Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզաբնակ հայ բարիտոնը մեր կոմպոզիտորների որոշ երկեր առաջին անգամ ներկայացնում է ոչ միայն ֆրանսիացի, այլեւ հայաստանցի հանդիսատեսին

Օգոստոս 25,2017 13:30

«Առավոտի» հետ զրույցներում մեր արվեստագետները հաճախ են հիշատակում արտասահմանում կարիերան շարունակող իրենց գործընկերների մասին: Հաճախ էլ առանձնացնում են եզակի այն երաժիշտներին, որոնք գտնվելով Հայաստանից հեռու, հայտնաբերում են նույնիսկ անվանի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ դրանք առաջինը ներկայացնում հայաստանցի հանդիսատեսին: Այս դեպքում խոսքը 2000 թվականից փարիզաբնակ օպերային երգիչ, բարիտոն Մկրտիչ Մկրտչյանի մասին է, որն այս օրերին հայրենիքում է: Երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը մի առիթով մեզ ասել էր, որ Մկրտիչ Մկրտչյանը Ալ. Սպենդիարյանի մեկ ստեղծագործություն՝ «Բեդա քարոզիչը» բալլադը առաջին անգամ հնչեցրեց Երեւանում 6 տարի առաջ՝ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված համերգին:

Բարիտոնին վերջին անգամ Երեւանում հանդիպել ենք 2013թ., իր նախաձեռնությամբ կազմակերպած վաղամեռիկ օպերային երգիչ Սուրեն Զուրաբյանի հիշատակին նվիրված համերգին, որտեղ բարիտոնն իր գործընկերներ, սոպրանո Լիանա Վարդանյանի, մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանի, տենոր Լիպարիտ Ավետիսյանի եւ գերմանաբնակ դաշնակահար Անահիտ Տեր-Տաճատյանի ընկերակցությամբ ներկայացրեց Շումանի համարյա բոլոր վոկալ անսամբլները: Ասում են նաեւ, որ ժամանակին Մկրտիչ Մկրտչյանն է կազմակերպել աշխարհահռչակ մեցցո սոպրանո Լին Դուրյանի երեւանյան համերգները, իսկ 2005-06թթ. երգչուհին այցելել է նաեւ Արցախ, անցկացրել վարպետության դասեր:

Լին Դուրյանը փարիզյան համերգից հետո հայ երգչի, սոպրանո Նադյա Ջիլի եւ տենոր Ժերոմ Վերեքքիայի հետ, 2014թ.:

Մեր զրուցակիցները միայն ափսոսանք են հայտնում, որ Մկրտիչ Մկրտչյանը ընդամենը երկու դերերգով է հանդես եկել Երեւանում. օպերային թատրոնում Մոսի՝ Տիգրանյանի «Անուշ» եւ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում Դեղագործ՝ Հայդնի համանուն օպերային ներկայացումներում, հանդես եկել Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի տարբեր նախագծերում: Իսկ մեր կոնսերվատորիայի որոշ դասախոսներ հիշելով իրենց երբեմնի ուսանողին, ասում են, որ նա մշտապես պրպտումների մեջ էր, բաց չէր թողնում ոչ միայն օպերային, այլեւ մշակութային եւ ոչ մի միջոցառում: Ասվածը հիմնավորում են հետեւյալ փաստով. Մկրտիչ Մկրտչյանը մեկնելով Փարիզ, Սորբոնի համալսարանի երաժշտագիտական բաժնում երկու տարի ուսումնասիրում է գրիգորյանական խորալները:

Ժամանակին Մկրտիչ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Ֆրանսիայում հաստատվելուց հետո Փարիզի արվարձանային որոշ թատրոններում հանդես է եկել երեք մեծ դերերգերով՝ Էսկամիլիո՝ Բիզեի «Կարմեն», Ժերմոն՝ Վերդիի «Տրավիատա» եւ Ռիգոլետո՝ համանուն օպերաներում, ղեկավարում է Արնուվիլի Վարագա Սուրբ Խաչ եկեղեցու երգչախումբը, դասավանդում Վոքրեսոնի կոնսերվատորիայում:

Ուսանող Մկրտիչ Մկրտչյանը «Աիդա» ներկայացումից հետո անվանի երգիչներ Արշավիր Կարապետյանի, Սերգեյ Դանիելյանի, Վալերի Հարությունյանի եւ Նար Հովհաննիսյանի հետ, 1981թ.:

Երգիչն այս հանդիպման ժամանակ ասաց, որ 2015թ.-ից բեմ է բարձրանում Սարսել քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի հետ, հիմնականում Վերդիի օպերաներից բարիտոնի դերերգերով: «Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը՝ դիրիժորը՝ Պիեռ Դըվիլը մի օր հետաքրքրվեց՝ հարցնելով, թե Խաչատրյանից զատ ի՞նչ կոմպոզիտորներ ունենք: Նրան ներկայացրի սպենդիարյանական ստեղծագործություններից «Էլմաս», «Սարի կեռաս», «Այ վարդ» երգերն ու «Բեդա քարոզիչը» բալլադը հենց կոմպոզիտորի գործիքավորմամբ եւ առաջին անգամ, փաստորեն, այս գարնանը դրանք հնչեցրի նվագախմբի հետ: Նշեմ, որ «Բեդա քարոզիչը», որ Սպենդիարյանը գրել է 1907թ., ըստ էության, առաջին անգամ հնչեց Ֆրանսիայում: Ասեմ նաեւ, որ այս ստեղծագործությունների միայն պարտիտուրն էր հրատարակված, իսկ նվագախմբային պարտիաները ինքս եմ գրել»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ շուրջ երկու տարի առաջ վոկալ քառյակով, որտեղ ընդգրկված էին տարբեր ազգերի երգիչներ՝ ճապոնացի սոպրանո, ֆրանսիացի մեցցո սոպրանո, իտալացի տենոր եւ ինքը՝ հայ բարիտոնը, կատարել են Ռոսինիի, Բրամսի կվարտետները… Կանխելով հարցը՝ իսկ հայ կոմպոզիտորների գործե՞ր, երաժիշտը հավաստիացրեց, թե նույնիսկ իր օտարազգի ուսանողներին է ծանոթացնում Կոմիտասի, Բաբաջանյանի, Ջրբաշյանի, Կոտոյանի եւ մյուս կոմպոզիտորների երկերին, որոնց կատարումներով էլ նրանք հաճախ հանդես են գալիս:

Հետաքրքրությանը՝ ցանկություն չունի՞ բեմ բարձրանալ Երեւանի օպերային թատրոնում, թե՞ արտասահմանում ստեղծագործող իր որոշ գործընկերների օրինակով սպասում է հրավերի, Մկրտիչ Մկրտչյանը անկեղծացավ. «Երբեք չեմ սպասել, Երեւանում հաճախակի համերգներս կազմակերպել եմ ինքս եւ հոգացել դահլիճների վարձից մինչեւ արտիստներին վճարելը: Ի՞նչ եք առաջարկում՝ օպերային թատրո՞նը վարձեմ… Դա չեմ կարող…»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Փարիզում Մկրտիչ Մկրտչյանը Կոմիտաս է հնչեցնում եղեռնի 100-ամյակի միջոցառմանը՝ ճանաչված դաշնակահար Լյուկա
Դըբարգի ընկերակցությամբ:

«Առավոտ»

24.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031