Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հավը` ամառային բանջարեղեններով

Օգոստոս 27,2017 12:30

Առաջարկում եմ մի համեղ, օգտակար եւ գեղեցիկ ուտեստ, որը կարող է լավ տարբերակ լինել` ընտանեկան կիրակնօրյա ընթրիքի համար:

Անհրաժեշտ մթերքները

1 միջին չափսի հավ

1 խոշոր կամ 2 միջին դդմիկ կամ ցուկինի

2 թարմ տաքդեղ` կանաչ, կարմիր կամ դեղին

2 գազար

4-6 ճաշի գդալ բուսայուղ

1 սուրճի բաժակ սպիտակ գինի

3-4 պճեղ սխտոր

Ձեր նախընտրած համեմուքները` հավը համեմելու համար (կարմիր եւ սեւ պղպեղ, համեմի աղացած սերմ, քարրի, խմելի սունելի եւ այլն` ինչ հարմար է ձեր քիմքին)

Չորացրած սուր հոտով կանչիներ (ուրց, հազրեվարդ, ծիթրոն կամ «պրովանսյան խոտեր»)- 1 թեյի գդալ` բանջարեղենի համար

Աղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավը լավ լվացեք, մասնատեք կտորների:Չորացրեք թղթե սրբիչով, դրեք ամանի մեջ: Վրան քերեք մաքրած եւ լվացած սխտորի պճեղները, ավելացրեք 3 ճաշի գդալ բուսական յուղ, ձեր նախընտրած համեմուքները, մի լավ խառնեք, որ բոլոր համեմուքներից հավի բոլոր կտորներին հասնի: Ապա դրեք մի կողմ: Այս գործողությունը կարող եք անել նախորդ օրը, այդ դեպքում հավը պետք է պահել սառնարանում` փակ ամանի մեջ: Իսկ եթե նույն օրն եք պատրաստում, ապա առնվազն 30 րոպե թողեք որ համեմվի` սենյակային ջերմաստիճանում, եթե դրանից ավելի պետք է մնա` դրեք սառնարան:

Դդմիկն ու պղպեղը լավ լվացեք, գազարը մաքրեք կեղեւից եւ նույնպես լավ լվացեք: Բոլոր բանջարեղենները բարակ շերտերով կտրատեք:

2-3 ճաշի գդալ բուսական յուղով թեթեւակի տապակեք (հարկ եղած դեպքում կարող եք բուսայուղն ավելացնել): Տապակած բանջարեղենը դրեք ափսեի մեջ, վրան աղ, պղպեղ եւ չորացրած կանաչի ավելացրեք:

Նույն թավայի մեջ տապակեք նաեւ համեմված հավի կտորները` բոլոր կողմերից: Երբ հավի կտորները լավ տապակված կլինեն` վրան շարեք տապակած բանջարեղենը, ավելացրեք մեկ սուրճի բաժակ սպիտակ գինին, թավայի բերանը փակեք կափարիչով, կրակը ցածրացրեք` որքան հնարավոր է, եւ թողեք, որ հավն ու բանջարեղենն իրար հետ շոգեխաշվեն մոտ 20-25 րոպե: Ընթացքում ուշադիր եղեք, որ գինին ամբողջությամբ չգոլորշիանա, այլապես մի փոքր էլ ավելացրեք:

Երբ զգաք, որ հավն ամբողջապես եփվել է (դանակը կամ պատառաքաղը շատ հեշտությամբ մտնում-դուրս է գալիս ամենահաստ կտորի մեջ), կարող եք անջատել: Անջատելուց անմիջապես հետո մի կտոր կարագ ավելացրեք, որպեսզի ստացված թանձրահյութը էլ ավելի համեղ լինի: Ավելացրեք նաեւ մանր կտրատած թարմ կանաչի` համեմ, մաղադանոս, սամիթ` ինչ կկամենաք: Մատուցեք տաք-տաք:

 

Բարի ախորժակ:

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

26.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031