Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգլանդը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից». Արման Մելիքյան

Օգոստոս 24,2017 15:54

«Պարոն Հոգլանդի հրաժեշտի այս ուղերձը բավականին ուշագրավ է հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ռուս և ադրբեջանցի տարատեսակ պաշտոնյաների, քաղաքական գործիչների ու վերլուծաբանների կողմից ներդրվող «տարածքներ ոչնչի դիմաց» բանաձևի ի հայտ գալու համատեքստում»,-Aravot.am-ի հարցին` ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով առաջարկած 6 կետերը  արդյոք չէի՞ն ամրագրված մադրիդյան սկզբունքներում. այս առումով արդյոք նորությո՞ւն էր նախկին համանախագահի առաջարկը, այսպես պատասխանեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Ըստ նրա` քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձներ է պարունակում, և տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, Մադրիդյան սկզբունքների տառին և ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին անգամ ոչ թե նախկին ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց: Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց:

Մեր մյուս հարցին` հատկապես այս փուլում, երբ ընթանում են ակտիվ հանդիպումներ` Պուտին-Սարգսյան, առաջիկայում նաև Ալիև-Սարգսյան ձևաչափով, այս հայտարարությունը չի՞ վնասում այդ բանակցություններին և կարգավորման գործընթացին, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Քանի դեռ Հայաստանի գործող իշխանությունները ընդունակ չեն կամ էլ հրաժարվում են մեր ազգային շահերն ապահովող արդյունավետ քաղաքականություն մշակել ու իրականացնել, կարգավորման շուրջ ցանկացած ձևաչափով ու կազմով վարվող բանակցությունների նպատակը մեկն է լինելու՝ մեր ժողովրդին կապիտուլյացիա պարտադրելը: Ոչ Մադրիդյան սկզբունքները և ոչ էլ, առավել ևս, «տարածքներ ոչնչի դիմաց» բանաձևը մեր ազգային շահերի ապահովման, միջազգային իրավունքի համարժեք կիրառման կամ տարրական արդարության հաստատման հետ նվազագույն առնչությունը չունեն ու տևական խաղաղություն հաստատելու որևէ պոտենցիալից զուրկ են: Ստեղծված իրավիճակում չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է պարոն Հոգլանդի կամ որևէ մեկ ուրիշի հայտարարությունը վնասել այսօրինակ մի գործընթացի»:

Այն, որ ամերիկացի արդեն նախկին համանախագահը խոսում է շրջանների վերադարձի մասին սա արդյո՞ք մեր դիվանագիտության բացթողումների արդյունք չէ, Արման Մելիքյանը պատասխանեց. «Սա ոչ թե պարզ ու անմեղ դիվանագիտական կամ քաղաքական բացթողում է, այլ մեզ համար ճակատագրական մասնագիտական անգործունակության արդյունք. հետխորհրդային Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը երբևէ չի հրահանգել որևէ մասնագիտացված կառույցի կամ օղակի գոնե տեսական մակարդակում այլընտրանքային քաղաքական գիծ նախապատրաստել, ուր մնաց թե լուրջ և բազմակողմանի մասնագիտական մշակումներ իրականացնել»:

Իսկ թե այս հայտարարությունից հետո հնարավո՞ր է կրկին բանակցային սեղանի վրա դրվի Լավրովի պլանը, և հետևաբար ինչպիսի՞ն պիտի լինի պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի արձագանքը, պարոն Մելիքյանը կարծիք հայտնեց, թե պաշտոնական Բաքվի համար այժմ արդիական է միայն «տարածքներ ոչնչի դիմաց» բանաձևը, և այն մարդիկ, ովքեր այսօր Ստեփանակերտում կամ Երևանում ի պաշտոնե պարտավոր են քաղաքական որոշումներ ընդունել, պետք է շատ լավ գիտակցեն նշված համատեքստում իրենց առաջիկա գործողություններից բխող պատասխանատվության չափը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031