Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Հոգլանդը «թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ»

Օգոստոս 24,2017 20:15

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին

Հարց: Ինչպես կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ դեսպան Հոգլանդի հրապարակած կետերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Պատասխան: Ես այսօր արդեն առիթ ունեցել եմ պատասխանելու այդ հարցին և նշել եմ, որ դրանք, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները:

Հարց: Այսինքն, Հոգլանդը բառացի կրկնում է այդ դրույթները:

Պատասխան: Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների և հայտարարությունների միջոցով, մասնավորապես, նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես օրինակ նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը:

Իմիջիայլոց, բացի հիմնահարցի կարգավորման վեց տարրերից, եռանախագահ երկրների նախագահների և արտգործնախարարների հայտարարությունները, որպես հակամարտության կարգավորման հիմք հղում են կատարում նաև միջազգային իրավունքի երեք սկզբունքներին` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը:

Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը համանախագահ երկրների այս հայտարարությունների վերաբերյալ։ Նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անտեսում է այդ հայտարարությունները` ձևացնելով թե դրանք ընդհանրապես գոյություն չունեն: Այսպիսով, Բաքուն բացահայտորեն դեմ է դուրս գալիս համանախագահ երկրների մոտեցումներին:

Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հիմնահարցի կարգավորման շուրջ մտացածին սցենարներ է հորինում, կարգավորման ինչ-ինչ տարրեր է մոգոնում և եռանախագահների շարունակական հայտարարությունները գալիս են կրկին վերահաստատելու, որ այդ մտավարժանքները իրականության հետ ոչ մի կապ չունեն:

Իր այս վերջին մեկնաբանության մեջ Հոգլանդը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման տարրերի թվարկումը սկսում է կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից, որն իրավական պարտադիր ուժ պետք է ունենա` ներառյալ Ադրբեջանի համար:

Բաքվի համար սովորական երևույթ է դարձել հետ կանգնել նախկինում ձեռք բերված համաձայնություններից և դա վերաբերվում է ոչ միայն հիմնահարցի հանգուցալուծման գործընթացին, այլև վստահության ամրապնդման միջոցառումներին: Մասնավորապես, Համբուրգում եռանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը նաև ևս մեկ անգամ պահանջում էր իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Արցախը բազմիցս արտահայտել են դրանք իրականացնելու պատրաստակամություն, մինչդեռ Ադրբեջանը` հրաժարվում է, հետ է կանգնում իր ստանձնած հանձնառություններից:

Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն` ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031