Երբ 2017-ի հունիսին գերմանաբնակ ծանոթներս ինձ ասացին, թե Հայաստան մեկնել են ուզում, բայց տոմս չեն գտնում, մտածեցի` պահն ուղղակի համընկել է դպրոցական արձակուրդին, օրեր հետո` անպայման կգտնեն… Նրանք իմ մտքի թելն ամուր կծկեցին, Հայաստան գնալու իրենց` այս տարվա ցանկությունը գրի առան օրացույցի 2018-ի հունվարյան էջում, որ տոմսի գինը մատչելի լինի, իսկ այս տարվա հայաստանյան հանգիստը 4 հոգանոց ընտանիքը փոխարինեց իսպանական լողափով` Հայաստան գնալու օդանավի տոմսի գինը ճանապարհածախսի հետ հյուրանոցն ու նախաճաշն էլ ներառեց, իսկ արեւն այնտեղ գայթակղելու գոնե մի առավելություն ունի, ասացին` եվրոպացիների սառած մարմինները համբուրում է թավշյա փափկությամբ:
Հայաստանի արեւն ինչքան էլ կծի, ինչքան էլ շոգն անտանելի լինի, շատերն են հենց ամռան ամիսներին նախընտրում Հայաստան գալ: Ես էլ, տարին բոլոր Հայաստանն իմ սրտում, հենց ամառն ու արեւն եմ կարոտում: Սովորաբար տոմս նախապես էի պատվիրում ու չգիտեի, որ 90-ականներից մեր բառապաշար մտած «շրջափակված երկիրն» իսկապես դե ֆակտո գոյություն ունի, եւ մի օր խարխլվելու է` ուղեղիս ծալքերում «մտացածինի» համարում ունեցող այդ բառակապակցությունը:
Հուլիսին ամեն օր Դյուսելդորֆից Երեւան թռչելու տոմս եմ փնտրում: Մեկ կանգառով միայն: Երեւանը Գերմանիայի որեւէ քաղաքի հետ թռիչքի ուղիղ կապից զրկված է արդեն տարիներ ի վեր, որեւէ վայրից ուղիղ կապով Երեւան հասնելու ընտրությունն էլ մեծ չէ ամռան այս արձակուրդային սեզոնին` Փարիզից, Բրյուսելից, Ամստերդամից, Վիեննայից, Մոսկվայից, Կիեւից ասես բոլորը մեր երկիր են շտապում` անսալով զբոսաշրջությունը գերակա հռչակած մեր կառավարության կոչին: Տոմս իսկապես չկա:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում