Երվանդ Վարոսյանը՝ Արա Զոհրաբյանին
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ (նախագահի թեկնածուն մեկն է՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը) մի խումբ փաստաբանների եւ պալատի նախագահի միջեւ հեռակա «փոխհարձգություն է»:
«Սասնա ծռերի» գործով դատավարությունների ժամանակ, մինչ նիստերի դահլիճ մտնելը փաստաբանները խուզարկվում են: Սա առաջացրել է պաշտպանների վրդովմունքը, նրանք պնդում են, որ այդ խուզարկություններն ապօրինի են: Բացի այս, փաստաբանները պնդում են, որ հետապնդման են ենթարկվում: Որոշ փաստաբանների նկատմամբ ՓՊ-ն կարգապահական վարույթ է հարուցել:
«Քաղաքացիական համերաշխության պլատֆորմ» միջազգային հասարակական կազմակերպությունն էլ քննադատել էր ՓՊ-ի դիրքորոշումը, իսկ ՓՊ-ն էլ կոշտ հակադարձել էր հ/կ-ի հայտարարությանը, նշելով՝ հ/կ-ի կոչն իրավաչափ չէ, եւ կարող է գնահատվել որպես միջամտություն անկախ եւ ինքնակառավարվող ՀՀ փաստաբանների պալատի գործունեությանը:
Իսկ փաստաբան Լուսինե Սահակյանն էլ հայտարարել էր՝ «Փաստաբանների պալատը իշխանության պատվերն է կատարում»:
Օրերս էլ Արա Զոհրաբյանը civilnet.am-ին տված հարցազրույցում մի ուշագրավ ակնարկ արեց. «Այստեղ փաստաբանների պալատին թիրախավորելու միտում կա եւ այդ միտումը գալիս է ոչ թե կոնկրետ փաստաբանից, այլ ավելի վերեւից: Մասնավորապես, մեր մոնիտորինիգի տվյալները ցույց են տալիս, որ մի քանի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի կապված են կամ կապված չեն «ՊանԱրմենիա մեդիա գրուպի» հետ, կոնկրետ թիրախավորել են ՓՊ-ն, իսկ մենք գիտենք ով է «ՊանԱրմենիանի» այսպես ասած՝ վարողը եւ օրինակ՝ 1in.am, news.am, «Արմենիա» հեռուստաընկերությունը: Ես այս միտումն եմ արձանագրել, եւ ինձ համար տեսանելի է, թե՝ որտեղից է գալիս այս ծուխը: Բայց ի տարբերություն շատ սուբյեկտների, փաստաբանները պայքարող են, եւ մենք համարժեք հակահարված ենք տալու, ով ուզում է լինի, ինչ պաշտոն ուզում է զբաղեցնի, մենք մեր հակահարվածը տալու ենք»:
Թե ի՞նչ կապ ունեն նշված հոլդինգի հետ այդ լրատվամիջոցներին հարցազրույցներ տված փաստաբանները, «Առավոտի» այս հարցին ի պատասխան փաստաբան Երվանդ Վարոսյանը զարմացավ՝ «Իսկ ո՞ւմ են պատկանում այդ կայքերը»: Ապա Վարոսյանը վստահեցրեց՝ «Լրատվական դաշտի համար մենք միշտ բաց ենք եղել ու միշտ բաց ենք լինելու: Բոլորի հետ հաղորդակցվում ենք ուղիղ, առանց գրավոր գրագրությամբ կամ տարատեսակ խոսնակների: Ով հարց է տալիս՝ մենք մեծ սիրով պատասխանում ենք: Թե որ կայքն՝ ում է պատկանում, երբ ինձ զանգում են մեկնաբնության համար, ինձ համար հետաքրքիր չէ, ինձ հետաքրքրում է ճշմարտությունը բացահայտվի եւ հասանելի լինի բոլորին: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Արա Զոհրաբյանը կենտրոնացել այդ կայքերի վրա, երբ հավասարապես այլ կայքերում էլ մեր մեկնաբանությունները կան: Ինքն ընտրել է պարզ աճպարարության ճանապարհը, հայտնի գրպանահատի տակտիկան, որը գողություն անելուն զուգահեռ գոռում է՝ բռնեք գողին: Զոհրաբյանը ցանկացած սուր իրավիճակներում նույն օրը հայտնվում է 3-4 հեռուստաընկերություններում. հարց՝ արդյոք դրանք այնքան անկախ են են, որ մի հատ էլ ուզում են սատարել չակերտավոր անկախ փաստաբանների պալատի նախագահին: Ինձ որեւէ հեռուստաընկերություն երբեք չի հրավիրել, չնայած որ Զոհրաբյանը իմ հասցեին շատ լուտանքներ է տեղացել տարբեր հեռուստաընկերությունների եթերներից»:
Վարոսյանը հայտարարեց՝ դատական համակարգը սպասարկում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի շահերը՝ փաստաբաբների հետ վեճերում. «Բազմաթիվ ակնհայտ ապօրինի կարգապահական վարույթները փաստաբանները բողոքարկել են դատարաններում, հայցեր են ներկայացրել, որեւէ մեկը չի հաղթել, եւ չի հաղթելու, քանի դեռ Արման Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է: Ակնհայտ ապօրինի կարգապահական վարույթները բազմաթիվ են եղել, եւ խոսքը միայն իմ ու Լուսինե Սահակյանի մասին չէ: Բազմաթիվ այլ փաստաբանների նկատմամբ է կիրառվել, բայց չեն բարձրաձայնվել: Չկա մի դեպք, որ փաստաբանի բողոքը դատարանն, այսպես ասած՝ լսած լինի, դա բացառված է, եւ դա մի քանի տեղ հայտարարվել է, որ չի լինելու նման դեպք»:
Վարոսյանը Զոհրաբյանին մեղադրում է 1 տարի առաջ արդարադատության նախարարության հետ համապատասխան փաստաթուղթը ստորագրելու համար, դրանով, ըստ Վարոսյանի, Զոհրաբյանը օրինականացրեց ապօրինի խուզարկությունները, որոնց ենթարկվում են փաստաբանները մտնելով քրեակատարողական հիմնարկներ. «Բայց ի վերջո այն փաստաբանները, որոնք իրենց իրավունքները փորձում էին պաշտպանել, հաջողեցին ու այսօր առանց ապօրինի խուզարկության կարողանում են մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ»:
Վարոսյանը նաեւ հիշեցրեց դատական դեպարտամենտի հետ ՓՊ նախագահի ստորագրած մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի, ինչպես Վարոսյանն ասաց. «Զոհրաբյանն ավելի բարձր է բղավում քան դեպարտամենտի անդամները, որ դա խուզարկություն չէ, դա ընդամենը զննություն է: Եւ այս ամենը համակարգված դիտարկելու պարագայում, է՛լ պետք չէ հավելյալ մեկնաբանել, թե՝ ծուխը որտեղից է, որ քամին է: Հավելեմ՝ եթե Զոհրաբյանը իրոք տեսնում է ծուխը, ապա կան համապատասխան մասնագետներ, որոնք մասնագիտացված են նման դեպքերի համար»:
Մի խումբ փաստաբանների՝ նոր ՓՊ ստեղծելու մասին, Արա Զոհրաբյանը նույն լրատվամիջոցին ասել էր. «Իզուր չեն այս խոսակցությունները՝ ՓՊ-ն պետք է պառակտենք, պետք է լինեն մի քանի պալատներ, նմանատիպ սպառնալիքներ եղել են տարիներ առաջ էլ: Այն ժամանակ պետական ատյաններից սպառնում էին, թե՝ մի աղմկեք այդ նախագծի դեմ, թե չէ մի քանի ՓՊ կստեղծենք: Հիմա փաստաբաններն են այդ հարցը բարձրացնում: Հիմա ես չգիտեմ՝ այդ փաստաբաններն ուղղորդվում են որոշ պետական տրամադրությունների ազդեցության տակ, թե՝ իրոք ինքնաբուխ են, չեն կարողանում իրենց տեղը գտնել, առաջ արտոնություններից էին օգտվում, հիմա չկա, ու «դիսկամֆորտի» մեջ են: Այս ալեկոծությունները պատահական չեն»:
Այս առնչությամբ Վարոսյանը վստահեցրեց՝ երբեք որեւէ արտոնությունից չի օգտվել. «Թող ասի՝ այդ ի՞նչ արտոնություն է, գուցե իրեն դատի տալու առիթ է»: Ըստ Վարոսյանի, տարիներ առաջ փաստաբաններով ՓՊ-ի նախագահի հետ միասին պայքարում էին հանուն փաստաբանության, եւ միշտ պայքարելու են. «Բայց ով որ շեղվել է ճանապարհից ու գնացել է հանրային պաշտպանի գրասենյակի ավտոմեքենան որպես իրեն ծառայողական ավտոմեքենա բանեցնելու ուղիով, թող ինքը մտածի՝ ինքն ո՞ւր է գնացել»:
Ինչ վերաբերում է Արա Զոհրաբյանի հասցեին հնչեցրած՝ «իշխանության պատվերն է կատարում» հայտարարություններին, ապա Երվանդ Վարոսյանն այսպես արձագանքեց. «Ում պատվերն է անում՝ ժամանակը ցույց կտա: Մեզ չի հետաքրքրում սա, մեզ հետաքրքրում է այլ բան՝ երբ ինքը փաստաբանությունը տանում է այն ուղղությամբ, որ ուղղությամբ ձեռնտու է դատական դեպարտամենտին, արդարադատության նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը, երբ պատրաստ է մի ամբողջ եթեր նվիրել Արման Մկրտումյանի գովքն անելուն, այստեղ հարցեր են առաջանում: Մկրտումյանի գովքը մի ամբողջ կառույց կա, որ անի, նրա կարիքը չկա: Իսկ երբ մենք ասում ենք՝ իշխանական որոշ օղակների, պետական որոշ կառույցներին զոհ է տանում ՓՊ-ն, ապա կոնկրետ կառույց նկատի ունենք՝ Վճռաբեկ դատարան, դատական դեպարտամենտ, արդարադատության նախարարություն: Սրանք իշխանություն են»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
24.08.2017