Երեւան վերադառնալով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը Aravot.am-ի հետ զրույցում գնահատեց Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկած մեր ըմբիշների մրցելույթները.
Կուրղինյանը երկու բրոնզե մեդալը ( Գեորգի Կետոեւ եւ Լեւան Բերիանիձե) նորմալ արդյունք է համարում: «Ցանկանում էի, որ բոլոր տղաները գոտեմարտեն ամբողջ ուժով, մինչեւ վերջ: Այդ ժամանակ մեդալներ կլինեին:
Գարիկ Բարսեղյանից, Վալոդյա Ֆրանգուլյանից եւ Գրիգոր Գրիգորյանից ավելին էի սպասում: Նրանք կարող էին պայքարել մրցանակային տեղերի համար, հասնել մինչեւ եզրափակիչ: Չեմ կարծում, որ նրանց ինչ-որ բան խանգարեց: Պարզապես չստացվեց: Մարզական բախտը դեռ կժպտա նրանց:
Հիմա տղաները տասնօրյա հանգիստ է տրված: Այնուհետեւ կնախապատրաստվենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում: Հանդես կգանք ընդլայնված կազմով, այդ թվում հավաքականի առաջին համարներով: Միայն Կետոեւի եւ Բերիանիձեի մասնակցության հարցը պարզ կդառնա 10-ից 15 օրից»,-ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ