Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույն ձեւով Հոգլանդը հոլիվուդյան սցենարներ կարող էր գրել». Թեւան Պողոսյան

Օգոստոս 24,2017 15:34

«Մենք գիտենք, որ գոյություն ունի ԱՄՆ-ՌԴ առճակատում: Եվ քանի որ հանդիպում է տեղի ունենալու Պուտին-Սերժ Սարգսյան, որտեղ հայտարարվել է, որ պետք է լինի նաեւ Ղարաբաղի հարցի լուծման քննարկում, հասկանալի է, որ միգուցե ամերիկյան կողմը որեւէ բանի չի տիրապետել եւ ինչ են անում՝ բաց են թողնում մի հատ տեքստ, որը 5-6 տարի առնվազն տարբեր ձեւերով պտտվում է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ ասաց 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:

Նա ասաց, որ ամերիկյան շահն է թելադրել, որ այսօր Հոգլանդը պետք է այդպիսի հայտարարություն անի, մենք պետք է խելոք լինենք եւ գիտակցենք, որ այդ խնդիրները միգուցե մեզ չեն վերաբերվում:

Ըստ նրա, այն տեքստերը, որոնք հրապարակվում են, դրանք կարելի է համարել մեռած. «Մինչեւ հիմա հրապարակված բոլոր փաստաթղթերը՝ փուլային տարբերակ, փաթեթային տարբերակ, մադրիդյան սկզբունքներ եւ այլն, երբ որ հրապարակվել են, դրանից հետո հանրությունն իր կարծիքն ասում է եւ վերջ, բոլորը գիտեն: Մենք գիտենք, որ իրականում Ղարաբաղյան բանակցային գործընթացի շուրջ կա իրականությանը համապատասխանող մեկ երեւույթ, այն է, որ պետք է վստահության մեխանիզմներ լինեն Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնության վրա, որից հետո կլինեն բանակցություններ: Հիմա բանակցությունները չեն եղել, Հոգլանդը ինչ-որ տեքստ է հրապարակում, դա միգուցե Հոգլանդի պատկերացումն է: Նույն ձեւով Հոգլանդը հոլիվուդյան սցենարներ կարող էր գրել: Հոգլանդը մեկ տարի առաջ պատկերացրե՞լ է, որ ապրիլյան ագրեսիա է լինելու Ադրբեջանի կողմից, իսկ ինքը վստա՞հ է, որ մեկ տարի հետո նորից չի լինելու ագրեսիա, երբ որ չկան վստահության մեխանիզմներ, ինչի՞ մասին ենք մենք խոսում: Ընդամենը մի խնդիր են բերել, որ ասեն՝ մենք էլ կանք»:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ Հոգլանդի հրապարակած տեքստում մի քանի տեղ վստահություն բառն է եւ հարց է առաջանում՝ ի՞նչ վստահության մասին է խոսքը. «Ունե՞նք մենք այսօր վստահություն հակառակորդի նկատմամբ, կարելի՞ է այսօր Ադրբեջանի հետ որեւէ բան պայմանավորվել, միեւնույն է, ինչ էլ լինի, այդ փաստաթղթերը կյանքի չեն կոչվում»:

Ըստ Թեւան Պողոսյանի, մենք չպետք է ինքներս մեզ խաբենք եւ պատրաստ չլինենք երկարատեւ սերունդների պայքարի. «Մյուս կողմը դեռ պատրաստ չի, ես չեմ իմանում ինչպիսի՞ բանաձեւ պետք է լինի, որ մյուս կողմի սերունդը պատրաստ լինի այնպիսի քայլեր ձեռնարկել, որ մենք ունենանք վստահություն: Ամեն օր իրենք ներշնչում են, որ մենք իրենց թշնամիներն ենք, որ բոլոր հայերը աշխարհի թշնամիներն են, իրենց պետք է կոտորել, մորթել, բռնաբարել, ջնջել»:

Պարոն Պողոսյանը նշեց, որ Հոգլանդի հայտարարությունը դժգոհության ալիք բարձրացրեց, որը կար հասարակության մեջ. «Հոգլանդին պետք է ասել, որ ոչ առաջին համանախագահն ես, ոչ էլ վերջինը կլինես, այնպես որ՝ զբաղվեք ձեր մտավարժություններով: Երբ որ դու կգաս ու կասես՝ այնպիսի քայլեր ենք անելու, որ հանրությունում ժողովրդավարությունը զարգանա, վստահությունը զարգանա, հանրությունները կարողանան իրար հետ պայմանավորվեն եւ ապրեն…մենք նույնիսկ հիմա հանրային դիվանագիտություն չենք կարողանում ադրբեջանական կողմի հետ անել, ուր մնաց այլ մակարդակի պայմանավորվածություններ: Ադրբեջանական կողմն այդ զենքերը, որ առել է, ի՞նչ է անելու, տանելու է հե՞տ տա»:

Մեր դիտարկմանը, որ Հոգլանդի հայտարարությունից հետո, հատկապես այն կետը նկատի ունենալով, թե Ադրբեջանի գրավյալ տարածքները պետք է հետ վերադարձվեն, մարդիկ հիշում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ տղա եք, մի տվեք, այնպիսի տպավորություն է, որ հողերն ուզում են, մենք էլ պիտի տանք՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Երբ որ ամեն օր բոլորս նաեւ ստանում ենք տեղեկություն Արցախից, թե ինչ ներդրումներ են արվում, շինարարություն, կահավորում առաջնագծում, մեկ էլ ինչ-որ մեկը ԱՄՆ-ում նստած մի հատ թուղթ է կարդում ու մենք դատարկ տեղը սկսում ենք իրար հետ վիճել: Երբ որ ասում են տղա եք՝ մի տվեք, իսկ այսօր ինչ-որ մեկն եկել ասել է տվե՞ք: Մյուս կողմը գալի՞ս է բանակցությունների սեղանի շուրջ, ո՞ւմ հետ ենք գնալու պայմանավորվենք մեր տալը կամ չտալը»:

Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ Վիեննայում հանդիպման քավորը եղել է ամերիկյան կողմը, «Բա դու տարել ես, համաձայնեցրել ես, կազմակերպել ես, PR ես արել, որ տեսեք ամերիկյան դիվանագիտությունը ինչի հասավ, դե հետապնդեք ձեր շահերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031