Լրահոս
Օրվա լրահոսը

Շորժայում էլ է աղբի գերեզմանն ընդլայնվելու` եթե կառավարությունը այլ լուծում չգտնի

Օգոստոս 26,2017 14:30

«Համայնքային թափոնների կառավարումը պետք է իրականացվի առանց շրջակա միջավայրի եւ մարդու առողջության համար սպառնալիքի եւ մասնավորապես այնպես, որ թափոնների կառավարումը չպետք է վտանգի ջրին, մթնոլորտին, հողին, բուսական եւ կենդանական աշխարհին, պատճառի տհաճություն աղմուկով կամ հոտով, բացասաբար ազդի երկրի ողջ տարածքի վրա, հատկապես հատուկ պահպանվող տարածքներում եւ մշակութային տեսարժան վայրերում»,-սա ամրագրված է «Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում: Այս օրերին նախագիծը քննարկման է դրված: Սակայն, մասնագետների պնդմամբ, օրենք դառնալու դեպքում էլ այն լիարժեք չի գործի, եթե աղբի վերամշակման հարցը մեր երկրում չլուծվի: Մինչ այժմ աղբից համայնքներն ազատվում են կամ այրելու միջոցով կամ` թաղելու: Ե՛վ մեկը, ե՛վ մյուսը, բնապահպանների վկայությամբ, խիստ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար:

15 օրը մեկ Սեւանի տարածաշրջանի Շորժա համայնքում տոննաներով աղբ է թաղվում: Համայնքն աղբից ազատվելու այլ տարբերակ չունի: Երկու-երեք օրը մեկ Շորժայի համայնքապետարանը իր սեփական ուժերով տարածքի ողջ աղբը հավաքում է եւ լցնում Շորժային կից աղբանոցում, բայց աղբն այդտեղից այլ վայր չի հեռացվում, այլ` ավելի խորը թաղվում է: Մինչ աղբը գերեզման կունենա, քամին ու հարակից տարածքի բնակիչները աղբավայրում «քուջուջ» են անում` գարեջրի ու պլաստիկ շշեր հավաքում` աղբը կրկին այս ու այն կողմ տարածելով:

Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է՝ «Նամուսի խաթեր եմ անում, մեր տարածքն է հավաքում ենք»:

Գյուղապետը ցավով է նշում, որ Սեւանի ափին հանգստացող հովեկները խիստ անտարբեր են մաքրության նկատմամբ եւ բնության ու շրջապատի նկատմամբ առանց խղճի խայթ զգալու աղբն իրենցից հետո թողնում են անտառներում, Սեւանի ափին: Հատկապես ամռան ամիսներին այս տարածքում աղբի քանակությունը եռապատկվում, քառապատկվում է՝ տուրիզմի սեզոնով պայմանավորված:

«Եթե երեք օրը մեկ, չհավաքենք, անտանելի վիճակ կլինի: Բացի այդ ամեն շաբաթ-կիրակի էլ մաքրում ենք: Աղբահանությունն արվում է Շորժայի ողջ վարչական տարածքով մեկ: Միլիոնավոր պարկերով հավաքում ենք, չնայած նրան, որ ոչ այդքան ռեսուրս ունենք, ոչ էլ՝ ֆինանս, բայց թողնել էլ չենք կարող, դրսից մեկը գա կթքի մեր երեսին: Ընկած տարածքով մեկ, պարկը ուսներիս աղբը հավաքում ենք, հետո բուլդուզերով թաղում ենք: Արդեն 7-8 տարի է այդպես հավաքում ենք, վերջին տարում ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին, 15 օրը մեկ թաղում ենք»,-ասում է Սուլիկո Շուշանյանը:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե բնապահպանները պարբերաբար մտահոգություն են հայտնում, որ թաղելու միջոցով էլ շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցվում, քանի որ քիմիական այդ նյութերը հարյուրավոր տարիներ հողում մնում են` առաջացնելով թույներ, Շորժայի համայնքապետն ասաց, որ այս պահի դրությամբ «ամենաօպտիմալ լուծումը դա է»: Ըստ նրա, մինչեւ աղբի վերամշակման գործարան մեր երկրում չկառուցվի, աղբից ազատվելու այլ տարբերակ չի լինի:

Աղբավայրին կից, որտեղ օրերս շրջում էինք, առկա են նաեւ ճահճակալած լճակներ, որոնք նույնպես աղբով` պոլիէթիլենային տոպրակներով լիքն էին: Կողքով անցնելիս շրջակայքով մեկ տհաճ հոտ էր տարածվել: Պարոն Շուշանյանն ասաց, որ խորհրդային տարիներին այդ տարածքում ավազի հանքեր են եղել եւ քանի որ վերջին տարիներին Սեւանա լճի մակարդակը բարձրացել է, խորը փորված ավազահանքերը ջրով լցվել են, այդ ջրերին էլ գումարվել են անձրեւաջրերը:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Սիրելի Լուսինե, աղբի գերեզմանը ո՞րն է… Նեղություն քաշիր ,,գերեզման,, բառի ծագումն ու նշանակությունը ճշտել…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031