«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը ներկայացրեց միջնորդություն՝ Սասունիկ Կիրակոսյանին գրավով ազատ արձակել կամ փոխարինել խափանման միջոց կալանքը: Պաշտպանը հիմնավորեց, որ Կիրակոսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. «Նրա ստամոքսի 2.3-ը հեռացված է, խոց ունի: Առողջական խնդիրներն առաջացել են մարտական ճանապարհ անցնելուց հետո»:
Ապա Կարեն Հակոբյանը ներկայացրեց Կիրակոսյանի անցած մարտական ուղու վերաբերյալ փաստաթուղթ. «92թ. նա ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել, եղել է ՀՅԴ Բաղրամյանի շրջանի ջոկատի հրամանատարը, իսկ Շուշիի առանձնակի գումարտակի կազմում՝ գումարտակի հրամանատարի տեղակալ»:
Պաշտպանը նաեւ հայտնեց, որ Սասունիկ Կիրակոսյանն ունի մանկավարժ-միջազգայնագետի որակավորում: Դատարանը, քննարկելով միջնորդությունը, որոշեց այն մերժել:
Հիշեցնենք, որ Սասունիկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով պահել և փոխադրել է ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք` նպատակ ունենալով պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ: Սասունիկ Կիրակոսյանը գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է հանցագործության նախապատրաստությունից և անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողություններից, ապա հրաժարվել ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ