ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, որով արգելում է տրանսգենդերներին ծառայել երկրի զինված ուժերում, իսկ արդեն ծառայության մեջ գտնվողների ճակատագիրը թողել է Պենտագոնի հայեցողությանը, հաղորդում է BBC-ն:
Թրամփի ստորագրած հուշագրում նշվում է, որ նման որոշման համար հիմք են ծառայել, ի թիվս այլ պատճառների, տրանսգենդերների բժշկական ստուգման համար ծախսվող մեծ գումարները:
Նման որոշում ընդունելու մտադրության մասին Թրամփը հայտարարել էր շուրջ մեկ ամիս առաջ Twitter-ի իր միկրոբլոգում:
Թրամփի ստորագրած հրամանով նաև արգելվում է ֆինանսավորել ցանկացած գործընթաց, որը կապ ունի զինծառայողների սեռափոխության հետ, բացառությամբ այն գործընթացների, որոնք արդեն սկսվել են, բայց դեռ չեն ավարտվել:
2018թ. փետրվարի 21-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը պետք է Թրամփին ներկայացնի այդ փոփոխությունների իրագործմանն ուղղված մանրամասն ծրագիր:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը չի պարզաբանել՝ արդյոք արդեն ծառայության մեջ գտնվող տրանսգենդերները կարող են շարունակել ծառայությունը, թե՝ ոչ:
RAND ռազմավարական հետազոտական կենտրոնի գնահատականով՝ ԱՄՆ զինված ուժերում ծառայում է 2000-11000 տրանսգենդեր:
Ըստ կազմակերպության հաշվարկների՝ նրանց բժշկական սպասարկումը Պենտագոնի տարեկան բժշկական ծախսերն ավելացրել է առավելագույնը 0.13 տոկոսով (8.4 մլն դոլար):
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ