Օգոստոսի մեկին Վայքից Երեւանի Մուրացան հոսպիտալ տեղափոխված ու չորս օր անց մահացած պայմանագրային զինծառայող Վահե Մարգարյանի քույրը՝ Մարիամ Մարգարյանն ահազանգում է, որ եղբոր մահվան իրական պատճառը պաշտոնապես մինչ օրս բացահայտված չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ Ջերմուկում անչափահաս տղան տրակտորով ճխլել է համագյուղացուն:
Անչափահաս տղան տրակտորով Վահե Մարգարյանին ճխլելուց հետո, ըստ Մարիամ Մարգարյանի, դեպքի վայրից փախել է, ավելի ուշ են նրան գտել ու բերել դեպքի վայր, որ վերջինս տրակտորը շարժի առաջ, որ Մարգարյանը կարողանա դուրս պրծնել: Ըստ մեր զրուցակցի՝ Վահե Մարգարյանին հիվանդանոց են տեղափոխել ազդրի ու ողերի ջարդվածքներով ու ներքին արյունահոսությամբ, աղիքն էր վնասվել:
Վայքի հիվանդանոցում Մարգարյանին վիրահատել են. «Տեսել են, որ եղբայրս արյունաքամ է լինում, արյան կարիք է եղել, լաբորանտներից մեկը, չգիտես ոնց, որոշել է՝ եղբորս երկրորդ կարգի արյուն է պետք, մինչդեռ եղբայրս երրորդ կարգի դրական արյուն ուներ, եղբորս աղջիկն ասել է՝ երրորդ կարգի է արյունը, բայց նրա ասածին ուշադրություն չեն դարձրել ու ներարկել են երկրորդ կարգի արյուն, եղբայրս ցնցումների մեջ է ընկել, հարցրել են՝ ինչ ցնցում է, ասել են ուշքի է գալիս, ավելի ուշ, երբ հասկացել են, որ վիճակը չի կայունանում, նրան տեղափոխել են Երեւան»:
Մարիամ Մարգարյանի պատմելով՝ ավելի ուշ իմացան՝ Վայքի հիվանդանոցում եղբայրը երկու անգամ սրտի կանգ է ունեցել, իսկ Մուրացանի հոսպիտալում էլ իրենց հայտնեցին, որ եղբորը սխալ արյուն են ներարկել. «Մեզ ասացին, որ նրա ստացած կոտրվածքները երկրորդ պլանում են, սխալ արյունից թրոմբներ են առաջացել, մահվան հիմքը գալիս է հենց արյան սխալ ներարկումից, բայց չգիտեմ՝ ինչու մինչեւ հիմա չի բացահայտվել: Նրա մահվան վկայականի մեջ գրված չէ, որ սխալ արյուն են ներարկել»:
Հիշեցնենք, որ Վայքի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Մարգարյանն իրենց մոտ տեղափոխվել էր տրավմատիկ վնասվածքներով, նույն օրը իրենց հիվանդանոցից տեղափոխվել է Երեւան, հինգ օր անց էլ Երեւանում մահացել: Նա չընդունեց, որ իրենց հիվանդանոցում սխալ արյուն են ներարկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ