Այս տարվա գարնանը Նոյեմբերյանի տարածաշրջանում գտնվող, Դեբեդի հովտի դեղձի այգիները կարկտահարվեցին: Բերքի կորուստը մեծ էր: Ստացված բերքի մի մասը, կարկտահարության հետեւանքով, որակյալ չէր: Ապրանքային տեսք չունեցող միրգը հնարավոր չէր շուկայում վաճառել:
Տավուշի մարզի միրգ վերամշակող ձեռնարկությունները, թեկուզ ցածր գնով, այդ դեղձը չընդունեցին: Ոչ որակյալ դեղձը Նոյեմբերյանի տարածաշրջանից Արարատյան դաշտի վերամշակող գործարաններ չտեղափոխվեց, քանի որ ընդունման ցածր գներ էին առաջարկում: Բացի այդ, հարկ էր հոգալ Նոյեմբերյանի տարածաշրջանից մինչեւ գործարան մրգի տեղափոխության մեծ ծախսերը: Այդ պատճառով նոյեմբերյանցի այգեգործները գերադասեցին կարկտահարությունից վնասված դեղձից տնական օղի թորել:
Տավուշի մարզում միայն Դեբեդի հովտի համայնքներում են տեղադրված հակակարկտային համակարգեր, որոնց աշխատանքի արդյունավետությունը բարձր չէ: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզխորհրդի վերջին՝ հուլիսի 27-ի նիստում հայտնեց, որ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն հայտ է ներկայացվել Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի տարածաշրջաններում, Նոյեմբերյանի տարածաշրջանի մի հատվածում հակակարկտային սարքավորումներ տեղադրելու համար:
Նրա խոսքերով՝ որպես պիլոտային ծրագիր Լոռիում փորձարկվում են հակակարկտային հրթիռային համակարգեր, որոնց արդյունավետությունը ստուգելուց հետո Տավուշի մարզին կարող են հատկացվել նման համակարգեր: Մարզպետն ասաց, որ կարկտի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը հակակարկտային ցանցերն են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ