Լրահոս
Օրվա լրահոսը

Չփոխել զուգահեռի ուղղությունը

Օգոստոս 27,2017 10:36

Մինսկի խմբի արդեն պաշտոնաթող ամերիկացի համանախագահի կարապի երգ հայտարարությունը, այո ըստ էության նոր սկզբունքներ կամ առաջադրանքներ չի փոխանցում: Որեւէ համանախագահ ծայրահեղորեն բծախնդրություն է ցուցաբերում իր երկու մյուս գործընկերների եւ մանավանդ ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ կատարած հայտարարություններին հիմնականորեն չհակասելու:

Պարզապես շեշտադրումների, ասելաձեւերի փոփոխություններ են երևում նրանցից յուրաքանչյուրի կատարած հայտարարության մեջ, որոնց վրա բնականաբար ազդում են տեղի եւ պահի գործոնները: Հոգլանդի դեպքում հավանաբար մի կետ եւս, եթե հիշենք նրա ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն ստանձնելու նախօրեին Հայ Դատի հանձնախմբի հրապարակած վերապահումները, լսումների ընթացքում փոխանցած մտահոգությունները, պաշտոնի ստանձնման որոշման առկախման փաստը:

Այս բոլորը ազդում են հայկական կողմի ընկալման գործընթացների վրա. անձը, Հայ Դատի կողմից դիվանագիտական առաքելություն ստանձնելու որոշման դեմ դրված արգելքը, Վաշինգտոնի կողմից այդ գործողության դիմաց հայկական այլ թղթածրար  հանձնելու հակաորոշումը, պաշտոնաթողությունից առաջ կարապի երգի որոշ բաղաձայն հնչյունները:

Բայց խնդիրը քաղաքական սառը տրամաբանությամբ դիտարկելու դեպքում, օրինաչափության պահպանման սկզբունքները հուշում են, որ Հոգլանդի հայտարարության մեկնաբանություններում բացասականորեն ըմբռնելու բեկումնային նոր պահի հասունացում չպետք է տեսնել անպայման:

Նախ չմոռանանք այն, որ այս կետերը ոչ թե համաձայնեցվող սկզբունքների մասին են, այլ` քննարկման սեղանի վրա դրված: Հայկական բանակցային կողմի ռազմավարությունը մինչ այժմ իր դիրքորոշումներն ու միջազգային ընտանիքի մոտեցումները փորձում է զուգահեռականացնել` այդ զուգահեռների դիմաց ցույց տալով Բաքվի հակադրությունը:

Այս մոտեցումը մինչ այժմ կայացել է, թեեւ ակնկալված արդյունք չի տալիս՝ նկատի ունենալով հակամարտող կողմերի պատասխանատվության համահավասարեցման վարքագծերի մնայուն դրսեւորումները: Այստեղ սակայն պետք է անպայման հիշել թե՜ Վիեննան , թե՜ Պետերբուրգը եւ թե՜ եզակի այն գնահատականը, որը միաժամանակ կատարեցին պաշտոնական Մոսկվան եւ համանախագահները մատնացույց անելով Բաքվի հարձակողապաշտությունը: Այդ եզակի գնահատականից հետո, համանախագահները վերադարձան դասական վարքագծին:

Հոգլանդի վերջին երգը պատճառ չէ, որ հայկական կողմը միջազգային ընտանիքի բառապաշարի եւ մոտեցումների հետ զուգահեռներ գծելու իր վարքագծից շեղում կատարի: Հստակացումներ՝ այո՛.

Առաջին. այս սկզբունքները մի ամբողջություն են եւ որեւէ նախազիջումնային տրամաբանություն գոյություն չունի բանակցային փիլիսոփայությունում: Դա նշանակում է, որ այդ սկզբունքներից հայկական կողմի համար գերակա նկատվող կարգավիճակի ճշտումը որեւէ կերպ սակարկելի խնդիր չէ:

Երկրորդ, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի համաձայնության, որեւէ փուլային-փաթեթային նախագիծ չի կարող առարկայանալ եւ վերածվել համաձայնագրի:

Այս երաշխիքները կան, գոյություն ունեն իրողապես եւ դիվանագիտական ասելաձեւերով նաեւ նույնիսկ Հոգլանդի կատարած հայտարարությունում: Այլ հարց, որ պաշտոնական Բաքուն յուրովի է մեկնաբանում այս բոլորը եւ նորացված մադրիդյան սկզբունքները ընդունում իբրեւ հիմք բանակցությունները շարունակելու: Փաստորեն, Ադրբեջանի արտգործնախարարը այս առիթով փորձ է կատարում հաչս միջազգային ընտանիքի հայկական կողմի որդեգրած վարքագիծը կիրառելու:

Ահա այս առիթն է, որ չպետք է որեւե կերպ դերերի փոփոխության դուռ բացի: Հոգլանդը իբրեւ համանախագահ կարեւոր բացթողում է կատարել: Իրենց իսկ կազմակերպած եւ որդեգրած Վիեննայի եւ Պետերբուրգի որոշումները մոռացության տալով:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031