Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շատ մի՛ խոսիր, որ կրակը չընկնես

Օգոստոս 26,2017 23:23

(Բագրատյանի նոր փոստը)

Մարդկանց մեծ մասը հակված է սեփական ձախողումների կամ դատապարտելի արարքների մեղքը գցելու այլ մարդկանց կամ հանգամանքների վրա, որ իր խիղճը հանգիստ լինի: Այդ կերպ հաճախ քավության նոխազ են դառնում մեր ազգային ինքնությունը, մեր հայրենիքը, մեր պատմությունը, մեր մայրենի լեզուն՝ հայերենը:

Մեր սիրելի գրող Հրանտ Մաթևոսյանին չհաջողվեց վեպ գրել, նա էլ իր մի հարցազրույցում հայտարարեց, թե հայերենը վեպի լեզու չէ՝ ձեռքի հետ «խոտանելով» մեր բոլոր վիպագիրներին: ԵՊՀ տնօրեններից (ռեկտորներից) մեկին (անունը չեմ ուզում տալ) ըստ երևույթին չէր հաջողվում հայերենով գիտական հոդվածներ շարադրել, նա էլ շուռ եկավ ու մի հարցազրույցում հայտարարեց, թե հայերենը գիտության լեզու չէ: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որ տնտեսագիտական մտքի «միջազգային» շուկա է դուրս եկել և նախընտրում է անգլերեն գրքեր գրել, հայերեն գրելուց իր հրաժարումն արդարացնելու համար հայտարարում է, թե հայերենը աղքատ լեզու է: Ազգային արժանապատվության պակասի, ազգային թերարժեքության բարդույթի դրսևորումներ են նաև «Միայն հայերն են, որ…» սկսվածքով ինքնախարազանող դատողությունները, նույնիսկ եթե իբրև հումոր են ներկայացվում:

Հայերի ազգային թերարժեքության այս բարդույթը հին հիվանդություն է: Դեռ անցյալ դարի 60-70-ականներին եգիպտահայ հանրահայտ ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանը իր երկարամյա դիտարկումներն ամփոփեց «Վասն յոթևկեսից մեղաց հայոց» շատ հետաքրքիր և ուսանելի գրքում՝ փաստերով ցույց տալով, որ մեր կողմից մեր ազգին վերագրվող թերություններն ու մեղքերը այլ ազգերի մեջ շատ ավելի տարածված ու վառ են արտահայտված, բայց նրանք իրենց չեն վատաբանում:

Իրեն լուրջ մարդ համարող Բագրատյանի ֆեյսբուքյան անհեթեթ գրառումը (օգոստոսի 17) անսպասելի լայն արձագանք գտավ, քանի որ նրա խոսքերը առանց հումորի են և մեր ազգային արժանապատվությունը վիրավորելու աստիճան դառը: Ուրիշ խոցելի հանգամանքներ էլ կան:

Նախ՝ լուրջ գիտնականին վայել չէ մեկ այլ (մանավանդ ազգի համար խիստ զգայուն) բնագավառում ամբարտավան տոնով դիլետանտական դատողություններ անելը, մանավանդ որ ինքն էլ խոստովանում է իր ոչ մասնագետ լինելը: Բնականաբար նա չի հասկանում իր բերած փաստերի արժեքը, քանի որ չի տիրապետում իրեն խորթ բնագավառի մեթոդիկայի նրբություններին: Չի նկատում իր դատողությունների հակասականությունը, երբեմն՝ անհեթեթությունը: Էլ չեմ ասում բարոյական նրբանկատության և քաղաքական հոտառության իսպառ բացակայության մասին: Արդյունքում ունենում է երկու իրարամերժ հակազդեցություններ: Իր խիստ ինքնավստահ կեցվածքի և անսահման մեծամտության ու ինքնահավանության շնորհիվ նա դրական տպավորություն է թողնում միամիտ, ներշնչվող, դյուրահավատ մարդկանց վրա ու նրանց գցում խոր թյուրիմացության մեջ՝ արժանանալով նրանց անարժեք հավանումներին (լայքերին): Բայց իր սիրողական բարբաջանքներով զայրացնում է ավելի խորաթափանց մարդկանց ու մանավանդ մասնագետներին՝ արժանանալով նրանց մերժողական քննադատությանը և նույնիսկ լուտանքներին: Նեղանալ պետք չէ. ինչ ցանել ես, այն էլ հնձում ես:

Երկրորդ՝ գիտնականին վայել չէ բերել ոչ գիտական աղբյուրներից վերցված, չստուգված կամ մատից ծծած մոտավոր «փաստեր» ու դրանց հիման վրա դատողություններ, համեմատություններ ու եզրակացություններ անել: Ի՞նչ է, դժվա՞ր էր, օրինակ, բացել Է. Աղայանի բացատրական բառարանի տիտղոսաթերթը (թեկուզ համացանցում) և ճշտել բառարանի պարունակած բառերի քանակը, այլ ոչ թե հայտարարել կրկնակի նվազեցված թիվ: Գուցե դա միտումնավո՞ր է արված: Եթե այո, ապա դա արդեն խարդախություն է և արժանի է յոթհարկանի հայհոյանքի:

Երրորդ՝ լեզվի մասին այդպես «ապլոմբով» դատողություններ անողը պարտավոր է անթերի գրագիտություն ունենալ: Բայց մեր մեծամիտ ընկերը թարգմանական-ը շփոթում է թարգմանչական-ի հետ, հայ-ռուսերեն բառարանը կոչում հայ-ռուսական, օրական-ի փոխարեն գրում է օրեկան: Գրառման հենց առաջին նախադասությունը քերականական կոպիտ սխալով է. «Բազմիցս առիթ եմ ունեցել արտահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրներին»։ (Պետք է գրեր՝ ….անդրադառնալու…., կամ՝ ….խնդիրների մասին): Կարելի է առարկել, թե սրանք մանրուքներ են: Բայց եթե Բագրատյանն ու նրա գործընկերները տնտեսագիտության ասպարեզում էլ նույնքան սխալաշատ են, անպատասխանատու և ինքնահավան, ուրեմն պետք չէ զարմանալ Հայաստանի տնտեսության թշվառ վիճակի համար:

Բագրատյանը գրում է. «Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի և 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին հայերեն գիրքը գրել եմ 2001 թ.։ Գրել հայերեն նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել»։ Սրանք կարծես տնտեսագիտական հաշվարկներ են՝ արված շատ հեղինակավոր մասնագետի կողմից, և թվում են խիստ արժանահավատ: Բայց պարզվում է, որ դրանցում երկու կարևոր, սկզբունքային սխալ կա:

Նախ՝ նույն գրվածքի հայերեն, ռուսերեն ու անգլերեն համարժեք տարբերակների գիտական (այլ ոչ թե սիրողական) համեմատությունը ցույց է տալիս, որ հայերեն տարբերակը ամենախնայողականը, ամենահակիրճն է նիշերի քանակով (5-6 %-ով) և բառերի քանակով (10 %-ով՝ ռուսերենի համեմատ և 25 %-ով՝ անգլերենի), սակայն ամենածավալունն է տողերի քանակով (20 %-ով): Պատճառը տպագրական տառաձևերն են: Անգլերենի և ռուսերենի համար ժամանակին մշակվել են խնայողական տառաձևեր: Հայերենի համար անցյալ դարում արվել են նույնպիսի մշակումներ, սակայն մեր հրատարակիչները չհանդգնեցին կոտրել գրեթե հինգհարյուրամյա կարծրատիպերը, մանավանդ որ ավելի հաստ գրքեր տպելն ավելի ձեռնտու էր: Ինչպես տեսնում եք, պատճառը նաև տնտեսական է: Դե թող Բագրատյանը վարչապետ եղած ժամանակ կարգադրեր գործածության մեջ մտցնել խնայողական տառաձևեր: Ա՛յ դա կլիներ տղամարդկային քայլ և հեղափոխական լուծում: Բայց վստահ եմ՝ նա նույնիսկ տեղյակ չի եղել այս խնդրին ու հիմա էլ խոր թյուրիմացության մեջ է:

Երկրորդ՝ ուրեմն հայերեն գրելը ոչ թե ավելի ժամանակատար է (ճիշտ հակառակը), այլ հայերեն տպագրելն է ավելի ծախսատար (ռուսերենի կամ անգլերենի համեմատ), քանի որ ավելի շատ թուղթ է ծախսվում: Այս երկու տարբեր բաները (ժամանակատարություն և ծախսատարություն) փորձառու տնտեսագետը շփոթել է:

Այնուամենայնիվ ստացվում է, որ Բագրատյանը տնտեսական նկատառումներով է հրաժարվում հայերեն գրքեր գրելուց ու հրատարակելուց: Իսկույն երևում է, չէ՞, որ նա առաջնակարգ տնտեսագետ է: Իսկ հայերենի աղքատության, տգեղության մասին բարբաջանքները այս ամոթալի փաստը քողարկելու միջոցներ են ընդամենը:

Սփյուռքի մեր հայրենակիցները վաղուց են արձանագրել (այն էլ գեղարվեստորեն), որ հայ լինելը թանկ հաճույք է և մանավանդ տնտեսապես շահավետ չէ: Եթե Բագրատյանի կուռ տրամաբանությամբ դատելու լինենք, ապա Հայաստանում աղքատության վերացման ամենակարճ ուղին համատարած արտագաղթն է կամ ազգովին լեզվափոխ, կրոնափոխ ու ազգափոխ լինելը: Վերջին տարբերակի իրականացման երաշխավորված ծրագրի հեղինակներին հաստատ մեծ գումարներ կվճարեն ամերիկացիները, անգլիացիները,  ադրբեջանցիները: Հայաստանցիներին գլխովին իրենցով անելու համար, անշուշտ, փողեր չեն խնայի նաև մորմոններն ու Եհովայի վկաները: Ա՜յ հեռանկարներ…

Ֆեյսբուքյան տխրահռչակ գրառման սխալներից ու մեղքերից Բագրատյանը կարող էր մաքրվել «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում, բայց միայն հայերենի տգեղ լինելու մասին մտքից հրաժարվեց: Ու ընդհակառակը՝ նոր վրիպումներ, սխալներ, անհեթեթություններ թույլ տվեց և ավելի խորացրեց իր նախորդ ելույթի բացասական տպավորությունը: Առնվազն համոզվեցի, որ նա կաղում է տրամաբանությունից: Անհավատալի՞ է: Բայց խնդրե՛մ: Հարցազրույցում նա երկու-երեք անգամ կրկնեց այն միտքը, թե օտար եզրույթները (տերմինները) հայերեն թարգմանելու հետևանքով մեր լեզուն (հայերենը) աղքատանում է, նրա բառապաշարը նվազում, կրճատվում է: Ա՛յ քեզ բա՜ն: Այսինքն, եթե, օրինակ, ինֆլյացիա բառը փոխարինում ենք գնաճ-ով, ապա բառապաշարի քանակական կորո՞ւստ ենք ունենում: Ես Բագրատյանին թվաբանությունից 1 կգնահատեի, քանի որ նա մոռացել է, որ n – 1 + 1 = n: Իսկ գուցե հայերեն բառերը նրա համար բառահաշիվ չե՞ն: Չեմ ուզում նրան այդ աստիճանի նվաստ ու օտարամոլ հայ պատկերացնել: Ավելի լավ է՝ ասեմ, որ նա կաղում է տրամաբանությունից, ինչպես նաև թվաբանությունից: Բայց նկատենք մի հայկական պարադոքս (հարակարծություն): Երբ օտար բառը փոխարինում ենք հայերեն համարժեքով, ապա Բագրատյանի նման օտարամոլների «շնորհիվ» ունենում ենք բառապաշարի … աճ: Այո՛, աճ: Հայախոսների մի մասն օգտագործում է հայերեն բառը, իսկ մյուս՝ օտարամոլ մասը շարունակում է գործածել օտար բառը, և երկու բառն էլ դառնում են հայերենի բառապաշարի մաս: Իսկ Բագրատյանը խոսում է աղքատությունից: Դա հարուստ երևակայության և ստեղծարար (կրեածիվծիվծիվ) մոտեցման պակասից է:

Բագրատյանը մի քանի անգամ զայրանում է, թե «ո՞վ է ձեզ իրավունք տվել թարգմանելու» այս կամ այն բառը: Սա խորհրդային բռնապետական մտածելակերպի շորշոփներից է: Լեզուն բոլորինս է: Մենք ստեղծագործում ենք լեզվով ու լեզվի մեջ: Ամենքս էլ իրավունք ունենք նոր բառեր ստեղծելու, օտար բառերը թարգմանելու (սա նույնիսկ պարտականություն է): Բայց նաև պետք է լինեն լիազորված մարմիններ, որ հավաքեն, վերլուծեն նոր բառերը, ընտրեն դրանց լավագույն տարբերակները, կանոնակարգեն և պաշտոնականացնեն դրանց գործածությունը: Բագրատյանը սրտացավ տղա էր՝ թող այն մասին խոսեր, թե ինչու իր վարչապետության ժամանակներից սկսած՝ իշխանությունները հետևողականորեն նախ կաշկանդեցին, ապա կազմաքանդեցին լեզվի տեսչությունը և այժմ էլ որոշել են լուծարել, իսկ խոստացված Հայերենի բարձրագույն խորհուրդը համառորեն չի գործարկվում: Բայց նա սա իր գործը չի համարում: Նա ազատական է (լիբերալ) և պայքարում է տնտեսագետների՝ օտար բառեր գործածելու իրավունքի համար: Ա՛յ թե վեհ նպատակ եմ ասել…

Բագրատյանը, որ հայրենասեր անգլիացու պես պարծենում է, թե անգլերենն ունի միլիոն բառ, գիտի՞ արդյոք, թե որն է համարվում անգլերենի միլիոներորդ բառը (ըստ Քոլինի բառարանի): Որ իմանա, շատ կհիասթափվի: Այդ բառն է՝ Web 2.0: Սա ապրանքանիշ է ընդամենը: Մենք հայերենի բառարաններն այդպիսի «չխմազ» բառերով չենք ծանրաբեռնում: Դրանք մեզ համար բառահաշիվ չեն: Մենք նույնիսկ շատ ավելի կարգին բառեր չենք մտցնում բառարաններ, եթե դրանք կազմվում են ինքնըստինքյան և ինքնին հասկանալի են (օրինակ՝ խորաձորյան, խորաձորական, խորաձորանման, խորաձորցի, կիսախորաձորցի, խորաձորցիություն, խորաձորաբնակ և այլն): Հայերենի բառակազմությունն այնքան բեղմնավոր ու շռայլ է, որ հայերեն նորակազմ բոլոր բառերը ոչ ոք չի էլ հասցնում գրանցել ու բառարան մտցնել: Եթե անգլերենագետների պես վարվեինք, ապա հայերենի բառապաշարը միլիոններով կհաշվեինք: Բայց մեզ բնորոշ չէ նրանց մեծապետական շովինիզմը: Ցավոք, մեզ ավելի բնորոշ է բագրատյանական նիհիլիզմը: Հուսանք՝ դրա վերջն էլ կգա, երբ մեր տնտեսագետներն ու իշխանավորները օրերից մի օր ցանկանան ու կարողանան մեր երկիրը տնտեսապես հզորացնել, որ մեր թերարժեքության բարդույթը հաղթահարվի:

Բագրատյանի խոսքի տրամաբանական մի հակասությունն էլ այն է, որ մի կողմից՝ հայտարարում է, թե հայերենի բառերը քիչ են, մյուս կողմից՝ պահանջում է եզրույթները, ապրանքանիշերը, մակնիշերը չթարգմանել և պատրաստի վերցնել (տառադարձել) օրինակ՝ անգլերենից: Իսկ դա նշանակում է, որ անգլերեն բոլոր այդ եզրույթները և այլն նաև հայերեն են, մնում է միայն տառադարձել (գրել հայերեն տառերով): «Իսկ ո՞վ ասեց՝ ինֆլյացիա-ն հայերեն բառ չի», — հռետորական հարց է տալիս «Ուրվագծի» հյուրը: Հետևաբար, ըստ Բագրատյանի՝ հայերենն էլ ունի միլիոնից ավել բառ (մեծ մասը՝ դեռևս չտառադարձած): Էլ ինչո՞ւ է նա դժգոհում: Ինչո՞ւ է ասում, թե մեր մասնագետները հայերենը չեն զարգացնում: Դե, որ անգլերենում, ռուսերենում պատրաստի ամեն ինչ կա, էլ ի՞նչ պիտի անեն մեր մասնագետները: Տառադարձե՞լ. դա հասարակ գործ է, մտածելու բան էլ չկա: Հենց պետք լինի, կանեն:

Դժգոհելու պատճառ ունեն այլ կերպ մտածողները, որոնք պահանջում են ոչ թե սոսկ տառադարձել, այլ թարգմանել օտար եզրույթները: Իսկ դա իսկապես լուրջ գործ է: Ինքը՝ Բագրատյանը, խույս է տալիս այդ գործից ու դեռ ուրիշների արածն էլ չի հավանում զանազան անիմաստ ու հակասական պատճառաբանություններով:

«Ուրվագծի» հարցազրույցը լի է անհեթեթ դատողություններով: Գրեթե ամեն միտք խոցելի է ու արժանի է անխնա «քլնգելու»: Բայց դա հարմար չէ թերթային հոդվածում: Եթե Բագրատյանը հանդուրժի, ապա դա կարող ենք անել իր էջում՝ որպես մեկնաբանություններ:

Բագրատյանների ու բագրատյանանմանների չարախոսությունները մեր մայրենիի հասցեին պետք չէ լուրջ ընդունել, քանի որ նրանք իրենց ազգային թերարժեքության բարդույթից չարացած ու ոչնչապաշտ (նիհիլիստ) դարձած հայեր են: Լուրջ պետք է ընդունել օտարազգի մասնագետների կարծիքները մեր լեզվի մասին: Հիշենք դրանցից ընդամենը մեկը: Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին դեռ անցյալ դարում հայերենը բնութագրել է որպես «մի զարմանալի յուրահատուկ շնորհ ունեցող լեզու, որ ի վիճակի է ազատորեն և ստույգ արտահայտելու միաժամանակ գիտական ճշտորոշ միտքը, փիլիսոփայական գաղափարները և բանաստեղծական նրբին, բազմերանգ կիսաստվերները»: «….Իմ գիտցած լեզուների մեջ հայերենը բացառիկ է…. նախ՝ որպես զարմանալի տրամաբանական լեզու, ապա նաև` իր ճկունությամբ, նոր բառեր կազմելու դյուրությամբ» (ընդգծումները մերն են – Հ.Մ.) (https://hy.wikiquote.org/wiki/Ֆրեդերիկ_Ֆեյդի): Իսկ Ֆեյդին այդպես ասելու իրավունք ուներ, քանի որ տիրապետել է եվրոպական ու ասիական մի շարք լեզուների:

Բագրատյանն ասում է, թե ինքն էլ տիրապետում է 6 լեզվի: Հետո՞ ինչ: Ճշմարտությունն ասելն էլ առանձնահատուկ շնորհ է, որ Ֆեյդին ունի, Բագրատյանը՝ ոչ: Իսկ սխալ ու չմտածված բան կարող է ասել բերանից թույլ ցանկացած ոք…

Հարություն Մովսիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Ruben says:

    Դու(ք) (Հարություն Մովսիսյան) կարո՞ղ ես(ք) թարգմանել՝.
    բանան, մակարոն, կոնյակ, պ(բ)արոն, սոցիալիստ, Մոիսեյ, Սերժ …

  2. Սեդրակ says:

    Փայլուն վերլուծություն է արված, հալալ է:

  3. Karen says:

    Բանանը արքայաթուզն է, կոնյակը՝ բարկողի
    սոցիալիստը՝ ընկերվարը , Մոիսեյն էլ Մովսեսն է : բարդ բան չէր :
    բարդը մենակ Սերժն է, չկա ուրիշ տարբերակ, ցավոք…

  4. Karen says:

    հա պարոն չես ուզում ասել՞, կարող ես Բլեյանի
    պես օգտագործել Տիար : մակարոնը չունի հայերեն
    տարբերակ, իսկ բարոնը միջնադարյան ազնվական
    տիտղոս է կոմսից ցածր :

  5. Մարատ says:

    քանի դեռ հոդվածի ազդեցության տակ եմ, ասեմ. թվում է, որ ՛՛կրեածիվծիվծիվի՛՛ ավելի իմաստամոտ թարգմանությունը կլինի ոչ թե ՛՛ստեղծարար՛՛, այլ՝ ՛՛նորահունչ՛՛ բառը

  6. samvel says:

    Բագրատյանականներն են, որ արատավորում են հայ ազգի ամենաճկուն և ամենահարուստ լեզուն, բոլոր գովազդներում, անուններում, էլ չգիտեմ ինչերում, առաջնությունը տալով օտարամոլությանը: Թող հավերժ ծաղկի ու զարգանա հայոց լեզուն ի հեճուկս այդպիսի լեզվադավների:

  7. Հայկ says:

    Աշխատում եմ ԻՏ ոլորտում արդեն 10 տարի
    Ամենայան պատասխանատվությամբ և մեծ ցավով պնդում եմ, որ մեր Հայերենը չի բավարարում մեզ նայնիսկ առօրյա պարզ տեխնիկական քնարկումների համար:

    Ես սիրում եմ իմ լեզուն, բայց պետք է լինել իրատես: Հիմա մեր լեզվով չենք կարող տեխնիկական քննարկում անել: Բերեմ պարզ օրինակ՝
    “Click with mouse on the magic pallet icon of the shortcut menu.”
    ՞ Measure code coverage using deep learning, with enhanced unified verification methodology”
    Փորձեք թարգմանել
    Մեկ այլ խնդիր ևս, մեր տառերի դասավորությունը ստեղնաշարի վրա ոչ պրոֆեսիոնալ է, արդյունքում շատերը գերադասում են օգտվել լատինական տառերից:
    Իսկ ինչ անել?
    Կարծում եմ նախ ճիշտ կլինի ընդունելը, որ այո ունենք խնդիր

  8. Ռուբեն says:

    Հայկ ջան 10 տարին բավական ժամանակ է նախաձեռնելու եւ լուծելու համար (կամ գոնե՝ փորձելու լուծել) եղած խնդիրները։
    Տվյալ դեպքում արդեն ավելի քան 10 տարի է, ինչ Microsoft, Samsung, Google ընկերությունների (նկատե՛ք՝ ոչ հայկական ընկերությունների) նախաձեռնությամբ հայացվում են հանրահայտ ծրագրային համակարգերի միջերեսները եւ ցանկության դեպքում ձեր բերած օրինակները հեշտությամբ կարող էիք թարգմանել, օրինակ Microsoft-ի Լեզվական կենտրոնի օգնությամբ։ Վերջապես կան եւ այլ ձեւեր, օրինակ՝ Նայիրի ցանցային հանգույցում կան բազմաթիվ բառարաններ, կա նաեւ dict.am ցանցային բառարանը եւ այլն։

    Ձեր օրինակները կարող են թարգմանվել, օրինակ, այսպես (թեեւ դուք որպես մասնագետները կարող է միքիչ այլ նրբերանգներ տեսնեք բնագրում․ առավել եւս, ուրեմն ինքներդ էլ պետք է թարգմանեք)․

    Click with mouse on the magic pallet icon of the shortcut menu. 62 գրանշան
    Կտտարցեք մկնիկով տեղային ցանկի՝ մոգական պնակի պատկերակին։ 56 գրանշան

    Measure code coverage using deep learning, with enhanced unified verification methodology. 89 գրանշան
    Չափել կոդի ծածկույթը խորը ուսուցման միջոցով, կատարելոգործված միավորված ստուգման եղանակով։ 88 գրանշան

    Ինչպես տեսնում եք, հայերեն տարբերակները նույնիսկ ավելի կարճ են։ Դա բնական է․ հայերենը անգլերենից ավելի խնայողական լեզու է, շնորհիվ բառակազմական ահռելի հզորության։

    Ինչ վերաբերում ստեղնաշարին։ Պարզ չէ, դուք որ ստեղնաշարը նկատի ունեք․ ավանդական գրամեքենայինը, թե՞ այսպես կոչված «հնչյունայինը»։ Եթե առաջինը, ապա այն հենց «պրոֆեսիոնալ» է, այսինքն հնարավորություն է ընձեռում մուտքագրել փակաչ։ Բայց, բնականաբար, դրանով պետք է սովորել աշխատել։ Ի՛նչ անես, ամեն ինչ պետք է սովորել։

    Իսկ եթե երկրորդը, ապա միեւնույն է, մնում է մուտքագրողի ցանկությունը․ անցնել հայերենի, թե լատիներենի․ պետք չէ սեփական ըտրությունը հիմնավորել այլ գործոններով։

    Ինչ վերաբերում է խնդրի առկայությանը, ապա այն իրոք կա եւ ավելի քան 10 տարի է աստիճանաբար լուծվում է։ Ի դեպ սա անվերջ ընթացք է․ աշխարհում ամեն օր ստեղծվում են տասնյակ բառեր եւ միայն որոշելու հարց է․ ապրելու ենք հայերեն, թե այլերեն։ Եթե հայերեն, եթե հայերենը մայրենի է, եթե ուզում ենք շփվել մայրենիով, պետք է նաեւ ջանք թափել։ Եթե զահլա չունենք, ի՜նչ արած։ Միայն պետք է չէ մեզնից դուրս պատճառաբանություններ որոնել։ Ինչպես ռուսն է ասում․

    Վատ պարողին խանգարում են․․․

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031