Թայվանում ընթացող 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց: Բայց դա հետաքրքիր նախապատմություն ունի:
Արթուր Թովմասյանն օղակներ վարժության նախնական փուլում զբաղեցրել էր իններորդ հորիզոնականը եւ տեղ չէր գտել եզրափակիչ մտած լավագույն ութնյակում: Նա, մարմնամարզության լեզվով ասած, ոսկե պահեստային մարզիկն էր: Մեր հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր նվաճել էր թե օղակներում, թե հենացատկերում ու մարզիչների հետ միասին որոշել էր հանուն թիմակցի հրաժարվել օղակներ վարժության եզրափակչում հանդես գալուց, ինչի արդյունքում Արթուր Թովմասյանը դարձել էր չեմպիոն:
Այս գիշեր մեր մարմնամարզիկները վերադարձան Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնն «Առավոտին» ասաց. «Ամեն բան լավ էր, աշխատեցինք ջանք գործադրել եւ հնարավորինս լավ մասնակցել: Շնորհակալ եմ մարզիչներին ճիշտ մարտավարություն ընտրելու, Արթուր Դավթյանին՝ ինձ եւս մի շանս տալու որոշում կայացնելու համար: Նրանց շնորհիվ չեմպիոնի կոչումը նվաճեցի: Կարծում եմ, նրանց հույսերը կարողացա արդարացնել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ