Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոռանանք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինքն արդեն անցյալ է»

Օգոստոս 25,2017 12:56

Մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ «Առավոտի» հետ զրույցում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, մեր հարցին, թե ինչո՞ւ Հոգլանդը վերադարձավ նախկին մադրիդյան սկզբունքների կետերին՝ անտեսելով, որ դրանից հետո եղել է Վիեննայի հանդիպում, Սանկտ Պետերբուրգի հանդիպում եւ պայմանավորվածություններ՝ պատասխանեց. «Հոգլանդը, անելով այս հայտարարությունը, մյուսները չի բացառում: Նորից խոսում է ինչ-որ սկզբունքների մասին, որի մասին արդեն 25 տարի խոսում են համանախագահող երկրները: Ես չեմ տեսել հայտարարություն, որտեղ ոճը հայտարարությունների փոխված լինի: Նույնն է՝ մեր համար ազատագրված տարածքների, իրենց ձեւակերպումով՝ գրավյալ տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ, կարգավիճակ, միջանցք Հայաստանի հետ՝ 92 -ից հետո ուրիշ ձեւ չի ասվել: Եվ բոլորը հասկանում են, որ այդ մոդելը չաշխատող է, բոլորը դա շատ լավ գիտակցում ու հասկանում են: Ամեն անգամ հիշեցնում են, սա էլ հերթական հայտարարությունն է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր երկրի ներքին վիճակին, Արցախի պաշտպանության բանակի մարտունակության, մեր բանակի մարտունակության խնդիրներին, այդ հայտարարությունները երբեւէ չպետք է խուճապ առաջացնեն ոչ ՀՀ-ում, ոչ Արցախում»:

Մեր դիտարկմանը, որ Հոգլանդի այս հայտարարությունը նորից ստիպեց վերհիշել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ «տղա եք՝ դե մի տվեք» եւ նորից սկսվեց աղմուկ բարձրանալ տարածքների հանձնման շուրջ՝ Գառնիկ Իսագուլյանն արձագանքեց. «Ախր ո՞վ է ասում տարածքներ ենք տալիս, ես դա չեմ հասկանում: Մեզ մոտ առաջացել է մի շատ անհասկանալի իրավիճակ, երբ առաջին նախագահը կարծես քնում եւ արթնանում է երազանքով, որ իր ասածներն իրականություն դառնան: Այդ դեպքում իրեն թվում է, թե ինքը մարգարե է դառնալու, պայծառատես, միակ անսխալականը: Չէ, այդպես չի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է դա ֆիքսի: Պարոն Տեր-Պետրոսյանը շատ բան է ասել, չէ՞ որ ես եղել եմ ԳԽ պատգամավոր եւ փակ նիստերում տեսել եմ, թե ինքը ինչեր է ասել՝ ո՞նց կարող է այսքանը հաղթի այսքանին, 7 մլն են, բայց հաղթել ենք վերջապես, չէ՞: Այդ մարդը կարծես ներքուստ չի կարողանում ընդունել այն փաստը, որ հայ ժողովուրդը եւ ինքը տարբեր մտածողություն ունեն եւ իր մտածողությունը հայ ժողովրդի մտածողության հետ այդ խնդրում չի համընկնում: Աստված իր հետ, իր հոդվածների հետ: Ի տարբերություն նրա, մարդիկ են եղել, որ կարողացել են իրական կանխատեսում անել,եւ ասել, որ կարող ենք հաղթել, գոյատեւել: Այդ մարդիկ մի կողմ, հա՞, որոնք կարողացել են իրական կանխատեսում անել, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ բերում ենք առաջին պլա՞ն: Մոռանանք Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինքը եղել է մեր առաջին նախագահը, որի համար իրեն շատ հարգում ենք, բայց ինքը չմոռանա, որ ինքն արդեն անցյալ է, ներկան ուրիշ է, ապագան միանգամայն պայծառ է լինելու եւ ես ուզում եմ, որ բոլորս այս լավատեսության մեջ մնանք»:

Իսկ թե ինչ հիմքով է պարոն Իսագուլյանն ասում, որ ապագան պայծառ է ասում, նա հետեւյալ փաստարկները ներկայացրեց. «Այսօր Արցախի 6 ամսվա տնտեսական աճը նախորդ տարվա համեմատ 14.9, 15 տոկոս է կազմել: Աշխարհում նման ցուցանիշ չկա: Եվ այն տարածքները, որի մասին խոսում են հարգարժան մեր ընկերները, այդ տարածքներում այսօր լուրջ կառույցներ են ձեւավորվում: Երբ որ խոսում են փախստականների մասին, գիտեք ինչ, հայկական կողմը նույնիսկ մոռացել է, որ Ադրբեջանում կես մլն հայ փախստական կա, Սումգայիթը, Բաքուն, բոլորը թող հիշեն: Էդ փախստականների մասին էլ վերջապես մենք մի օր կխոսենք անպայման: Չի կարելի չէ, եթե իրենցից 300 հազար փախստական է եղել, մենք ավելի շատ ենք ունեցել: Եթե իրենց մեծ մասը հայերի տները անվճար զբաղեցրել է, մերոնք այդ հնարավորությունն էլ չեն ունեցել: Իրենք վաճառել են իրենց տներն ու գնացել են: Հարցեր կան, որ պետք է վերհիշենք, ոչ թե խուճապի մատնվենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հոգլանդի «ելույթը» ընդամենը ամերիկյան կողմի 7-8 միլիարդի ուլտիմատումի մասին հիշեցում էր(Հայաստանը պոկել Ռուսաստանից):

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031