Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ
– Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է՝ հաստատակամ գնում ենք ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը. վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր հաստատակամ հայտարարություններ անում ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրելուց առաջ, արդյունքը տեսանք: Կա՞ն նախադրյալներ, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ նոյեմբերին նախատեսված նոր համաձայնագրի ստորագրմանը:
– Ռուսաստանը ոչ միայն փորձելու է խոչընդոտել, այլեւ չի կարող չփորձել խոչընդոտել ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը: Բայց, երբ որ Տիգրան Սարգսյանն էր հայտարարում, որ ԵՄ-ի հետ պայմանագիր պետք է կնքենք եւ հետո ՌԴ-ն բիրտ ներխուժեց այդ պայմանագիրը կնքելու գործընթացի մեջ, եկեք չմոռանանք, որ դա ուրիշ Ռուսաստան էր. դա Ռուսաստան էր, որի տնտեսական, քաղաքական, ռազմական հեռանկարները անհամեմատ ավելի դրական էին, քան ներկայիս Ռուսաստանի իրավիճակը: Եվ կա մի հզոր գործոն՝ ամերիկյան պատժամիջոցները, որոնց էությունը շատ հաճախ Հայաստանում լավ չի ներկայացվում: Ամերիկյան պատժամիջոցների հիմնական խնդիրն այն է, որ հսկելու են ռուսական էլիտայի եւ նրա ուղեծրում պտտվող հայկական, ղազախական, ղրղըզական էլիտաների կեղտոտ եկամուտները: Նավը՝ տնտեսական կարգը, որը հիմնված է ռուսական փողերի լվացման վրա, դատապարտված է կործանման:
Եվ միգուցե, համենայնդեպս, եկեք հույս ունենանք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ հայտարարությունը չի անում, որպեսզի ԵՄ-ից պոկի հերթական օգնությունը, մանավանդ, որ այդ օգնությունները քչացել են`ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի: Միգուցե Կարեն Կարապետյանն էլ ըմբռնում է, որ ռուսական պարադիգման այլեւս կործանարար է ոչ միայն պետությունների տնտեսության, այլեւ հենց պետական էլիտաների անձնական բարեկեցության համար: Ինձ թվում է, որ երկրորդ գործոնը մեր իշխանավորների համար ավելի ազդեցիկ է, քան առաջինը. իրենց ավելի հետաքրքրում է անձնական բարեկեցությունը, քան պետության իրավիճակը: Ուստի, հույս ունենամ, որ այս անգամ մեր իշխանությունները բավականաչափ խոհեմություն կդրսեւորեն: Այն ժամանակ խնդիրը բարի կամքի, քաղաքական կամքի, քաղաքական ընտրության շուրջ էր, այժմ, դրված է այդ էլիտաների գոյության-չգոյության հարցը: Կարծում եմ, այս պարագայում նրանք ավելի ճիշտ որոշում կընդունեն:
– Մյուս կողմից էլ, վարչապետ Կարեն Կարապետյանն ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, բազմաթիվ թելերով կապված է ՌԴ-ի հետ եւ չի կարող անտեսել ՌԴ-ի շահը:
– Եկեք այսպես ասենք՝ ՌԴ-ի ներկայացուցիչներն այժմ, մասնավորապես տնտեսական էլիտաները, շատ մտահոգ են ներկայիս ՌԴ-ի իրավիճակով: Եվ միգուցե, Կարեն Կարապետյանն արտահայտո՞ւմ է այդ մտահոգության մի մասը:
– ՌԴ եւ ՀՀ նախագահների հանդիպման ժամանակ այդ հարցին անդրադարձ կլինի՞, Հայաստանի օրակարգում հստակություններ կմտնե՞ն:
– Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ, Հայաստանի դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվելու, որովհետեւ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխության համար անհրաժեշտ է երեք բան`տնտեսական եւ էներգետիկ անկախություն, որի բոլոր հնարավորությունները ցայսօր մենք մերժում ենք, սուվերենության ըմբռնում, որը մեր քաղաքական գլուխը չունի եւ Արցախի հարցի որոշակի լուծում, որը մինչեւ հիմա տեղի չի ունեցել: Ես չեմ կարծում, որ այդ հանդիպումն ինչ-որ շեշտակի փոփոխություն կմտցնի ներկայիս քաղաքական գծի մեջ:
– ՌԴ նախագահին ինչի՞ էր անհրաժեշտ Ադրբեջանի նախագահի հետ, ապա ՀՀ նախագահի հետ այս հանդիպումները:
– Ո՞նց կարելի է Ադրբեջանի նախագահի հետ չհանդիպել, երբ ՌԴ-ի ահագնացող տնտեսական սնանկացման մեջ Ադրբեջանն ամենախոստումնալից ռազմավարական տնտեսական գործընկերն է, ամենալավ զենքի գնողը եւ ցամաքող ներդրումների ամենալավ թիրախը:
– Իսկ Հայաստանի պարագայում ի՞նչ խնդիր կա:
– Կա ՌԴ-ի, Ադրբեջանի եւ նաեւ հորիզոնում հայտնվող Թուրքիայի շահերին Հայաստանին հնազանդեցնելու հարցը: Մեկ անգամ մենք փորձել ենք մեզ պահել ՌԴ-ի շահերի ուղեծրում եւ միանգամից վաստակել ենք ցեղասպանություն: Հիմա 21-րդ դարն է, պարտադիր չէ, որ ուղղակի ցեղասպանություն լինի: Դրա ձեւերը շատ ավելի հմուտ եւ անարյուն են դարձել:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի`ԵԱՏՄ-ի հետ ինտեգրվելու խոսակցություններին:
– Թուրքիան քամել է Եվոպայից՝ ինչ հնարավոր էր: Մուլտիկուլտուրիզմի քաղաքականության նվազման հետ մեկտեղ, բնական է, որ Եվրոպան այլեւս մտադիր չէ նույն քանակությամբ օգնություն տրամադրել Թուրքիային, մանավանդ ռազմական եւ միգրանտներին տրամադրվող: Նաեւ` Թուրքիան թեքվում է աշխարհիկ, հետեւաբար նաեւ դեմոկրատական ուղուց: Եվրոպան Թուրքիային այլեւս պետք չէ, բայց շուկա Թուրքիային պետք է. իսկ ՌԴ-ն հումքային լավ դոնոր է եւ անորակ ապրանքների լավ շուկա: Որքան էլ մենք անհավանական դիտարկենք այդ միությունը, չի բացառվում, որ ինչ-ինչ ձեւերով այն կարող է կայանալ:
– «Ելք»-ին կհաջողվի՞ օրակարգային դարձել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը:
– «Ելք»-ին կհաջողվի դա օրակարգային դարձնել այն ժամանակ, երբ ՀՀԿ-ի իշխող մասն ուղիղ վերեւից հրահանգ ստանա՝ հարցը դարձնել օրակարգային:
– Նման բան կլինի՞:
– Նման բան կլինի, երբ վերջապես սկսեն ռուսական տնտեսական թայֆունների գլուխների հաշիվների արգելափակումը տարբեր բանկերում: Այդ ժամանակ, հավատացեք, Հայաստանում շատ բան կփոխվի:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
24.08.2017