Սյունիքի մարզում երեկ բռնկված հրդեհն ամբողջովին մարված է:
Այս մասին Aravot.am-ին ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փոխգնդապետ Հրանտ Ճաղարյանը:
Հիշեցնենք, որ երեկ, ըստ ԱԻՆ-ի, Սյունիքի մարզի Ձագեձոր գյուղի մոտակա սարալանջին այրվում էր խոտածածկույթն ու ինչպես ահազանգ էր ստացել ԱԻՆ-ը, հրդեհի տարածման վտանգ կար:
Պարոն Ճաղարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ այս պահին հրդեհ չկա, այն ինքնամարվել է:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներից մեկի այն տեղեկատվությանը, թե հրդեհ է բռնկվել «Շիկահող» արգելոցում, ապա պարոն Ճաղարյանը վստահեցրեց, որ արգելոցում հրդեհի վերաբերյալ ահազանգ չեն ստացել եւ այնտեղ հրդեհ չկա. «Հրդեհը, որը բռնկվել էր Խուստուփի մոտ, եւ Քաջարանից են տեսել եւ Կապանից, ու ահազանգել են, որ ծուխ է բարձրանում, դա շատ բարձրադիր վայր է, տեխնիկա չի հասնում: Պարզել ենք, որ գյուղում խոտածածկ տարածքն է այրվում»:
Ըստ ԱԻՆ-ի` այրվել է 10 հա խոտածածկ տարածք, ընդ որում, մինչեւ հրշեջ-փրկարարները կժամանեին դեպքի վայր՝ հրդեհը ինքնամարվել էր:
Բնապահպանության նախարարությունից էլ վստահեցրին, որ «Շիկահող» արգելոցում հրդեհ չի բռնկվել:
Ավելի վաղ բնապահպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 26-ին ժամը 12-ի սահմաններում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից արձանագրվել է հրդեհի բռնկման դեպք կենսոլորտային համալիրի Խուստուփ արգելավայրի` Խուստուփ լեռան գագաթից 3-4 կմ աջ դեպի Քաջարան քաղաքի ուղղությամբ:
Այսօր էլ նախարարությունը հայտարարել է.«Օգոստոսի 27- ի առավոտյան ժամը 7- ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ -ի «Խուստուփ» արգելավայրում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչին նպաստել է նաեւ տեղացած անձրեւը։ Ներկայում իրավիճակը լիովին վերահսկելի է: Համալիրի աշխատակիցները շարունակում են իրականացնել շուրջօրյա հսկողություն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ