Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է եռաբաժան կատվալեզուն, բարակ, առանցքային, բաց դեղնավուն արմատներով։ Բույսն օժտված է միզամուղ, քրտնաբեր հատկություններով, լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, թողնում է հակաբորբոքային, հակաալերգիկ ազդեցություն։ Կիրառվում է դիաթեզների, ֆուրունկուլյոզի, պոդագրայի (հոդատապ) բուժման նպատակով։ Ջրաթուրմը կիրառվում է մրսածության, լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների, ռեւմատիզմի ժամանակ։
Արդյունավետ է տարաբնույթ դիաթեզների, եղնջացանի, սեբորեայի դեպքում։
Սպիրտային հանուկը խորհուրդ է տրվում փսորիազի բուժման ժամանակ։
Սպիրտային թուրմը թողնում է հանգստացնող (սեդատիվ) ազդեցություն, իջեցնում է արյան ճնշումը, մեծացնում է սրտի կծկումների հաճախականությունը։
Արտաքին օգտագործման համար կիրառվում է լոգանքների, թրջոցների ձեւով՝ էքսուդատիվ դիաթեզի ժամանակ։Գինեկոլոգիայում խոտի եփուկը կիրառվում է լոգանքների եւ միկրոհոգնաների ձեւով կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ։
Դեղատոմսեր եւ պատրաստուկներ
Որպես միզամուղ միջոց
4-3 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռացրած տաք ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել։
Ծավալը տաք ջրով հասցնել սկզբնականին։ Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 2-3 անգամ, ուտելուց հետո։
Արթրիտներ
10 գրամ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 40 րոպե, քամել։ Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 4-5 անգամ եւ քսել հիվանդ հոդերին։
Մաշկային հիվանդություններ, դերմատիտներ, դիաթեզ
15 գրամ մանրացված խոտին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 20 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել։ Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ։
Արտաքին կիրառում
3 ճաշի գդալ մանրացված խոտին ավելացնել 0,5 լիտր եռացրած ջուր, հասցնել եռման եւ եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, թրմել 1-1,5 ժամ, քամել։ Օգտագործել թրջոցների, լվացումների եւ լոգանքների ձեւով։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
24.08.2017
Բույսը անուն չունի?