Խոսրովի անտառում բռնկված հրդեհի ու դրա տարածման պատճառներից մեկը, ինչպես մասնագետներն են նշում, տարիներով կուտակված չոր խոտն է, որը վերածվել է դյուրավառ տորֆի:
Արդյոք հնարավոր է այդ խնդիրն ինչ-որ կերպ լուծել, տեղանքը ժամանակ առ ժամանակ մաքրել չոր խոտերից, Aravot.am-ն այսօր հետաքրքրվեց կառավարության նիստից հետո հրավիրված ասուլիսի մասնակից բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանից:
Պարոն Մինասյանի ներկայացմամբ՝ «Արգելոցների տարածքում օրենքով արգելված է որեւէ միջամտությունը, բայց բացառություններ նախատեսված են: Օրենքով մեկ բացառությունը նախատեսված է խոտածածկի մաքրման համար, երբ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է արգելոցի կարիքների կամ նրա աշխատակիցների համար առանձնացված առանձին տեղամասերում: 2-րդ հնարավոր դեպքը՝ հակահրդեհային միջոցառումներ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ խոտածածկ տարածքում ժամանակին եւ ճիշտ գործողություններ իրականացնելու համար բազմաթիվ մեխանիզմներ պետք է քննարկվեն»:
Պարոն Մինասյանն ասաց, որ կան էկոտուրիստական երթուղիներին մոտ հատվածներ, կամ արգելոցին մոտ համայնքային հանդամասեր, որոնք լրացուցիչ խնդիրներ են առաջացնում, ուստի պետք է օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեն:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ