Լոռու մարզի Դսեղ եւ Դեբեդ գյուղերում խոշոր եղջերավոր անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու մասին լուրերի տարածվելուց հետո խոսակցություններ եղան, թե իբր Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում խոշոր եղջերավոր անասունների դաբաղով հիվանդացության դեպք է եղել: Անասնաբուժական պետական ծառայության համաճարակաբան Ռուսլան Մախսուդյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում անասունների դաբաղ հիվանդությամբ վարակվելու ոչ մի դեպք չի եղել: Եղել է «Խշխշուկ» հիվանդությունից խոշոր եղջերավոր անասունի անկման մեկ դեպք: Այդ անասունը այլ մարզից է գնվել եւ Նոյեմբերյան ներկրվել, հիվանդության օջախը Նոյեմբերյանի սարերում չի եղել:
Ռ. Մախսուդյանն ասաց, որ Նոյեմբերյանի սարերում եղել է «Պաստերելոզ » հիվանդությամբ հիվանդանալու 7 դեպք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 5 դեպքում հնարավոր է եղել փրկել հիվանդ անասունը, 2 անասունի անկում է եղել: Անկված անասունները թաղվել են, ախտահանում է կատարվել: Համաճարակաբան Մախսուդյանը հայտնեց, որ «Պաստերելոզ» հիվանդությունը նախկինում ներառված է եղել այն 7 հիվանդությունների շարքում, որի դեմ պետպատվերով անասունների պատվաստումներ են կատարվել: Այս տարի, գյուղնախարարության որոշմամբ, այդ հիվանդությունը հանվել է պետպատվերի շրջանակներում ներառված հիվանդությունների ցանկից , դրա դեմ պատվաստումներ կատարելը մնացել է անասնատերերի կամքին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ