Ադրբեջանական Գիլյազի բնակավայրում ռազմամթերքի պահեստի պայթյունի եւ հրդեհի առթիվ այս երկրի նախագահի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ դեպքն ուսումնասիրելու համար:
Այս մասին հայտնում է ռուսական RT-ն, հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցին:
Հանձնաժողովի կազմում են ընդգրկվել ներկայացուցիչներ Ադրբեջանի պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններից, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունից եւ իրավապահ մարմիններից:
Փաստի առթիվ նաեւ հարուցվել է քրեական գործ՝ անփութության հետեւանքով ծանր վնասներ եւ պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտում՝ ծանր հետեւանքներով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի Գիլզա բնակավայրում ռազմական պահեստի պայթյունի եւ բռնկված հրդեհի հետեւանքով պահեստին հարակից մի քանի բնակավայրերի բնակչությունը տարհանվում է:
Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայտնում են՝ դեպքի արդյունքում 6 մարդ է տուժել, նրանք հոսպիտալացվել են եւ ստացել են բեկորային վնասվածքներ:
Բացի այս, հայտնում են, որ Բաքու-Ղուբա ավտոճանապարհը փակ է:
Ռիա-Նովոստիի փոխանցմամբ՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է՝ ռազմական պահեստի պայթյունի և հրդեհի արդյունքում որեւէ վտանգ չի սպառնում բնակավայրերին:
Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆ