Ադրբեջանի հյուսիսում Գիլզայի բնակավայրում ռազմական պահեստի պայթյունից առաջացած հրդեհը մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում է ռուսական Tass-ը՝ հղում անելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ռազմամթերքի պահեստում ուժեղ պայթյունի և հրդեհի հետեւանքով տուժել է վեց մարդ, որոնք բեկորային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ պահեստին հարակից բնակավայրերի բնակիչներին տարահանել էին եւ նրանց վրանային կացարաններով ապահովել:
Փաստի առթիվ նաեւ հարուցվել է քրեական գործ՝ անփութության հետեւանքով ծանր վնասներ եւ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում՝ ծանր հետեւանքներով:
Tass-ը հայտնում է, որ սակրավորներն են աշխատում են տեղանքում՝ չպայթած արկեր են փնտրում:
Պայթյունից 6 տուժածներ էլ զինծառայողներ են եղել, նրանցից 5-ը, ըստ պաշտոնական Բաքվի, արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 1-ը դեռ հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Հայտնել էինք նաեւ, որ Բաքու-Ղուբա ավտոճանապարհն էին փակել՝ անվտանգությունից ելնելով: Այս պահին, ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է, իսկ տարհանված բնակիչներն էլ վերադարձել են իրենց բնակարանները:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ