Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համանքապետից պահանջում է վերաբացել Վանաձորում փակված գրադարանները

Օգոստոս 25,2017 13:52

Հունիսի 25-ից Վանաձորի գրադարանային համակարգում գործող 8 գրադարաններից 4-ը համայնքի ավագանու որոշմամբ օպտիմալացվեց: 3 գրադարաններ, որոնք տեղակայված են դպրոցներում, կհանձնվեն դպրոցներին, իսկ 1 գրադարան օպտիմալացման արդյունքում փակվեց:

Որոշման հետեւանքով կրճատվեց նաեւ հաստիքների թիվը: Նախկին 62 աշխատակցի փոխարեն՝ այժմ համակարգում աշխատում է ընդամենը 28-ը: Նախկին 57,5 դրույքի փոխարեն, օպտիմալացման արդյունքում գրադարանն ունի 21 դրույք:
Հիշեցնենք, որ օպտիմալացման որոշումը ընդունվել է ապրիլի 18-ին կայացած Վանաձորի համայնքի ավագանու հերթական նիստի ընթացքում: Որին կողմ էին քվեարկել ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցության 15 անդամներ:

Որոշմանը դեմ է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Կուսակցության ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրել են գրադարանների փակման գործընթացը, եւ գտնում են, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից: Նրա խոսքով՝ գրադարանների փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում.

«Մենք բացահայտեցինք նաեւ 2009 թվականից փակված գրադարաններ, որտեղ գրքերն ամբողջովին ոչնչացված էին՝ բորբոսի ու փտած վիճակում էին գտնվում: 40.000 կտոր գիրքը, եթե գումարների վերածենք, համայնքային գույքի 100.000 դոլարի կորուստ է: Նախկին իշխանությունը ներկայիս նույն իշխանությունն է, եւ ձեռագիրն էլ պետք է նույնը լինի: Եվ մենք պատճառներ ունենք մտածելու, որ ներկայիս փակվող գրադարաններն էլ նույն ճակատագրին կարժանանան: Այսինքն, կփակվեն եւ անտերության մատնվելով՝ կոչնչացվի այդ գույքը»:

Խմբակցությունը օգոստոսի 16-ին նամակով դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին: Վերջիններս պահանջում են վերաբացել փակված գրադարանները եւ վերականգնել աշխատանքից ազատված մասնագետներին, կատարել նոր ուսումնասիրություններ. «Գրադարանները փակելն անօրինական որոշում է: Մենք չենք ասում, թե ընդհանրապես պետք չի օպտիմալացնել: Մենք ասում ենք, բերեք մի հատ լուրջ ուսումնասիրություն անենք, լուրջ մասնագետներ գան, տեսնենք՝ արդյոք կա՞ն խնդիրներ: Կամ եթե իրենք իսկապես արել են այդ վերլուծությունները, թող մի հատ ներկայացնեն, տեսնենք՝ արդյոք այդ խնդիրները եղե՞լ են: Մենք չենք տեսնում, որ այդ աստիճանի խնդիրներ կան: Մեկնաբանվում է, թե շենքային պայմանները շատ վատն են, այդտեղ հնարավոր չէ գրադարան պահել: Բայց ինչո՞ւ են շենքային պայմանները վատ, որովհետեւ տարիների ընթացքում համայնքապետարանը չի ֆինանսավորել, ծրագրեր չի իրականացրել, այդ աշխատակիցները չպետք է վերանորոգեին շենքերը: Այսինքն, դա իրենց բացթողումն է»:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031