Ինչու ավագ դպրոցները ձախողվեցին: Այս հարցի շուրջ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անկեղծորեն ներկայացրեց, թե ինչ էին սպասում ու ինչ արդյունք ստացան: Նրա խոսքերով՝ «Դպրոց կենտրոնները, երբ ստեղծվեցին, հետո երբ եկանք ավագ դպրոցների ռեֆորմին, ըստ էության , ավագ դպրոցները լինելու էին գերազանցության կենտրոններ: Ընտրվելու էր Հայաստանում դպրոցների մի ցանց, սկզբում մտածում էինք բոլորը, հետո որ տեսանք մեծ ծախս է, հնարավորություններ չկան, միջնակարգ դպրոցները պահպանեցինք, ավագ դպրոցների կոնցեպտը ավելի շատ կայացավ օրինակելի գերազանցության կենտրոններ, որտեղ իրենք պիտի արդարացնեն իրենց հոսքային ուսումնական ծրագրերը, այդտեղ կբերեն կրեդիտներ եւ այդ կենտրոնները կդառնան օրինակ, որ քայլ առ քայլ ամբողջ կրթական համակարգը կփոխվի:
Դա ենթադրում էր լավագույն պայմաններ՝ ե՛ւ նյութական, ե՛ւ նյութատեխնիկական, ե՛ւ բնականաբար, լավագույն շենքային պայմաններ, որ այնտեղ կուզենա նաեւ Մանկավարժական համալսարանի դասախոսը գնա դաս տա: Այսինքն, իմաստը սա էր, որ որոշ կրեդիտներ հետագայում բարձրագույնից իջեցնեինք այդտեղ: Ցավոք սրտի, ինչ եղավ, երբ որ առաջարկվեց ավագ դպրոցների ցանց ստեղծեին, մարզպետները, քաղաքապետերը իրենց ամենավատ շենքային պայման ունեցող դպրոցները տվեցին՝ իբրեւ ավագ դպրոց: Սա առաջինը եղավ եւ երկրորդը՝ գումարը չեկավ այդ 103 դպրոցների վերանորոգման: Արդյունքում՝ մենք սկսեցինք ծրագիր միայն մի կոմպոնենտով՝ մեր ավագ դպրոցները ավելի բարձր են մի քիչ վարձատրվում, քան հիմնական դպրոցները: Միայն այս մի ծրագիրը գերազանցություն եղավ, այն էլ վերջանում է դրա ժամկետը: Մնացյալ բոլոր հատվածներում մեր ավագ դպրոցները մնացին նույն վիճակում, ով ոնց կարողացավ՝ ինչ-որ ձեւով իր հարցերը լուծեց: Փորձեցինք Համաշխարհային բանկի ինչ-որ ծրագիր բերել, գոնե 17 դպրոցի հարց լուծենք, հիմա այդ 17-ն էլ դարձել է 5: Մի խոսքով, կանգնել ենք այսպիսի փաստի առաջ: Այդ պատճառով է, որ երկրում սկսվեց որոնում՝ այլ գերազանցության կենտրոններ ձեւավորելու: Հիմա մենք պետք է խորապես հասկանանք, որ երկու հարց ունենք՝ մեկը ավագ դպրոցների հարցն է, որ եթե մենք ուզում ենք ավագ դպրոցը պահենք որպես high school, մենք պարտավոր ենք բոլոր կոմպոնենտները ունենալ: Առանց դրա, ուզում եք դուք ամբողջությամբ նվիրված եղեք, ուզում եք՝ լավագույն որակն ապահովեք, տարրական պայմաններ կան, որ պետք է ապահովել»:
Երկրորդ խնդիրը, ըստ ԿԳ նախարարի, որի առջեւ կանգնած են իրենք, հետեւյալն է. «Չենք կարող մենք երկու վիճակ ստեղծել սովորողի համար: Երեխան, որը հնարավորություն չունի ավագ դպրոց գնալու, գնում է միջնակարգ դպրոց, պետք է ունենա նույն հնարավորությունը, ինչ ավագ դպրոցն ունի: Այս արդարության սկզբունքը շատ կարեւոր է: Մենք իրավունք չունենք ասել՝ քանի որ այս երեխան Բերդից է, Տավուշի միջնակարգ դպրոցում է սովորում, ինքը չունի նույն հնարավորությունները, ինչ ասենք, Իջեւանի ավագ դպրոցի երեխան: Այս իմաստով կարիք ունենք 10, 11, 12-րդ դասարանների համալիր բարեփոխման եւ դրա մեջ գերազանցության կենտրոնների վերստեղծման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ