Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկան կերին տիրանալու համար կինը «նախնական համաձայնության էր եկել քննությամբ ինքնությունը չպարզված ոմն Աշոտի հետ»

Օգոստոս 26,2017 14:00

«Առավոտը» վերջերս էր անդրադարձել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտված Արծրուն Հարությունյանի գործին, երբ մեկ կիլոգրամ խոզի մսի գողության համար պահանջվել էր նրան ազատազրկել երկու տարի ժամկետով:

Մեղադրողն ազատազրկում է պահանջում նաեւ Շողիկ Ոսկանյանի համար եւ խնդրում է բեկանել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 600 000 դրամի չափով տուգանքի համար: Ամբաստանյալ կնոջ պաշտպանը պահանջում է արդարացնել նրան եւ դատարանով ճանաչել անպարտ:

Ամբաստանյալ Շողիկ Ոսկանյանը թե քննիչի մոտ նախաքննության, թե դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել: Նա մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ խարդախության՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու հանցակազմով:

Ամբաստանյալ կինը ցուցմունք էր տվել, որ 2015 թվականի հունիս-օգոստոս ամիսներին իր ընկերոջ՝ Գ. Մնացականյանի հետ բնակվել է Էրեբունի համայնքում վարձակալած տներից մեկում: Օգոստոսյան մի առավոտ ընկերոջ բջջային հեռախոսին զանգ է եկել, եւ ընկերը խնդրել է, որպեսզի Շողիկը պատասխանի։ Զանգողը ներկայացել է Աշոտ անունով, ասել է, որ ունի դուստր, խնդրում է իրեն օգնեն:

Նա խնդրել է, որպեսզի Շողիկենք գնեն ձկան կերը, այն պահեն իրենց մոտ, քանի որ նա Երեւանում չէ, կգան, հետո կվերցնեն:

Նա Շողիկին ասել էր, որ ներկայանա «Աշոտի աղջիկ» եւ գրի պարտավորագիր:
Խոսակցության մասին Շողիկն ընկերոջը չի հայտնել: Որոշ ժամանակ հետո նրան է զանգել Գեւորգ անունով մեկը, ասելով, թե հեռախոսի համարը տվել է Աշոտը՝ Շողիկի հայրը, եւ ձկան կերի հետ կապված պայմանավորվել են հանդիպել «Նոր Զովք» խանութի մոտ:

Ըստ Շողիկի ցուցմունքի, հանդիպել են նշյալ խանութի մոտ, ապա մեքենայով եկել իրենց վարձակալած տան ավտոտնակի մոտ եւ ավտոմեքենայից դատարկել ձկան կերը։ Գեւորգի թելադրանքով՝ «Շողիկ Օհանյան» անվամբ Շողիկ Ոսկանյանը գրել է ստացական. «Գեւորգին չասացի, որ ազգանունս Օհանյան չէ, մտածեցի, որ դա կարեւոր չէ»։ Գեւորգը հեռացել է, իսկ 10 րոպե անց սպիտակ մեծ մեքենայով եկել են ձկան կերը տանելու։ Մի քանի օր հետո Գեւորգը զանգել եւ պահանջել է, որպեսզի «Աշոտի աղջիկը» հորից փողը բերի: Նա ասել է, որ Աշոտն իր հայրը չէ եւ այդ մասին անհանգստացած պատմել է ընկերոջը: Ի դեպ, ընկերն իմանալով այդ մասին, ասել էր, թե Աշոտը կալանավորված էր: Շողիկն ընդհանրապես Գեւորգ Սիմոնյանին չի ճանաչել եւ նրանից երբեւէ ձկան կեր չի վերցրել:

Գեւորգն այդ ժամանակ 9 պարկ ձկան կերը դրել էր ավտոտնակում։ Նա Գեւորգին տված պարտավորագրով պետք է նրան վճարեր 312 հազար ՀՀ դրամ՝ այդ կերի դիմաց:

Ամբաստանյալն ասել էր .«Տեղյակ չէ, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշոտի ու Գեւորգի միջեւ ձկան կերի գնի շուրջ, ինքը դրանով չի հետաքրքրվել, այդ գործարքի հետ որեւէ կապ չունի։ Իր կողմից ստացված ապրանքի արժեքը չգիտի, չի հիշում, թե որքան գումար է նշել պարտավորագրում, գրել է այն, ինչ իրեն ասել է Գեւորգը։ Ձկան կերի պարկերի քանակը նույնպես չի հիշում»։

Այս գործով տուժող ճանաչված Գեւորգ Սիմոնյանը դատարանում հայտնել էր, թե 2015 թվականից զբաղվել է ձկան կերերի վաճառքով, այդ մասին հայտարարություն է տվել «List.am» կայքում։ Օգոստոսին նրան է զանգել Աշոտ անունով մեկը, ցանկություն հայտնել մեծ քանակությամբ ձկան կեր գնելու։ Պայմանավորվել են ձկան կերի գնման պայմանների շուրջ, պայմանավորվել են, որ Աշոտին կվաճառի 9 պարկ «Coopens» ապրանքանիշի ձկան կեր: Յուրաքանչյուր պարկի քաշը 25 կգ էր, իսկ մեկ կգ արժեքը՝ 1400 դրամ: Ապրանքի ընդհանուր գինը որոշվել էր 312.000 ՀՀ դրամ։ Աշոտն ասել էր, թե քաղաքում չէ, եւ առաջարկել էր ձկան կերը հանձնել աղջկան՝ Շողիկին, խոստացել է, որ երեք օրից 312.000 ՀՀ դրամ գումարը կփոխանցվի իր հաշվեհամարին։ Տուժողը համաձայնել էր նախնական պայմաններին, եւ ասել էր, որ կերը կթողնի Աշոտի աղջկա տանը: Աշոտը նրան տվել էր Շողիկի հեռախոսահամարը։ Ի դեպ, պարտավորագիրը գրելու ժամանակ տուժողը Շողիկից խնդրել էր նրա անձնագիրը, ինչի կապակցությամբ Շողիկը հայտնել էր, թե իր անձնագիրը երեխայի հետ կապված գտնվում է պոլիկլինիկայում։ Շողիկը գրել է պարտավորագիր, որտեղ նշել էր «Շողիկ Աշոտի Օհանյան»: Գումարի հետ կապված տուժողը զանգել էր թե Շողիկին, թե Աշոտ ներկայացածին, մի անգամ էլ Շողիկը ասել է. «Այնքան է զանգել, որ իր պատճառով Աշոտը ճանապարհին վթարի է ենթարկվել»։ Տուժողին այդպես էլ որեւէ գումար չէին տվել: Քրեական գործի դատաքննության ժամանակ պարզվեց նաեւ, որ տուժողը քաղաքացիական հայցով դիմել է դատարան, խնդրելով Շողիկ Ոսկանյանից իր օգտին բռնագանձել 312.000 դրամ։

Ամբաստանյալի ընկերը ցուցմունք էր տվել, որ Աշոտ անունով անձի ճանաչել է կալանավայրում՝ 2012 թվականին, երբ կալանավայրում էր: Աշոտը երբեմն զանգել է ընկերոջը՝ ծխախոտ ու լիցքավորման քարտ է խնդրել։ Երբեք Շողիկին չի ասել, թե Աշոտ անունով ընկեր ունի եւ նա կալանքի տակ է գտնվում. «Շողիկն Աշոտին չի ճանաչել, իսկ թե ինչու է Շողիկն անծանոթ մարդու խնդրանքը կատարել, չեմ կարող պատասխանել»:

Դատարանն անարժանահավատ է համարել Շողիկ Ոսկանյանի ցուցմունքներն այն մասով, որ վերջինս տուժողին խաբելու մտադրություն չի ունեցել եւ չի գիտակցել նրանից ձկան կերը վերցնելու իրական նպատակը:

Ընդսմին, ըստ դատարանի իրավական գնահատականի. «Տուժող Գեւորգ Սիմոնյանին մոլորեցնելը Շողիկ Ոսկանյանի կողմից իրականացվել է ինքնությունը չպարզված անձի՝ ոմն Աշոտի հետ համատեղ, ըստ նախնական պայմանավորվածության։ Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն անմիջականորեն մասնակցել եւ իր ներդրումն է ունեցել տուժողին մոլորության մեջ գցելու գործում»։

Դատարանը հաշվի առավ, որ ամբաստանյալը երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել եւ վճռեց Շողիկ Ոսկանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի՝ 600.000 դրամի չափով։

Նշենք, որ Շողիկ Ոսկանյանի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

25.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031