Օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած արյունալի միջադեպը հասարակական հնչողություն էր ստացել և լայն քննարկման առարկա դարձել զանգվածային լրատվության միջոցներում ու համացանցում:Օգոստոսի 1-ին, ժամը 10.45-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը մտել է սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների վրա:Զոհեր ու վիրավորներ կային:Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան:Ոստիկանությունն արագ գործեց:
Շուտով հայտնի էր կասկածյալի ինքնությունը՝ 1967 թ. ծնված, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաշվառված Թելման Քալաշյանն էր, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի:Հարուցվեց քրեական գործ:Հայտարարվեց հետախուզում:Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, հետևողական օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում:Եվ համակարգված ու հետևողական աշխատանքը հասավ սպասելի ավարտին:Թելման Քալաշյանը կալանավորված է:Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն