Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո

Օգոստոս 26,2017 10:33

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է  5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է  31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարեն Բոթոյանի խոսքով՝ մարզի զարգացման գերակա ուղղություններից է  գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել  է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում ՀՀ կառավարություն է ներկայացվել 9 ներդրումային ծրագիր՝ 2 մլրդ 56 մլն 600 հազ․ դրամի չափով։ Նշված ծրագրերից կառավարության հավանությանն է արժանացել  6-ը։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամ են ներկայացվել 33 ներդրումային ծրագրեր, որոնք դեռևս քննարկման փուլում են: Կարեն Բոթոյանը վստահեցրել է, որ նոր աշխատատեղերի ստեղծման հարցը գտնվում է մարզպետարանի ուշադրության կենտրոնում:

Մարզպետն ընդգծել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից  է նաև զբոսաշրջությունը: Նկատի ունենալով, որ դեպի մարզ զբոսաշրջային  հոսքերը  կրում են սեզոնային բնույթ, ինչի հետևանքով հատկապես ձմռան ամիսներին ակտիվությունն էական անկում է ապրում, մարզպետի կարծիքով, կարելի է ստեղծել ձմեռային հանգստի անհրաժեշտ գոտիներ, ինչպես նաև Սևանի ավազանը հագեցնել հայտնի սրճարանների և ժամանցի վայրերի ցանցով:

Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ բացառությամբ մարզի Արծվաշեն համայնքի, մնացած 91 համայնքների ավագանիների կողմից հաստատվել են համայնքի զարգացման ծրագրերը: Բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային անձնագրերը։ Նա զեկուցել է նաև, որ 2017-2018 ուսումնական տարվա նախաշեմին լուրջ խնդիրներ չունեն: Միայն մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական  հաստատություններում սովորելու են ավելի քան 27 հազ․ 800 աշակերտ:

Մարզի 91 համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը 7 ամսվա կտրվածով կազմում է 88 տոկոս, իսկ տարվա պլանի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած կատարողականն ավել է 12.8 տոկոսով:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզն այդ առումով ունի ամենացածր նշաձողը և ընդգծել, որ այստեղ առկա է հավաքագրումների կարգապահության խնդիր: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ 2017 թվականի համար մարզի համայնքների սեփական եկամուտների աճը նախատեսվում է 9 տոկոս, այն դեպքում, երբ  մյուս մարզերում այդ թիվը տատանվում է 15-20 տոկոսի սահմաններում: «Մեր բոլոր համայնքապետերը պետք է հստակ իմանան, չի կարող լինել այնպես, որ հանրապետական բյուջեով եկամուտները հավաքագրվեն 100 տոկոսով և ըստ նախատեսվածի հատկացումներ կատարվեն համայնքներին, իսկ վերջիններս ինչպես ցանկանան հավաքագրեն, պլանավորեն», – նշել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացն իրականացվելու է կոշտ հսկողության ներքո: «Մենք ցանկանում ենք ստեղծել հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք համայնքապետերի իրավունքները, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է գործեն, մենք՝ այլ, որովհետև մենք պետբյուջեի եկամուտները ձևավորում ենք նույն քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով, որոնց հետ համայնքապետերն են աշխատում», – ասել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել են Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ 2016թ.-ի ընթացքում մարզում գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 153 մլրդ դրամ, իսկ ոլորտում գործում է 63 հազար գյուղացիական տնտեսություն: Մարզում կան կաթիլային ոռոգման համակարգով գործող հաջողակ մի քանի տնտեսություններ, որոնցից վերջինը հիմնվել է Շորժա համայնքում: Այն ընթացիկ տարում շարունակում է ընդլայնվել, ինչի արդյունքում գալիք տարիներին հոկտեմբեր ամսին կունենանք ծիրանի բերք: Կարեն Կարապետյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը և կարևորել կառավարության կողմից սուբսիդավորվող գյուղտեխնիկայի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի տեղադրման ծրագրերի շարունակական և ակտիվ ներկայացումը գյուղացիական տնտեսություններին: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նշված ծրագրերը գյուղոլորտում  որակ են փոխելու:

Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ մարզում առկա 5 հազար 800 իրավաբանական անձանցից աղբահանության պայմանագրեր են կնքվել միայն 800-ի հետ, ինչը վարչապետն անընդունելի է համարել: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության ուղղությամբ գործելաոճը և պահանջել է սեղմ ժամկետներում ավարտին հասցնել պայմանագրերի կնքման գործընթացը: Կարեն Կարապետյանը նկատել է նաև, որ հանրապետական միջին ցուցանիշից Գեղարքունիքի մարզի ցուցանիշն այդ ուղղությամբ ամենացածրն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև մարզի Կալավան և Վարդենիկ համայնքներում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, Կալավանում վեր են հանվել առկա խնդիրները և հաշվի առնելով համայնքի առավելությունները՝ իրականացվել են արկածային, հնագիտական զբոսաշրջության և օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագրեր: Արդյունքում տարեկան համայնք այցելող զբոսաշրջիկների թիվը հասել է 10 հազարի: Մշակվել է համայնքի զարգացման 10-ամյա ծրագիր:

Վարդենիկ համայնքում էլ իրականացվել է «Սարերի բարիք» ծրագիրը, որի շրջանակում համայնքի բնակիչները սարերից հավաքում են տարբեր բանջարեղեններ և հանձնում մթերման: Արդյունքում աշխատանքով ապահովվել է 65 ընտանիք: Նշվել է, որ չորացված և սառեցված բանջարեղենն ամբողջությամբ իրացվում է: Ծրագիրն ընդլայնելու համար պահանջվում է 13 մլն դրամ:

Կարեն Կարապետյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ամեն կերպ աջակցել նշված երկու ծրագրերին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն: Կառավարության ղեկավարը հորդորել է նմանատիպ հաջողված ծրագրերը ներկայացնել այլ համայնքների ղեկավարներին ու բնակիչներին:

ՀՀ Կառավարություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031