Այս սեպտեմբերին Շուշի քաղաքում գտնվող Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը արդեն երրորդ ուսումնական տարին է դիմավորելու: Ուսումնարանը բացվել է 2015 թվականին, այնտեղ կարող են սովորել 450-500 աշակերտներ: Ուսումնարանը Հայաստանում և Արցախում արհեստագործական կրթությունը բարձրացնելու առաքելությունը ունի ոչ միայն երիտասարդների, այլ նաև մեծահասակների համար:
Արհեստագործական ուսումնարանում կան ինչպես լսարաններ, որտեղ աշակերտները տեսական մասն են սովորում, այնպես էլ արհեստանոցներ, որտեղ կարողանում են իրենց ստացած տեսական գիտելիքները փորձել գործնականում: Բացի դրանից, ուսումնարանում գործում է անվճար ճաշարան, իսկ աշակերտները ուսումնառության ընթացքում կարող են բնակվել արհեստագործական ուսումնարանի նորակառույց հանրակացարանում, ուսումնարանը նաև իր աշակերտներին հագուստ է տրամադրում:
Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան հիմնադրամի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյան-ը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նման ուսումնական հաստատություն ստեղծելու միտքը կար դեռ 2009 թվականին, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականին. «2012-ին արդեն կար կտակ, որը թողել էր ֆրանսահայ Եզնիկ Մոզյանը, որը մասնագիտությամբ դերձակ էր, և լավ գիտեր արհեստի արժեքը և միշտ կրկնում էր, որ արհեստ իմացող երիտասարդը անոթի չի մնա: Ինքը փափագ ուներ, որ Հայաստանում կամ Ղարաբաղում մի այնպիսի կենտրոն կառուցվեր, որ երիտասարդները արհեստ սովորեն, աշխատանք ունենան ու չթողնեն, չհեռանան երկրից: Կտակը հանձնվեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամին, մասնագիտական հանձնաժողով կազմվեց, պատասխանատուներ ընտրվեցին և սկսեցին գործնական քայլերը»:
Վասպուրակ Կարապետյանը ուսումնարանը եզակի է համարում ամբողջ տարածաշրջանում ոչ թե կահավորվածության առումով, այլ ուսուցման համակարգի. «Երեք հիմնական բաղադրիչներով է դա բնորոշվում: Ասում են աշկերտային ուսուցման համակարգ. Հնուց եկած համակարգ է, որ սերնդեսերունդ սովորեցնում էին, փոխանցում էին արհեստը: Սա նաև կոչվում է հերթագայությամբ ուսուցում, որովհետև երկու ուսուցման վայր, որ մեկը մյուսին հերթագայում են. Ունենք ուսումնարան, ունենք նաև ընկերություններ, որոնց դերը ավելի մեծ է, քան ուսումնարանինը, քանի որ մի շաբաթ սովորում են ուսումնարանում, երկու շաբաթ՝ ընկերություններում: Քանի որ արհեստ պետք է սովորեն, հիմնական շեշտը դրված է գործնականի վրա: Մյուսը՝ երկակի ուսուցման համակարգն է, այսինքն՝ միշտ հնարավորություն կա մեկը մյուսով փոխլրացնելու»:
2017 թվականին Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը ավարտել են առաջին շրջանավարտները: Վասպուրակ Կարապետյանի խոսքերով՝ ուսումնարանը 87 աշակերտ ունի, սակայն առաջին տարվա ընթացքում մոտ 15 աշակերտի հեռացրել են, իսկ երկրորդ տարվա ընթացքում նման դեպքեր չեն գրանցվել: Այժմ ուսումնարանի երրորդ ուսումնական տարվա ընդունելության վերջին օրերն են. «Երկրորդ տարվա ընդունելությունը յուրահատուկ էր, որովհետև նախ իմիջի հարցը կա, հետո մարդիկ հետաքրքրվում, տեսնում են, թե ինչ ձևով է ուսուցումը: Եվ իհարկե՛, իրենք մի կուրս բարձր երեխաներից իմացել են, որ պետք է գան և սովորեն, և նույնիսկ շատ լավ սովորող երեխաներ եկան: Առաջին տարին շատերը եկել էին և պատկերացնում էին, որ իրենք պետք է գան գրանցվեն, մի օր էլ թուղթը վերցնեն ու գնան: Այդ մոտեցումը մերժվեց, և մենք չենք դավաճանի մեր սկզբունքին, պետք է լինի օրինակելի, լավ հաստատություն»:
Վասպուրակ Կարապետյանը նշեց, որ արտադրական ուսուցման վարպետների ընտրությունը սկզբից շատ վիճահարույց էր. «Մեր հիմնադիրների մի մասը հակված էր նրան, որ վերցնենք հին վարպետներին՝ արդեն կայացած վարպետներին դարձնենք մանկավարժ, մյուս մասը պնդում էր, որ պետք է վերցնենք ավելի շատ մանկավարժական բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց և դարձնել վարպետ: Իհարկե՛, երկուսն էլ դժվար էր, դրա համար զուգահեռ սկսեցինք հարցազրույցներ վերցնել և եկանք եզրակացության, որ ամեն դեպքում ավելի լավ է վերցնել տեխնիկական բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների, որոնք ունեն ավելի ճկուն մտածելակերպ, ավելի առաջ են նայում, համակարգչին են տիրապետում, ինտերնետ ռեսուրսից են կարողանում օգտվել, իրենց ուղարկենք Ֆրանսիա, պատրաստենք վարպետներ, քան թե հին վարպետները, որոնց մեջ, իհարկե՛, կան շատ լավերը նույն կերպ բանիմաց, աչքաբաց, բայց հիմնականում քիչ է: Նրանք հիմնականում կարծրատիպերով են, և ասում են՝ այսպես է և վերջ, բայց մեզ դա պետք չէր: Մարդիկ կան, որ կուրորեն գործը անում են, բայց երբ հարցնում ես՝ ինչո՞ւ, չեն կարողանում բացատրել, և դա ֆրանսիական կողմին չգրավեց: Դրա համար ընտրեցինք տեղացի, և բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների, շեշտը դրեցինք, որ տեղացի լինեն, նրանք Ֆրանսիայում վերապատրաստում անցան դպրոցում և շինարարական ընկերություններում աշխատեցին»:
Պարոն Կարապետյանը շեշտեց, որ համագործակցությունը միշտ կա ֆրանսիական կողմի հետ, մասնավորապես՝ արդեն երեք անգամ ֆրանսիացի մասնագետները վարպետաց դասեր են անցկացրել ուսումնարանում: Իսկ այս տարի գարնանը այցելել են Le CCCA BTP de France-ից (Comité de concertation et de coordination de l’apprentissage du bâtiment et des travaux publics) , և երեք մասնագիտության որակավորում են տվել, որով հավաստել են, որ դրանք համապատասխանում են իրենց չափանիշներին և մեդալ են տվել. «Այդ մեդալով հավաստեցին, որ մենք իրենց ընտանիքի անդամ ենք արդեն: Բացի դա էլ մեզ իրենց բանալիները տվեցին, որոնց միջոցով մենք կկարողանանք իրենց ինտերնետ ռեսուրսից օգտվել: Այսպես` այդ համագործակցությունը միշտ կա և գնալով աշխարհագրությունը մեծանում է, և բացի մարդկային ռեսուրսից օգտվելուց օգտվում ենք նաև հսկայական նյութական ռեսուրսից, որը մեզ միշտ նվիրում են»:
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան հաճախում են ոչ միայն Արցախի ամբողջ տարածքից, այլ նաև Հայաստանից. «Կամաց-կամաց Շուշիի վարկանիշն էլ է բարձրանում: Պատերազմից հետո ավիրված քաղաք է, մի քիչ քաղքենի մոտեցումներ էլ կան, որ սխալ տեղեկատվություն են տարածում, նույնիսկ ստեփանակերտցիներից ոմանք էլ ասում են՝ վայ, Շուշին ապրելու տեղ չի, բայց այդպես չէ. հոյակապ քաղաք է, և գնալով բարգավաճում է, շատ մեծ ապագա ունեցող և կարևորը՝ աճող քաղաք է»:
Պատահական չի եղել նաև վայրի ընտրությունը. «Սկզբում պետք է ընտրություն կատարեինք՝ Արցախում, թե՞ Հայաստանում: Ընտրեցինք Արցախը, քանի որ այն պատերազմ տեսած երկիր է, հետխորհրդային շրջանից ստացել ենք սարսափելի ժառանգություն. Շինությունները շատ անորակ են, և Շուշին ավիրված է, և ինքը հայտնի է եղել որպես արհեստագործների քաղաք: Այստեղ ամեն մի քայլափոխին եղել են արհեստանոցներ: Դա նաև սիմվոլիկ բնույթ ուներ և ռազմավարական հարցեր է լուծում. Այս ուսումնական հաստատությունը այստեղ կառուցելով հսկայական աշխուժություն գրանցվեց Շուշիում, սրա շնորհիվ ես, մեր աշխատակիցներից երկուսը տներ գնեցինք Շուշիում, մեկը էլի ուզում է տուն գնի: Բացի դա, հիմա մենք ունենք 41 աշխատակից, որոնց մեծ մասը Շուշիից է, աշխատատեղերի հարց լուծվեց և հենց տեղում մենք Շուշին կառուցում ենք: Մենք Շուշիում արդեն մի բնակարան ամբողջովին վերանորոգել ենք, հիմա նոր բնակարանի պատշգամբն ենք փակում, սենյակ սարքում: Հազար մի գործ, որ կոմունալ աշխատանքներով զբաղվող հիմնարկությունները չեն հասցնում անել՝ մենք ենք անում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ