Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը չի կարծում, թե ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` պաշտոնից հեռանալն ու նրա հայտարարությունը, որտեղ նա ներկայացնում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերը, փոխկապակցված էին:
Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ համանախագահն ավարտում էր իր գործունեության այդ ժամանակահատվածը, ուստի պարտավոր էր ներկայանալ ամփոփիչ զեկույցով, ներկայացնել, թե իրենք այս ընթացքում ինչ կետերի վրա են կենտրոնացած եղել:
Մեր այն դիտարկմանը, քանի որ նախկին համանախագահի ներկայացրած կետերում հիմնականում այն մոտեցումներն էին, ինչ մադրիդյան սկզբունքներում, այսպես կոչված «Լավրովի պլանում», հետևաբար կարելի՞ է ասել, որ Ռուսաստանի և Ամերիկայի մոտեցումները հակամարտության կարգավորման հարցում համահունչ են, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Խոսքն ընդամենը մեկ փաստաթղթի մասին է. Մադրիդյան սկզբունքներ: Այն փաստաթուղթը, որ սեղանի վրա է դրված, բխում է Մադրիդյան սկզբունքներից. այդ սկզբունքների տարբերակները` վարիացիաներն են: ԵԱՀԿ Մինսկի խմբում բոլորի կարծիքները, ի վերջո, կոնսենսուսով են գալիս, բայց հակամարտությունը լուծող կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են: Մյուսները միջնորդ են, ոչ թե հակամարտող կողմ»:
Գևորգ Մելիքյանը վստահեցրեց, որ խնդիրը Հայաստանի դիրքորոշման մեջ է, ուստի ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համահունչ, թե ոչ, դա էական նշանակություն առանձնապես չունի: Փորձագետն այս առիթով մանրամասնեց. «Այստեղ խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի, նաև ԼՂՀ ցանկության մեջ է. ինչպես են հակամարտության լուծումը տեսնում: Հայաստանում հանրային դիսկուրս այդ թեմայով չի եղել, միայն տարիներ առաջ մադրիդյան սկզբունքները բացեցին, մինչև այդ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն ամբողջությամբ գաղտնի էր տանում բանակցությունները: Այսինքն` իշխանություններին պետք է հարց ուղղել` իրենք ինչպե՞ս են պատկերացնում հակամարտության լուծումը: Մանևրելո՞ւ են, փորձելու են գնալ այնտեղ` բանակցությունների ինչ-որ բան ասել, վերադառնալ ու բոլոր հնարավոր միջոցներով ասել, որ ոչ մի թիզ հող չե՞նք տա, այնինչ բանակցում են մի թիզ չէ, այլ հազարավոր թիզերի վերադարձի հարցով: Ըստ փորձագետի`իշխանությունները, եթե բանակցում են տարածքների վերադարձի հարցով, պիտի ազնվորեն հայտարարեն այդ մասին»:
Մեր մյուս հարցին` Հոգլանդի հայտարարությունը, ամերիկացի համանախագահի փոփոխությունը կատարվեց Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին, հետևաբար բանակցությունների համար նոր մթնոլորտ և իրավիճակ ստեղծվո՞ւմ է, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Որևէ լուրջ փոփոխություն: Ռուսաստանը նույն իր երգն է երգում, Ամերիկան փորձում է հասկանալ, թե ինչ կարող է անել մեր տարածաշրջանում: Իսկ տարածքների հարցը միշտ է եղել, ընդ որում, հայկական կողմի նախաձեռնությունն է եղել: Ինքն է այդ փիլիսոփայությունը բերել ԼՂ հակամարտության մեջ. գրավել տարածքներ վերադարձնելու նպատակով, որոնք հնարավոր կլինի հետագայում բանակցային դարձնել` որպես լծակ»:
Հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է Հոգլանդի հայտարարությունից հետո արագ զարգացումներ լինեն շրջանների վերադարձի հարցով, և հայկական կողմը ստիպված գնա դրան, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Կապ չունեն Ամերիկան ու Ռուսաստանը: Հայաստանն ինքն է այդպես պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ լինի երկարատև խաղաղություն, հարցի լուծում, պետք է վերադարձվեն տարածքներ, դրա դիմաց ստանանք անկախության ճանաչում: Ուստի շատ կարևոր է հասկանալ ԼՂ հակամարտության հարցում Հայաստանի դիրքորոշումը»:
Հարցրինք` ո՞րն է այդ դիրքորոշումը, պարոն Մելիքյանը դժվարացավ պատասխանել` նշելով, թե հենց դրանից պետք է սկսել:
Այնուհետև համեմատեց երեք նախագահների` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ունեցած դիրքորոշումները. «Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` կարող ենք այս տարածքները քեզ տալ, այս հատվածում միասին բաներ ունենալ, հնարավոր է նաև խաղաղապահներ, չստորագրվեց: Եկավ Քոչարյանը, որը պնդում էր` ՀՀ առաջին նախագահի քաղաքականությունը պարտվողական է, բայց ինքը շարունակեց նույն Մինսկի խմբի հետ բանակցելը, շարունակեց նույն Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելը, ավելին, Ղարաբաղն այդ արանքից ընդհանրապես հանեց: Սերժ Սարգսյանն իրատես, սառը հաշվարկ, ծանրութեթև անող քաղաքական գործիչ է: Նա հաշվարկում է`ինչքանով օգուտ ու վնաս կլինի: Ըստ իս իր հաշվարկը հանգեցրել է ինչքան հնարավոր է ստատուս քվոն ձգելուն, այնքան, մինչև մի ավելի ընդունելի տարբերակ կբացվի: Ինքը պիտի գնա ու ասի, որ պատրաստ ենք տարածքներ տալ, ինչի մասին բազմիցս է հայտարարել»:
Մեր այն հիշեցմանը` Ադրբեջանը չի համաձայնում, քանի որ նրան էլ ձեռնտու չէ կարգավիճակ տալու պահանջի իրագործումը, պարոն Մելիքյանն արձագանքեց, թե մեզ ոչ ոք նման կարգի լուծումներ պարտադրել չի կարող: Բայց փաստ է այն, որ Ալիևն էլ է լավ բանակցող:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ