Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան.«Եթե միայն Ռուսաստանը կարգավորի ԼՂՀ հարցը՝ մենք կկորցնենք Ղարաբաղը»

Օգոստոս 25,2017 15:40

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահի օրերս արած հայտարարությունը դրական է գնահատում: Այսօր այս մասին պարոն Գրիգորյանն ասաց «Մեդիա կենտրոնում»:

Գրիգորյանի խոսքերով՝ «Շատ դրական է որ ԱՄՆ-ն սկսեց ակտիվ զբաղվել Ղարաբաղի հարցով: Հայաստանում՝ հասարակության եւ քաղաքական ուժերի շրջանում կա կոնսեսուս այս հարցում: Ես նույնիսկ մարդ չեմ գտնում, որ այս հարցը քննարկի: Եթե միայն Ռուսաստանը կարգավորի ԼՂՀ հարցը՝ մենք կկորցնենք Ղարաբաղը: Ես չեմ բացառում՝ ԱՄՆ նախաձեռնությունները կլինեն միակողմանի»:

Ըստ Գրիգորյանի, ԱՄՆ-ն ասում է՝ վստահության մթնոլորտն է գլխավորը, եթե մենք ուզում ենք վերսկսել բանակցությունները դա է գլխավորը եւ դիպուկահարների հարցը լուծեք: «Ու քանի որ ԱՄՆ-ն շեշտադրված դրեց այդ հարցը, հետո Մարիա Զախարովան ասաց՝ այո, այո այդ հարցերը կարեւոր են: Ամենակարեւորը՝ ԱՄՆ-ն ասում է՝ ադրբեջանցիք, դուք ասում եք զորքերի դուրս բերում ՝ նոր խոսում ենք, մենք ասում ենք՝ կան մադրիդյան քայլեր, որոնք պարունակում են ամեն ինչ՝ եւ Ղարաբաղի կարգավիճակի ֆիքսում եւ զորքերի դուրսբերում եւ այլ հարցեր: Սա շատ կարեւոր է ու դրական մեզ համար: Վերջին 4 տարում Ալիեւն ու Մամեդյարովը հանդիպումների ժամանակ ասում են՝ զորքերը դուրս բերեք՝ հետո լուծենք: ԱՄՆ-ն եկավ ասելու՝ վերադառնում ենք ինչ-որ տարբերակների՝ մադրիդյան: Սա դրական է մեզ համար, քանի որ Ադրբեջանի գլխավոր սկզբունքը՝ Ղարաբաղի միջանկյալ ստատուսն է, խաղից դուրս գա, ու մնա մի բան՝ տարածքներ՝ դուք, այսպես կոչված, օկուպացրել եք, ազատեք՝ հետո խոսենք»:

Ասուլիսին ներկա Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ նկատեց՝ «ԱՄՆ-ն ստիպված է սա անել: Որովհետեւ Ռուսաստան- Թուրքիա մերձեցում կա, C-400 համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանավորվածություն կա, ինչը մտահոգիչ է ԱՄՆ-ի համար: Սպիտակ Տունը հենց առաջին պահից դրա մասին հայտարարեց՝ ապակայունացնող քայլ է տարածաշրջանում: Այս կտրվածքով ԱՄՆ-ի համար հայ-թուրքական եւ ԼՂՀ հիմնահարցը լինելու են Թուրքիայի վրա ազդելու գործիքներից մեկը»:

Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներով տարածքների վերադարձման հարցին, Սաֆարյանն ասաց, որ դրա կողմնակիցն է ոչ միայն ԱՄՆ-ն, նաեւ՝ Ռուսաստանը:

Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց.«Բայց մի կարեւոր բան կա՝ ԼՂՀ-ի ինքնորոշումը կա այդտեղ: Պետք է հստակեցնել ժամկետները եւ այլն, իսկ Ադրբեջանի նպատակը սա հանելն է: Մադրիդյան սկզբունքների մեջ մտավ ԼՂՀ կարգավիճակը, եթե անգամ ժամանակավոր կարգավիճակ տրվի, բայց միջազգային հանրության կողմից ընդունվի, սա շատ լուրջ բան է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031