Եթե մի քանի տարի առաջ մեզ ասեին, որ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների քանակն ավելի քիչ է, քան՝ բարձրագույն կրթության համար հատկացված տեղերը, դժվար թե հավատայինք: Հիմա ոչ միայն հավատում ենք, այլև դրա ականատեսն ենք: Այդ իմաստով հատկապես այս տարին էր ռեկորդային: Բարձրագույն կրթության համար հատկացված հարյուրավոր տեղեր թափուր մնացին:
Այս փաստը միանշանակ նշանակում է, որ դիմորդների ու բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների թիվը մեզանում նվազել է, ընդ որում՝ շեշտակի ու կտրուկ: Կարելի էր կարծել, որ մեզանում բարձրագույն կրթության ու դիպլոմի մոդան անվերադարձ անցել է, և մենք էլ մեծ հաճույքով այդպես կկարծեինք, եթե իսկապես այդպես լիներ: Բայց իրականում այդպիսի բան չկա: Առաջվա պես էլի բարձրագույն կրթության դիպլոմը մեր երիտասարդների համար լավագույն կարիերայի հիմնական ու կարևորագույն միջոց է, իսկ աղջիկներից շատերի համար՝ նաև օժիտի պես բան:
Բայց աղջիկներից շատերի համար դիպլոմը նույնպես կարիերայի ու աշխատանքի հաջող տեղավորման լավագույն միջոց է, որովհետև ժամանակակից բանկերում ու այլուր աղջիկների համար ավելի հեշտ է աշխատանքի տեղավորվել, և շատ ու շատ տեղերում աղջիկներին ավելի շատ են աշխատանքի հրավիրում, քան տղաներին՝ ոչ միայն այն պատճառով, որ հիմա տղամարդկանց ու կանանց հավասարություն ու իրավահավասարություն է, այլև այն պատճառով, որ շատ դեպքերում կանայք ավելի պարտաճանաչ աշխատողներ են, քան՝ տղամարդիկ:
Աբսուրդ է ստացվում: Փաստորեն, բարձրագույն կրթության և դիպլոմի նշանակությունն ու կարևորությունը չեն նվազել, մինչդեռ դիմորդների ու բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողների քանակը նվազել է, ընդ որում՝ մեծ չափերով: Ուզենք թե չուզենք, պիտի մտածենք, որ այս դեպքում նույնպես պատճառը սոցիալական է, որովհետև իրականում ոչ թե կրթություն ու դիպլոմ ստանալ ցանկացողների քանակն է նվազել, այլ՝ վճարովի կրթություն ստանալ ցանկացողների քանակը:
Այսինքն, շատերը շատ կցանկանային բարձրագույն կրթություն ու բարձրագույն կրթության վկայական ստանալ, բայց վճարունակ չեն, և ոչ էլ հույս ունեն, որ առաջին կիսամյակի լավագույն առաջադիմության դեպքում օբյեկտիվորեն ու արդարացիորեն կարող են արժանանալ անվճար կրթության իրավունքին:
Հակառակ պատկերն էլ կա. շատերն էլ միանգամայն վճարունակ են և շատ են ցանկանում բարձրագույն կրթություն ու դիպլոմ ունենալ, կարող են դրա դիմաց վճարել, բայց չեն ուզում, որովհետև սրանց համար, ճիշտ է, կրթավճարը խնդիր չէ, բայց սրանց համար էլ պատվի հարցը կա: Պատիվը անվճար հիմունքներով սովորելն է: Սրանցից շատերը պատրաստ են էս գլխից հինգ ու վեց տարիների ամբողջ կրթավճարը վճարել, միայն թե՝ իրենց տղաներն ու աղջիկներն անվճար հիմունքներով սովորեն: Սրանց այս անզուսպ ցանկությունն այս համակարգում ոչ միայն լուրջ կոռուպցիա է ծնում, այլև՝ չափազանց լուրջ անարդարություն: Այս վճարունակները, փաստորեն, եղած ու գոյություն ունեցող գրեթե բոլոր անվճար տեղերը գրավելով ու զբաղեցնելով՝ անվճար կրթության հնարավորությունից զրկում են անվճարունակներից շատերին, որոնց իմացության մակարդակը միանգամայն համապատասխանում է անվճար հիմունքներով կրթության պահանջներին: Այսպիսով, վճարունակներից շատերն անվճարունակներից շատերի տեղերը գրավելով ու զբաղեցնելով՝ պատճառ են դառնում, որպեսզի արժանավոր անվճարունակներից շատերը կրթական համակարգից դուրս հայտնվեն:
Ինչ եմ առաջարկո՞ւմ: Առաջարկում եմ այն, ինչը հենց հիմա շատերիդ մտքով անցավ: Առաջարկում եմ անվճար հիմունքներով սովորելու հնարավորություն ստեղծել առաջին հերթին անվճարունակների համար: Ասածս չի նշանակում թե՝ պիտի համոզենք, որ անվճարունակները մեզ խաթր անեն ու անվճար կրթություն ստանան, այլ ընդամենը նշանակում է, որ անհրաժեշտ է անվճար կրթության հնարավորություն ստեղծել առաջին հերթին նրանց համար, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու համար վճարելու հնարավորություն չունեն, բայց ունեն համապատասխան գիտելիքներ և, որ ամենակարևորն է, ունեցած գիտելիքները խորացնելու ցանկություն ու պատրաստակամություն:
Այդ դեպքում բոլոր հարցերը միանգամից կլուծվեն, ու բարձրագույն կրթության համար նախատեսված և տեղերը թափուր չեն մնա, որովհետև անվճարունակ ուսումնատենչներն անվճար տեղերը կհամալրեն, և վճարունակները՝ վճարովիները:
Խորհրդային տարիներին բացառվում էր, որ բարձրագույն կրթությանը հատկացված տեղերը թափուր մնան, որովհետև բարձրագույն կրթությանը հատկացված անխտիր բոլոր տեղերն էին անվճար: Եվ այդ էր պատճառը, որ անխտիր բոլոր բաժիններում ու ֆակուլտետներում էր կոռուպցիան առկա: Իսկ մեր օրերում հիմնականում անվճար տեղերն են առուծախի ենթակա: Սա, իհարկե, մեր ենթադրությունն է, որը որոշակի հիմքեր ունի: Իմիջիայլոց, չար լեզուներն էլ են դա վկայում:
Իհարկե, այնքան լավատես ու ռոմանտիկ չենք, որպեսզի երևակայենք, որ կրթական սիստեմից կոռուպցիան հարյուր տոկոսով է վերանալու: Բայց որ կարող է պակասել, միանգամայն հնարավոր է: Հնարավոր է հատկապես այն դեպքում, եթե նրանք, ովքեր վճարովի կրթություն ստանալու հնարավորություն ունեն, վճարովի կրթություն ստանան:
Ասվածը չի վերաբերում բացարձակ ուժեղներին: Բացարձակ ուժեղները, բնականաբար, պիտի անվճար սովորեն: Բայց հավասար ուժերի դեպքում նախապատվությունը պիտի տրվի նրանց, ովքեր վճարովի կրթություն ստանալու հնարավորություն չունեն: Ինչպես նաև՝ Արցախում ծառայածներին, ընդ որում՝ վերստին պատրաստվածությունը հաշվի առնելով: Այս դեպքում ե՛ւ ուսանողների որակը կապահովվի, ե՛ւ քանակը:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Դե չար լեզուների բանուգործն էլ էտ ա