Սևանի թիվ 1 հանրային լողափը դեռևս առավոտից հյուրընկալում էր ոչ միայն հանգստացողներին, այլ նաև մարտարվեստների փառատոնի մասնակիցներին:
Առաջին անգամ անցկացվող փառատոնի մասնակցության հայտ էին ներկայացրել Կիոկուշին կարատեի /ֆեդերացիայի նախագահ` Անդրանիկ Հակոբյան/, Այկիկենդո կարատեի /նախագահ` Դավիթ Աթանեսյան/, Ռազմական թաեքվոնդոյի /նախագահ` Վրեժ Խաչիկյան/ ֆեդերացիաները:
Հետզհետե ափը ծածկվում է բազմագույն մարզահագուստներով 400 մարզիկների շարքերով, ովքեր եկել էին իրենց ֆիզիկական և կամային ուժը ցուցադրելու:
Փառատոնի կազմակերպիչ, Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի փոխանցմամբ` փառատոնը անցկացվում է առաջին անգամ և վայրն էլ ընտրվել է Սևանի ափը: Սա լավագույն հարթակ է նմանատիպ ֆեդերացիաներին համախմբելու, կիսվելու հաջողություններով, ունեցած փորձով, ինչպես նաև հաստատելու գործնական-ընկերային հարաբերություններ:
Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ այն ունենալու է շարունակություն, ավելին` դառնալու է ավանդական և հաջորդ տարիներին առավել մեծ թվով մարզիկների է ներգրավելու:
Հանրային լողափում հավաքվածները, հանգստացողներն ականատես դարձան մարզական հիանալի և չկրկնվող միջոցառման: Մասնակիցները նախապատրաստել էին մեկը մյուսից գրավիչ և բարդ ելույթներ և բազմիցս արժանացան բուռն ծափողջույնների:
Արևը, ջուրը, ավազը փառատոնի անցկացման համար ստեղծել էին հիանալի պայմաններ, և մարզիկներն էլ համատեղեցին հաճելին և օգտակարը:
Ինչպես նշեց Անդրանիկ Հակոբյանը, կրկին վերադառնալու են Սևան, այս անգամ` նոր հաջողություններով, նոր կազմով և ձեռնարկներով և շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին իրենց ձեռնարկը ողջունելու, լավագույն և արդյունավետ համագործակցության համար:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ