Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյանը ՓՊ նախագահին՝ «Իրեն թվում է՝ մենք դատական դեպարտամենտի, կամ Արման Մկրտումյանի տեղը չգիտե՞նք»

Օգոստոս 24,2017 19:22

Օրերս civilnet.am-ին տված հարցազրույցում  փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների հայտարարած առաջիկա գործադուլի մասին ասել էր՝ «Եթե նույնիսկ սա ապօրինի խուզարկություն է, ապա ինչ վարչական միջոցառումներ են իրականացրել, որոնք արդյունք չեն տվել ու դիմում են այս ծայրահեղ միջոցին: Եթե ապօրինի խուզարկություն է, ապա արդյոք մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, չէ որ ապօրինի խուզարկությունը նշանակում է՝ պաշտոնատար անձը քրեական օրենսգրքի մի քանի հոդված է խախտել, թեկուզ փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: 2-րդ՝ կարելի էր դիմել դատարան: Սրանից հետո ավելի համոզիչ կլիներ մեր գործընկերներին:  Իրենք ասում են՝ մենք բոլոր դեպքերում կմասնակցենք անհետաձգելի դատական նիստերին: Այսինքն` այս ձեւակերպումը պետական մարմնի համար ոչինչ չի ասում»:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» դատական նիստերին մի խումբ փաստաբաններ մինչ դահլիճ մտնելը, ըստ իրենց՝ խուզարկվում են, ինչը դժգոհություն է առաջացրել նրանց մոտ եւ պնդում են՝ սա ապօրինի խուզարկություն է: Ուստի փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով Արա Զոհրաբյանի վերը նշված կարծիքին ասաց. «Իրեն թվում է՝ մենք դատական դեպարտամենտի, կամ Արման Մկրտումյանի տեղը չգիտե՞նք: Գիտենք: Եթե այս բոլոր փաստաբաններից որեւէ մեկը հույս ունենար, որ Արման Մկրտումյանն ու դատական դեպարտամենտը մի ամբողջություն չեն, գուցեեւ փորձեին այդ իրավական  ճանապարհով էլ լուծել խնդիրը: Հիմա էլ չի բացառվում»:

Վարոսյանի դիտարկմամբ՝ գործադուլը ծայրահեղ միջոց չէ, դա բողոքն արտահայտելու շարքային մի ձեւ է. «Երբ մի խումբ փաստաբաններ որոշում են հստակ իրենց կարծիքն արտահայտել՝ դուք զննությունն անում ենք անհիմն, դա ապօրինի է, իսկ հետո, երբ դա վերաճում է խուզարկության, դա ոչ միայն ապօրինի է, այլեւ՝ ստորացուցիչ: Եւ ուստի, մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում»:

Արդյոք այդ գործադուլով փաստաբանների վստահորդների շահերը չեն տուժի, մեր այս հարցին ի պատասխան Վարոսյանն ասաց, որ անգամ այդ ակցիան անում են ի շահ իրենց  վստահորդների. «Նախ  նրանց փաստաբանը պետք է պաշտպանված լինի, արժանապատվությունն՝ այդ թվում, որպեսզի կարողանա վստահորդների շահերը ներկայացնել: Հիմա, բնականաբար, երբ մենք ակցիա ենք ուզում անել, մենք իրավունք չունենք անենք ի հաշվի այն մարդկանց, ում շահերը ներկայացնում ենք»:

Նշենք, որ փաստաբանները վստահեցրել են, որ գործադուլը չի վերաբերում անհետաձգելի դեպքերին, քանի որ այդ դեպքում, եթե չմասնակցեն, դատավորն իրավունք ունի առանց պաշտպանի ներկայության նիստ վարել, ինչ-որ որոշում կայացնել:

Արա Զոհրաբյանը նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում նաեւ ասել էր՝ «Այստեղ փաստաբանների պալատին թիրախավորելու միտում կա եւ այդ միտումը գալիս է ոչ թե կոնկրետ փաստաբանից, այլ ավելի վերեւից: Մասնավորապես, մեր մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ մի քանի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի կապված են, կամ կապված չեն «ՊանԱրմենիա մեդիա գրուպի» հետ, կոնկրետ թիրախավորել են ՓՊ-ն, իսկ մենք գիտենք ով է «ՊանԱրմենիանի» այսպես ասած՝ վարողը եւ օրինակ՝ 1in.am, news.am, «Արմենիա» հեռուստաընկերությունը: Ես այս միտումն եմ արձանագրել, եւ ինձ համար տեսանելի է, թե՝ որտեղից է գալիս այս ծուխը»:

Թե ի՞նչ կապ ունեն նշված հոլդինգի հետ փաստաբանները, Վարոսյանի պատասխանը կարդացեք այստեղ՝

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031