Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է ըմբիշների ելույթներից, բայց աշխատելու տեղ դեռ շատ կա

Օգոստոս 25,2017 13:00

Աշխարհի առաջնությունից վերադառնալով՝ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփեց մեր ընտրանու մրցելույթները:

«Մասնակցեցինք յոթ ըմբիշով եւ երկու չեմպիոն ունեցանք: Մասնակցությունը գերազանց եմ համարում: Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում բացթողումներ ի հայտ եկան, որոնց վրա պետք է աշխատել:

Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ ակնհայտ էր: Մաքսիմը միշտ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում ու ամեն անգամ մի փոքր չէր բավարարում մեդալի համար: Այս անգամ նրան փորձեցինք 80 կգ քաշային կարգում ու որոշումն արդարացվեց:

Արթուր Շահինյանը լավ մասնակցեց առաջին գոտեմարտում: Կարելի է ասել՝ հաջորդն էլ նրանն էր: Դժգոհ եմ Վարշամ Բորանյանի մասնակցությունից: Ես նրանից մեդալ էի ակնկալում: Նա պատրաստ էր եւ կարող էր: Բայց իմ կարծիքով Վարշամը քաշի կարգավորման խնդիր ունեցավ: 22-ամյա Վազգեն Խաչատրյանին մասնակցության հնարավորություն էինք տվել: Նա աճելու տեղ դեռ շատ ունի: Կարեն Ասլանյանը վատ չմասնակցեց: Բայց ես դժգոհ եմ նրա մարտաոճից, որը փորձում ենք փոխել: Նա դեռ մանկական մարտաոճի մեջ է: Եթե դրանից ձերբազատվի, մեծահասակների մեջ հաջողություններ կունենա», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշխարհի եռակի չեմպիոն, Արթուր Ալեքսանյանն էլ ասաց, որ հաղթանակներից չի հագենում, որ յուրաքանչյուր տիտղոս իր համար առանձնահատուկ է եւ շարունակելու է համալրել չեմպիոնական հավաքածուն:

«Մինչեւ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղեր ձգտելու եմ հաղթել բոլոր մրցաշարերում: Յուրաքանչյուր տիտղոս ինձ համար առանձնահատուկ է», – վստահեցնում է Ալեքսանյանը: Օլիմպիական չեմպիոնը ուրախ է Մաքսիմ Մանուկյանի ոսկե մեդալի համար, որը տարիների աշխատանքով էր արժանի չեմպիոնական տիտղոսին:

Ըմբիշները տպավորված են հատկապես տրիբունաներում իրենց երկրպագող հայ մեծաթիվ մարզասերներով, որոնց ջերմ աջակցությունը իրենց շատ է ոգեւորել:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031