում օգտվում է լճի բարիքներից, սակայն լիճը նրանց հիմնական եկամտի աղբյուրը չէ, ինչպես որ շրջակա այլ գյուղերի բնակիչների համար է:
Համայնքների միավորման ծրագրի շրջանակներում, շատ շուտով Դրախտիկն էլ այլ գյուղերի հետ կմիավորվի: Դրախտիկը կմիանա այս մարզի Աղբերք, Շորժա, Արդանիշ, Ջիլ, Ծափաթաղ գյուղերին:

Այլ գյուղերի բնակիչների պես դրախտիկցիները չեն խառնվել պետության գործերին եւ որեւէ դեմ կամ կողմ կարծիք չեն արտահայտել միավորման առնչությամբ: Գյուղապետն ասում է` մեր գյուղում «պոլիտիկայով» չեն զբաղվում, գյուղի գործերով են զբաղվում:

Միավորումը գյուղապետի սրտո՞վ է, մեր հարցին՝ էլ պատասխանում է. «Եթե որոշել են, ուրեմն այդպես են հարմար գտել, ինձանից ավելի լավ խելացի մարդիկ են այդ ամենը մտածել»:

Գյուղապետի խոսքով, համայնքն այս պահին 1100 բնակիչ ունի, 385 տնտեսությամբ:
Հացահատիկային կուլտուրաները նախկինի պես չեն մշակում, գյուղապետն ասում է, որ գյուղում 7-8 ընտանիք է այս գործով զբաղվում, որոնց մշակած ցանքատարածությունները մեկ-երկու հեկտար են: Մեր հարցին, թե բացի անասնապահությունից ու հողագործությունից կա՞ն աշխատատեղեր, պարոն Պետրոսյանը պատասխանեց, որ գյուղացիների մի մասը աշխատանքի են անցել էլեկտրաէներգիայի ենթակայանում, դպրոցում, նախակրթարանում, բուժկետում, երիտասարդներից շատերն էլ պայմանագրային ծառայությամբ են գումար վաստակում:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031