Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարություն կներկայացվեն ոռոգելի հողատարածքներն ավելացնելու վերաբերյալ առաջարկություններ

Օգոստոս 24,2017 15:28

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Անդրադառնալով ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացմանը՝ վարչապետը նշել է. «Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որդեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»:

Ելնելով վերոնշյալից կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարներին և ՀՀ մարզպետներին 1-ամսյա ժամկետում Ջրային տնտեսության պետական կոմիտեին տրամադրել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ անհրաժեշտ նյութեր, տվյալներ և տեղեկատվություն՝ ըստ պատկանելության:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է սահմանված տեղեկատվությունն ստանալուն պես 2-ամսյա ժամկետում ոլորտի շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմ ներկայացնել ոռոգելի հողատարածքների ավելացման վերաբերյալ առաջարկություն՝ նախատեսելով համապատասխան միջոցառումների ժամանակացույց:

«Մենք այստեղ շատ անելիք ունենք: Իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, ապագա չեն ունենա, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք», – ասել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով խիստ հսկողություն իրականացնել:

Կառավարությունը նախատեսում է նվազ նշանակությամբ իրավախախտումների դեպքում տուգանքի փոխարեն նախազգուշացում կիրառել

Վարչապետի երկրորդ հանձնարարականը նվազ նշանակության հարկային իրավախախտումների համար նախազգուշացման սահմանման վերաբերյալ էր: «Փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին: Նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված է տուգանքի նվազագույն և առավելագույն չափ, սակայն դրանց որոշման օրենսդրական հիմքերը բացակայում են, ինչը թույլ է տալիս կիրառող մարմնին ցուցաբերել հայեցողական մոտեցում: Միաժամանակ նման իրավախախտումներն իրենց բնույթով նվազ նշանակության են, որի պարագայում առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարող է կիրառվել նախազգուշացում, սակայն ներկայումս նման հնարավորություն օրենսդրությամբ նախատեսված չէ», – նշել է գործադիրի ղեկավարը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսվարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ:

Հավանության է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը

Գործադիրը հավանություն է տվել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին: Ըստ հիմնավորման, հանքարդյունաբերությունը ՀՀ արդյունաբերության կարևոր ոլորտներից է, սակայն դեռևս չունի հստակ քաղաքականություն և ռազմավարություն՝ կոնկրետ գործողություններ իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների լուծման և կայուն զարգացումն ապահովելու համար: Ուստի, որպես առաջնային լուծում, առաջարկվում է մշակել հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարություն՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքների հիման վրա էլ կմշակվի ռազմավարական փաստաթուղթը՝ ներկայացնելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումներ ապահովելու համար միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները:

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման կհանձնվի «Տաշիր Կապիտալ»-ին

 Գործադիրն ընդունել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Հիմնավորման համաձայն, «ԲԷՑ» ՓԲԸ-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից: Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ: «Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ»-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով: Փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար:

Պետպատվերի շրջանակում կիրականացվեն կատարակտի լրացուցիչ վիրահատություններ

Գործադիրը հավանություն է տվել Կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թթ. միջոցառումների ծրագրին: Արդյունքում պետպատվերի շրջանակում կիրականացվի լրացուցիչ շուրջ 3000 վիրահատություն: Ծրագրով նախատեսվում է կատարակտի վիրահատության (ներառյալ ոսպնյակի արժեքը) ծառայություն մատուցել 60 տարեկան և ավելի բարձր տարիքի նախատեսված շահառուներին, տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում: Շահառուների շրջանակը սահմանելիս հաշվի է առնվել, մասնավորապես, այն հանգամանքը, որ կատարակտը համարվում է տարիքային հիվանդություն և, ըստ ԱՀԿ տվյալների, հիվանդների շուրջ 82 տոկոսը պատկանում է հենց այս տարիքային խմբին: Շահառուների խմբում ընդգրկվել են նաև մանկավարժական աշխատողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, ովքեր չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառու: Վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կատարակտը մեծ տեսակարար կշիռ է կազմում նախկինում մանկավարժական գործունեություն իրականացրած, մշակույթի, առողջապահական ոլորտների աշխատակիցների մոտ: Ցանկում ներառվել են նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0» միավորից մինչև 30.00-ը ներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ, ովքեր չունեն անհրաժեշտ բժշկական օգնությունից օգտվելու արտոնություններ: Այս անձինք ևս ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենան խուսափելու կուրությունից: Շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվելու է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կամ մշտական գործող հանձնաժողովների կողմից, իսկ կատարակտի վիրահատության ուղեգիր տրամադրվելու է տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:

ՀՀ-ում բժշկական օգնության, սպասարկման ընթացքում փաստաթղթաշրջանառությունը պարզեցնելու և էլեկտրոնային առողջապահական համակարգի աստիճանական ներդրումն ապահովելու նպատակով գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ներկայումս բժշկական հաստատություններում թղթային տարբերակով լրացվում են լիցենզավորող մարմնի սահմանած բժշկական օգնության և սպասարկման իրականացման վերաբերյալ մի շարք տվյալներ: Որոշման նպատակն է սահմանել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանն ուղղված դրույթներ հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգերում` ապահովելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս ավելի արագ և պարզ ընթացակարգ:

Առողջապահության ոլորտին վերաբերող մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ծրագրերից տնտեսված միջոցներն ուղղել հեմոդիալիզի ծառայությունների իրականացմանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պահպանման համար «Կապի ծառայություններ» տնտեսագիտական հոդվածով հատկացված միջոցների արդյունավետ օգտագործմանը:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, ըստ որի ակնկալվում է ունենալ հաստատված մեկ փաստաթուղթ` հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ:

Կլուծվի Արթիկ համայնքի վթարային շենքի բնակիչների բնակարանային խնդիրը

Գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոցի քանդման ենթակա վթարային թիվ 13 շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար գումար հատկացնել մարզպետարանին: Բնակվելու համար վտանգավոր դարձած այդ շենքի թվով 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սահմանված ժամկետում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների և այլ միջոցառումների կատարման համար: Մասնավորապես, գումար կհատկացվի «Դիլիջան» ազգային պարկին՝ երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ սա պահպանումը մասնավոր ընկերությանը պատվիրելու առաջին փորձն է: «Իրավապահ բոլոր մարմիններն զգուշացված են, Դիլիջանում հատուկ հսկողություն ենք սահմանում: Պետք է մոնիթորինգ իրականացնենք, պիլոտային այս ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»,-ասել է վարչապետը:

 Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները լուծելու նպատակով

 Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ մարզերում հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ մարզպետարաններին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 11,865.0 հազ. դրամ գումար՝ դպրոցաշինության, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում կապիտալ և սոցիալական բնույթի ծրագրերի իրականացման նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ճանապարհների վերանորոգման համար: Հիմնավորման համաձայն, Վանաձոր քաղաքի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում:

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Գործադիրի որոշմամբ բավարարվել է «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Արդեն իսկ իրականացվել է 250 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է՝ ևս 280 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 15 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 100 մլն ՀՀ դրամ, որից 85 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 15 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։ Վարչապետը հանձնարարել է ամսվա վերջ ամփոփել, թե այս տարվա ընթացքում քանի ձեռնարկության է արտոնություն տրամադրվել և այլն:

Կստեղծվի Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն

Կառավարությունն ընդունել է «Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Կենտրոնի գործունեության նպատակը կլինի նպաստել Հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն: Արդյունքում ակնկալվում է ավելացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ՀՀ-ում գիտական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և առանձին գիտնականների մասնակցության ծավալները, զարգացնել «Հորիզոն 2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում համագործակցությունը:

Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են մի քանի որոշումներ՝ մի շարք դպրոցներ վերակազմակերպելու վերաբերյալ: Մասնավորապես, նախատեսվում է վերակազմակերպել Վ. Դավթյանի անվան N 149, Գ. Զոհրապի անվան N 43, Արթիկի N 7 ավագ դպրոցները, Երևանի կույրերի երեկոյան միջնակարգ դպրոցը, Գյումրու «Բալատոն» ավագ, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցներ և այլ հաստատություններ: Որոշումներն ընդունվել են դպրոցների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետբյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը: Անդրադառնալով դպրոցների օպտիմալացման գործընթացին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ունենք շատ մեծ տատանում մի աշակերտի ծախսի վերաբերյալ: Պարզվել է նաև, որ դպրոցների զբաղվածությունը, ծանրաբեռնվածությունը շատ խիստ տարբերվում են: Այդ պարագայում հաստատուն ծախսերը՝ տաքացման և այլն, կտրուկ աճում են, իսկ կրթության որակը դրանից չի շահում: Օպտիմալացման գերխնդիրը ոչ միայն ծախսերի արդյունավետ կառավարումն է, այլ որակյալ կրթության ապահովումը»:

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հայտնել է նաև, որ գործընթացի արդյունքում ազատված շենքերն ու տարածքները հիմնականում օգտագործվելու են կրթագիտական նպատակների համար:

 Բարձրացվելու է մարզադպրոցների կառավարման և գործունեության արդյունավետությունը

Կառավարությունը հաստատել է Մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի նպատակն է ապահովել համապատասխան բնագավառում միասնականությունը և բարձրացնել կառավարման, գործունեության արդյունավետությունը: Հիմնավորման համաձայն, հանրապետությունում մարզական հերթափոխի պատրաստումն իրականացնում են տարբեր գերատեսչական պատկանելության 175 մանկապատանեկան մարզադպրոցները և Երևանի ու Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջները: Հաշվի առնելով ֆիզիկական կուլտուրա առարկայի դերակատարումը մատաղ սերնդի առողջության պահպանման և ամրապնդման գործում, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մարզական գույքի պահանջարկը՝ մարզական ուսումնական գործընթացն առավելագույնս արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջացել նախ մշակել միասնական ուսումնական ծրագրեր, ինչպես նաև մարզադահլիճներն ապահովել ժամանակակից մարզական գույքով: Սպորտի հիմնախնդիրներից է 18 տարեկանից բարձր տարիքի հեռանկարային մարզիկների պարապմունքների կազմակերպումը մանկապատանեկան մարզադպրոցներում, որը կլուծվի բարձրագույն վարպետության դպրոցների ստեղծմամբ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրի հավանությանն է արժանացել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման ազգային ծրագիրն ու ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածումը՝ դրա մեջ ընդգրկելով բնակչության տարբեր տարիքային խմբերի: Արդյունքում նախատեսվում է բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, ձևավորել ֆիզիկական կուլտուրայով, սպորտով գիտակցաբար զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու պահանջը:

Այլ որոշումներ

 ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը սահմանել է հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու դեպքում վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգն ու ժամկետները: Խնդիրն այն է, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որով ուժը կորցրած է ճանաչվելու «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են վերոնշյալ գումարները փոխհատուցելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Արդյունքում ակնկալվում է կարգավորել այդ գործընթացն իրականացնելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես գումարների փոխհատուցման համար սահմանվել է 3 օր:

Գործադիրի որոշմամբ փոփոխություն է կատարվել 2017 թ. հունվարի 15-ի «ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման մեջ: Արդյունքում պետական մարմինների կողմից այս տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումներն ու գերակա խնդիրներն ամբողջովին համապատասխանեցվել են ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրով որդեգրած քաղաքականությանը:

ՀՀ կառավարության նախկինում ընդունած որոշմամբ նախատեսվել էր ՀՀ անունից ձեռք բերել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» փակ բաժնետիրական ընկերությանը` տարածքում հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի և սարքավորումների արտադրության համար գործարան կառուցելու նպատակով: Կառավարությունը փոփոխություններ է կատարել այդ որոշման մեջ՝ հստակեցնելով ներդրման պայմանները:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031