Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով ցուցմունք տվեց վկա Աշոտ Գուգուշյանը, որը մեկ այլ քրեական գործով որպես մեղադրյալ է անցնում: Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, ուստի հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը: Ըստ դրա՝ Աշոտ Գուգուշյանին պատկանող մեքենայով Ժիրայր Սեֆիլյանի համախոհը՝ Հրայր Թոփչյանը, ով եւս այս գործով մեղադրյալներից է, զենք է տեղափոխել:
Գուգուշյանը, սակայն, նախաքննական ցուցմունքում նշել է, որ տեղյակ չի եղել դրանից: «Ես չեմ իմացել, որ մեքենայիս բեռնախցիկի արկղերի մեջ հրազեն ու փամփուշտ կա, Հրայրը չի ասել նման բան…Ես տեղյակ չէի, որ զենք կա…գիտեի, թե շինարարական գործիքներ են, դա ինձ համար անակնկալ էր: Եթե իմանայի, թույլ չէի տա»,-ասել է նա:
Այսօրվա նիստն այս հարցաքննությամբ ավարտվեց: Հաջորդը, ըստ սահմանված կարգի, տեղի կունենա մյուս ուրբաթ՝ 11 00-ին: Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ