Սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի շենքի բակում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ:
Այն նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և օպերայի հեղինակ Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:
Այժմ Շուշի ռեալական ուսումնարանի շենքում և հարակից տարածքում իրականացվում են մաքրման, բարեկարգման և օպերայի ցուցադրման համար անհրաժեշտ հարթակների տեղադրման աշխատանքներ:
Շուշի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով ռեալական ուսումնարանի շենքի այսօրվա վիճակի մասին, ասաց. «Որպես Շուշիի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններից՝ ռեալական ուսումնարանի շենքի վերականգնումը մնում է կարևոր խնդիրներից մեկը: Ցավալի է, որ նման շենքը ժամանակի ընթացքում քանդվում է: Հարցը շատ մեծ միջոցների հետ է կապված, բայց մի լուսավոր օր հաստատ կնախաձեռնվի շինության վերակառուցումը, որովհետև անհնար է թողնել, որ նման գեղեցիկ պատմաճարտարապետական շենք քանդվի»:
Նշենք, որ Շուշի ռեալական ուսումնարանի շենքը կառուցվել է 1901-1908 թվականներին՝ շուշեցի բարերար Գրիգոր Առաֆելովի (Առաքելյան) միջոցներով:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ