Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԼ-76-ին չենք վճարել

Օգոստոս 24,2017 15:20

Ռուսական ինքնաթիռը, որն օգնության հասավ Արտավանի եւ Խոսրովի արգելոց հրդեհը մարելու նպատակով, իր ծառայություններն անվճար է մատուցել: Այսօր կառավարությունում ասաց ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա, հայկական կողմը որոշ ապահովման ծախսեր է միայն կատարել: Հարցին՝ պարգեւատրե՞լ են օր ու գիշեր աշխատող փրկարարներին ու հրշեջներին, պարոն Տոնոյանն ասաց` դեռ ոչ, սակայն սեպտեմբերի 4-ին` ԱԻՆ օրվա առիթով անպայման պարգեւներ կլինեն:

Ասուլիսին ներկա բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանեց սոցցանցերում, հասարակության շրջանում տարածված այն խոսակցություններին, որ Խոսրովի արգելոցում կարող է հանք շահագործվել կամ արգելոցը բիզնես նպատակով օգտագործվել:
«Ոչ, նման բան չի կարող լինել: Բացառվում է Խոսրովի արգելոցի տարածքում որեւէ այլ գործողություն»,-ասաց պարոն Մինասյանը` հայտնելով, որ արդեն բանակցություններ են գնում այդ տարածքներում բջջային կապ, ջրագծեր, ջրի ամբարման կետեր հիմնադրելու ուղղությամբ, որպեսզի այսպիսի արտակարգ իրավիճակներում կորուստները հնարավորինս նվազագույնի հասցվեն:

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն էլ ասաց, որ

Վայոց ձորի անտառտնտեսության կարգավիճակը թույլ է տալիս, որպեսզի հետագայում անտառվերականգնողական աշխատանքներ իրականացվեն:

Դավիթ Տոնոյանի խոսքով, այդ ամենից արդեն որոշ եզրակացություններ արվել են եւ ներկայացվել է հանրապետության նախագահին ու վարչապետին` տեխնիկական հագեցվածությունը բարձրացնելու: Թե ինչու ուշ կանչեցին ինքնաթիռը, պարոն Տոնոյանն ասաց, որ սկզբում իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրել, բայց, երբ սկսել են այրվել անտառները, այլ ոչ թե խոտածածկը, միանգամից դիմել են:

Ըստ ԱԻՆ նախարարի, անտառների շիջման տեխնիկական հագեցվածությունն այլ է, քաղաքում հրդեհների մարման մարտավարությունն` այլ. «Այն, ինչ մենք ունեինք, օգտագործվել է ամբողջովին, ծավալը մեծ է եղել, գրեթե անհաղթահարելի, դիմել ենք ռուսաստանյան մեր գործընկերներին»:

Ըստ արբանյակային տվյալների, Խոսրովի արգելոցի տարածքը 1600 հեկտար է, որից վնասվել է 250 հեկտար անտառածած տարածք: Նախարարների խոսքով, այս թիվը, սակայն, վերջնական չէ եւ կորստի չափը պարզ կլինի մի քանի աղբյուրի թվերը համադրելով:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ եղել են առանձին կղզյակներ, որտեղ վնասը շատ մեծ չի եղել եւ այդ հատվածում անտառը վերականգնվող է. «Ընդ որում՝ այս կղզյակները հնարավորություն են տվել նաեւ կենդանական աշխարհին պատսպարվելու համար եւ առաջիկայում ավելի մանրամասն կճշտվեն կենդանական եւ բուսական աշխարհի վնասի չափը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031