Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. Նախագահներն Արցախի հարցը քննարկել են այլ հարթությունում (Տեսանյութ)

Օգոստոս 24,2017 17:11

Մոսկվաբնակ քաղաքագետ Արմեն Գասպարյանը «չափազանց կարևոր» է համարում երեկ, Սոչիում կայացած ՀՀ եւ ՌԴ նախագահների հանդիպումը: Այդ հանդիպումը նա կարեւորում է արևմտյան մամուլում եղած այն շահարկումների ֆոնին, թե հայ-ռուսական հարաբերությունները հարթ չեն, դրանք վատացել են, Մոսկվան էլ վերանայում է Հարավային Կովկասում իր քաղաքականությունը: «Ակնարկներ կային այն մասին, որ Ռուսաստանը որոշել է վերանայել իր քաղաքականությունը Հարավային Կովկասում, և երեկ բոլոր հետաքրքրված կողմերի համար ակնհայտ դարձավ, որ դա իրականությանը չի համապատասխանում, որ այդ երկրները կապված են իրար հետ»,- «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց քաղաքագետը։

Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ռազմաքաղաքական, տնտեսական ուղղություններով, բայց ինքն ափսոսում է, որ մշակութային ուղղությունն աչքաթող է արվում. «Ես փակուղու առաջ եմ կանգնում ամեն անգամ, երբ ինձ հարցնում են, թե ինչու են երկու երկրների միջև քիչ տեղի ունենում մշակութային միջոցառումներ»։

Մանրամասները`տեսանյութում

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին խոսակցություններին: Նա դրանք համարում է արևմտյան լրատվամիջոցների հերթական շահարկումը՝ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպմանն ընդառաջ. «Թուրքիայի անդամակցումը ԵՏՄ-ին բարդ է պատկերացնել։ Նման դեպքում ԵՏՄ անդամ բոլոր երկրների միջև պետք է խորհրդակցություն տեղի ունենա, հատկապես՝ Հայաստանի հետ, որովհետև բոլորս հրաշալի պատկերացնում ենք, թե ինչպիսին են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները։ Բացի այդ՝ վերջին շրջանում տեսանք, թե ինչ հարաբերությունների մեջ է Թուրքիան Եվրոպայի հետ։ Նա այդպիսով ցանկանում էր ցույց տալ, որ, եթե իրենց չեն ցանկանում ընդունել ԵՄ-ում, ապա նրանք կվերցնեն եվրասիական ուղղությունը։ Թուրքիան մշտապես քաղաքական երկակի քայլերով է շարժվում։ Ես նաև չեմ հասկանում, թե ինչպես է Թուրքիայի հնարավոր անդամակցությունը ԵՏՄ-ին համատեղվելու Էրդողանի՝ նոր Աթաթուրք դառնալու ցանկության հետ, որովհետև դրանք լրիվ տարբեր հարթություններ են։ Բայց, ամեն դեպքում, առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու՝ նման բան տեղի չի ունենա։ Հետևաբար, պետք չէ դա շահարկել, հատկապես, երբ գրում են, թե Պուտինը Սարգսյանին կանչել է Սոչի, որպեսզի հաղորդի, թե Թուրքիան մտնում է ԵՏՄ։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ դա իրականությանը չի համապատասխանում»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն, ի հեճուկս տեսակամուրջի մյուս երկու մասնակիցների, համարում է, որ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը հերթական-աշխատանքայինն էր եւ որեւէ արտառոց բան այդ հանդիպման մեջ կամ շուրջ պետք չէ փնտրել: «Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, և նման հանդիպումները սովորական են։ Այս հանդիպման ժամանակ հարցերի մեծ շրջանակ է քննարկվել, այդ թվում՝ ռազմավարական հարցերի, որոնք ամեն անգամ քննարկվում են նման հանդիպումների ժամանակ։ Նման հանդիպումները, իհարկե, շատ կարևոր են, քանի որ դրանցից հետո մի շարք հարցեր են լուծվում»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մոտ մեկ ամիս առաջ Պուտինը հանդիպել էր Ալիևի հետ, քաղտեխնոլոգն ասում է, որ նման հանդիպումներից հետո պարտադիր լինում է մյուս կողմի նախագահի հետ էլ հանդիպում. «Հետևաբար, Արցախի հարցը նույնպես քննարկվել է, բայց այլ հարթությունում։ Կան մի քանի փոփոխություններ տարածաշրջանային քաղաքականության հարթությունում. մենք բոլորս գիտենք, որ հետաքրքիր հայտարարություն եղավ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի կողմից՝ այն մասին, թե Թուրքիան ԵՏՄ-ի հետ համագործակցելու հրավեր է ստացել։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը նույնպես քննարկվել է, քանի որ Հայաստանին դա անհանգստացնում է։ Պարզ չէ, թե ում կողմից է նման հրավեր եղել Թուրքիային, և թե արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ, թե՞ սա ուղղակի PR հարթությունում է»։

Մանրամասները`տեսանյութում

«Նորմալ աշխատանքային այց էր, ամենայն հավանականությամբ, եղել են մի քանի պայմանավորվածություններ, և առաջիկայում կտեսնենք՝ դրանք կյանքի կկոչվե՞ն, թե՞ ոչ»,- եզրափակեց քաղտեխնոլոգը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031