Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ինքնուրույն նախաձեռնել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու քայլերը, քանի որ ներկա իրավիճակում հազիվ թե դրանք որևէ արդյունքի հանգեցնեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան, որ սահմանափակում է խոսքի ազատությունը, անմեղ մարդկանց բանտ է նետում և նեղում է ընդդիմությանը, չի կարող Եվրամիության մաս դառնալ,- ասել է Գաբրիելը:- Դա գիտի նաև Թուրքիայի նախագահը: Ինձ թվում է, նա ինքն էլ դա չի ուզում, լուրջ չի ընդունում անդամակցության բանակցությունները»:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Եվրամիությունն ինքը չի դադարեցնի բանակցությունները: «Թող նա ինքը (Թուրքիայի նախագահը-խմբ.) դա անի, ես չեմ ցանկանում նրան օգնել հերթական սադրանքի հարցում»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան մեծ է և գոյություն կունենա նաև Էրդողանից հետո»: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի հետ, մենք խնդիր չունենք թուրքերի հետ, բայց մենք խնդիրներ ունենք ներկա կառավարության և նախագահի վարած քաղաքականության հետ: Դա պետք է հստակ տարանջատել»,- ասել է Գաբրիելը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ