Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌՈՔ- ՓԱՌՈՔ

Օգոստոս 25,2017 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ իննսունիններորդ

ԱՌՈՔ- ՓԱՌՈՔ

Եվ Ֆրունզիկը ժամացույցին նայելով ասաց՝ «առաջարկությանս վրա մտածելու շատ ժամանակ չունեք», եւ Ֆելոն գոհունակությամբ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «մենք մտածելու բան չունենք» եւ մի քիչ մտածեց ու երջանիկ ժպտալով ավելացրեց՝ «մեր համար մեծ բախտ ա, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մեզ իրա ներկայացմանն ա հրավիրում», եւ հայրս թարս նայեց Ֆելոյին ու ասաց՝ «դու քո անունից խոսա», եւ Ֆելոն ասաց՝ «իմ անունից եմ խոսում» եւ մի քիչ մտածեց ու հորս հարցրեց՝ «կարող ա՞ քո համար մեծ բախտ չի», եւ մինչ հայրս կմտածեր՝ ինչ պատասխաներ, Ֆրունզիկն ասաց՝ «Ուստա Հակոբն էդ ներկայացումը տեսել ա», եւ Ֆելոն հարցրեց՝ «խոսքը «Սրտի արատի» մասին ա՞», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Ֆելոն ասաց՝ «ես էդ ներկայացումն էրկու անգամ եմ տեսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մի անգամ էլ հաճույքով կնայեի», եւ հայրս ասաց՝ «ես ընդամենը մի անգամ եմ տեսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց մի անգամ էլ հաճույքով կնայեի», եւ ես ասացի՝ «ես էլ եմ ընդամենը մի անգամ տեսել», եւ Ֆրունզիկը ժպտալով ինձ ասաց՝ «ես էլ քեզ եմ էդ ներկայացման ժամանակ տեսել» եւ ժպտալով ավելացրեց՝ «Մեսրոպ պապիդ հետ կուլիսներում առոք-փառոք նստած էիք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «պրեմիերայի օրն էր, չէ՞», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «երկրորդ պրեմիերայի օրն էր», եւ հայրս  ասաց՝ «ես չորրորդ պրեմիերային եմ էղել», եւ Ֆելոն զարմացած Ֆրունզիկին հարցրեց՝ «պրեմիերան մի հատ չի լինո՞ւմ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ մի վախտ էր պրեմիերան մի հատ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմի առաջին տասը ներկայացումները պրեմիերա են համարվում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «մարդկանց խաբելու ձեւ ա», եւ Ֆելոն Ֆրունզիկին հարցրեց՝ «բայց ինչի՞ են մարդկանց խաբում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին  ասաց՝ «էդ արդեն Աճեմյանին պիտի հարցնես», եւ հայրս Ֆելոյին ասաց՝ «որ ռեժիսոր դառնաս, կհասկանաս՝ ինչի են խաբում», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «մարդու տեսակ կա, որ պրեմիերային չես հրավիրում, նեղանում ա», եւ ես ժպտալով ասացի՝ «Մեսրոպ պապս էլ ա էդ տեսակից», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ինձ հարցրեց՝ «Մեսրոպը մորդ հերն ա, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ մի քիչ  մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «Մեսրոպ պապս Աճեմյանի քիփ ընկերն ա», եւ Ֆրունզիկն  ասաց՝ «գիտեմ», եւ ես ասացի՝ «Աճեմյանն ու Մեսրոպ պապս իրար հետ են Վանից գաղթել», եւ Ֆրունզիկը զարմացած ինձ հարցրեց՝ «ձերոնք Իգդիրից չե՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «պապաս ա իգդիրցի. մամայիս կողմը վանեցի են», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աճեմյանը Մեսրոպին շատ ա հարգում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը հազարից մեկին ա էդքան հարգում», եւ հայրս ասաց՝ «Աճեմյանն ու աներս Վանում նույն դասարանում են սովորել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու հորս ասաց՝ «կարող ա մեկի հետ նույն դասարանում սովորես, բայց չհարգես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Աճեմյանն աներոջդ շատ ա հարգում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մեսրոպը հարգանքի արժանի մարդ ա», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ Աճեմյանն իրան իսկական պրեմիերային ա հրավիրում»:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031