Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ինձ միջակ ծանրորդներ պետք չեն»

Օգոստոս 27,2017 20:49

Թայփեյում ընթացող 29-րդ Համաշխարհային ամառային ուսանողական խաղերին Հայաստանից մասնակցեց երեք ծանրորդ եւ բոլորն էլ մեդալ նվաճեցին: Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցելով պաշտոնական մրցման՝ արծաթե մեդալ նվաճեց:

Այսօր մեր ծանրորդները Թայվանից վերադարձան Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Առավոտի» հետ զրույցում ամփոփեց մեր ազգային հավաքականի անդամների մրցելույթները:

«Բոլոր տղաներն էլ գերազանց հանդես եկան: Մեկնելուց առաջ ասել էի, որ դատարկաձեռն չենք վերադառնա Թայվանից ու ամեն բան լավ կլինի: Ու այդպես էլ եղավ: Շատ գոհ եմ հատկապես Անդրանիկ Կարապետյանից: Ծանր վնասվածքից հետո նրա այս մրցելույթից շատ բան էր կախված լինելու: Եվ նա փառքով դուրս եկավ: Այնպիսի կիլոգրամներ բարձրացրեց, որ անգամ ես, թեկուզ հավատում էի, բայց լիովին վստահ չէի: Անդրանիկի մրցելույթից հետո ես ուրախությունից թաքուն արտասվում էի:

Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը բարձրացրին այնքան, որքան անհրաժեշտ էր հաղթելու համար: Մենք այդպես էինք պլանավորել, քանի որ առջեւում Եվրոպայի երիտասարդական եւ աշխարհի մեծահասակների առաջնություններն են: Տղաները ցույց տվեցին իրենց կարողությունների մի մասը միայն: Ինձ միջակ ծանրորդներ պետք չեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031