«Դա օպտիմալացում չէ, միավորում է»,-այսպես արձագանքեց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը լրագրողների՝ դպրոցների օպտիմալացման մասին հարցին: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը դպրոցների միավորման մասին ասաց. «Հատկապես ավագ դպրոցների դեպքում հնարավոր չէ, եթե դպրոցն ունի 60-80 աշակերտ, հոսքային ուսուցում կիրառել: Եթե դպրոցների միջեւ տարածությունը շատ կարճ է, փորձել ենք այդ խմբավորումն անել: Եվ ավարտված է խնդիրը սրանով: Ամբողջ հանրապետությունով նայեցինք, սրանք այն դպրոցներն էին, որտեղ կրթական որակ ապահովելը շատ դժվար էր»:
Մանրամասն՝ տեսանյութում
Մկրտչյանի ներկայացմամբ՝ ընդհանուր միավորվելու է 14 դպրոց:
Միավորման արդյունքում սպասվող հաստիքների կրճատման մասին էլ նախարարն ասաց, որ կկրճատվեն վարչական մասի աշխատակիցները:
Օրերս Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
Անահիտ Բախշյանի բարձրաձայնած այն խնդրին, ըստ որի 63 տարին լրացած մանկավարժներին ստիպում են դիմում գրել ու գնալ թոշակի, պարոն նախարարն այսպես արձագանքեց՝ «Օրենքը պետք է պահվի, մեր սահմանագիծը 65 տարեկանն է, եթե նման բան կլինի, թող դիմեն ինձ: Ես արդեն ասել եմ՝ կփորձենք թոշակի գնացող, բայց էներգիա ունեցող ու իրենց որակը պահպանած ուսուցիչներին այլ առաջարկ անել, հատկապես շրջաններում թափուր տեղեր շատ կան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ