Սյունիքում աշխատանքային այցի երկրորդ օրը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանի հետ Գորիսում եղավ Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն-թանգարաններում։ Բակունցի տուն-թանգարանը տարվա առաջին կիսամյակում ընդամենը 2 հազար այցելու է ունեցել. նախարարը դա «ոչ բավարար» անվանեց՝ ճիշտ ցուցադրանքի ( էքսպոզիցիա) դեպքում թանգարանը գրավիչ կդառնա։
Սերո Խանզադյանի նոր վերանորոգված տուն-թանգարանն առաջիկայում բացվելու է, իսկ մինչ այդ նախարարությունն աշխատանքային խումբ կձևավորվի՝ ցուցադրանքը կազմակերպելու համար։
Այնուհետ նախարար Ամիրյանը ծանոթացավ Որոտնավանքի ամրակայման և նորոգման ընթացիկ աշխատանքին. վերջին 4 տարիներին պետբյուջեից 35 մլն դրամ է հատկացվել այդ նպատակով։ Սակայն տեղում հարցեր ծագեցին ամրակայման և նորոգման աշխատանքն իրականացնող շինարարին, և վերջինս նախարարին հաշվետվություն պետք է տա։ Պարզվեց, որ նորոգման աշխատանքը մասնավոր համաֆինանսավորում է ունեցել, որի մասին նախարարությունը տեղյակ չէր մինչև այսօր։ Արմեն Ամիրյանը հստակեցրեց՝ ծախսերը պետք է համադրվեն, որպեսզի նույն գործի համար կրկնակի ֆինանսավորումը բացառվի։
Լոր գյուղում նախարարն այցելեց Համո Սահյանի տուն-թանգարան։ Շարամբեյանի անվան ժողստեղծագործության կենտրոնին նախարարը կհանձնարարի թարմացնել թանգարանի դրսի՝ բակի ցուցադրանքը։
Պետական միջոցներով վերանորոգումից հետո կբացվի Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը. նորոգման աշխատանքներին ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանն ասաց, որ ցուցադրանքը կազմակերպելու մասին մտածելու ժամանակն է արդեն։
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին